Ուզո՞ւմ ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որ ԵԽ ԽՎ-ն վերջապես բռունցքը խփի սեղանին եւ զրկի Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից: «Այո՛»,- կպատասխանեն շատերը, ում արդեն հասցրել է ձանձրացնել Հայաստանի իշխանությունների անտրամաբանական մանրախնդրությունն ու արհամարհանքը թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ եվրոպական կառույցների հանդեպ: Ոմանց համար Հայաստանի միջազգային վարկը գուցե ավելին է, քան իշխանությունների ամենաթողությունը, եւ նրանց համար նման ոչ բարենպաստ վճիռն ամենեւին ցանկալի չէ: Սակայն ենթադրում ենք, որ կա նաեւ մարդկանց ոչ մեծ մի խումբ, ում համար միեւնույն է՝ կզրկե՞ն մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից, թե՞ ոչ: Եվ այդ մարդկանցից շատերը զբաղեցնում են ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ-ի, Գլխավոր դատախազության շենքերը: Նրանք էլ, հավանաբար, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ, վստահ են, որ եթե Եվրոպան այնքան խելամիտ չգտնվի եւ հանդգնի զրկել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից, ապա Հայաստանը կգտնի այլընտրանք եւ հայացքը կուղղի դեպի… իսլամական կազմակերպություններ:
Ոչ նույնչափ, սակայն հետաքրքիր էր նաեւ Արամ Գասպարի Սարգսյանի արձագանքը՝ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի գնահատականների մասին: Այո՛, նշում է պարոն Սարգսյանը, ինքը չի ցանկանում, որ անմեղ մարդիկ հայտնվեն անազատության մեջ, սակայն չի հասկանում նաեւ, թե ինչո՞ւ է եվրոպացի պաշտոնյան (տվյալ դեպքում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը) մտնում մեր դատական համակարգ եւ պարտադրում իր տեսակետը՝ իբր, մարտի 1-ի գործով ձերբակալվածները ոչ թե քրեական հանցագործներ են, այլ քաղաքական բանտարկյալներ. դա պետք է որոշի դատարանը:
Քանի որ պարոն Արամ Գասպարի Սարգսյանը, բարեբախտաբար, եւ ոչ մի օր անազատության մեջ չի եղել, իրավապահների կողմից չի խոշտանգվել, նվաստացվել եւ թերեւս առիթ չի ունեցել լսելու, որ մեր դատական համակարգը կոռումպացված է ամբողջությամբ եւ արդար վճիռ կայացնելու կամք երբեւէ չի ունեցել: Քանի անմեղ մարդ է այսօր մեր կալանավայրերում անազատության մեջ, քանիսն են տարիներով, ամիսներով պահվում մեկուսարաններում, իսկ հետո մի օր պարզվում է, որ նրանց ձերբակալելու կամ մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ չունեն, ինչպես եղավ «Մարտի մեկի գործով» կալանավորված Կարապետ Ռուբինյանի, Արարատ Զուրաբյանի, Գուրգեն Եղիազարյանի եւ Արամ Զավենի Սարգսյանի դեպքում:
Իշխանությունների համար այս դեպքում մտահոգիչ պիտի լինի ոչ այնքան մեր պատվիրակության ձայնի իրավունքի հարցը, այլ այն, որ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի առաջարկը, այլ կերպ ասած՝ պատժամիջոցը Հայաստանի նկատմամբ, այս անգամ դժվար թե արժանանա հասարակության լուրջ դժգոհությանը կամ պատճառ դառնա՝ մեղադրել եվրոպացիներին՝ Հայաստանի իշխանությունների հանդեպ ներողամիտ լինելու մեջ: Սա այն դեպքն է, երբ չի աշխատում նաեւ հայրենասիրությունը կամ հայրենասիրության դեֆորմացված տարբերակը, իբր՝ մեր երկրի սպիտակեղենը դուրս հանելը դավաճանություն է: 1609 բանաձեւի պահանջները չկատարելուց հետո մեր իշխանությունների հանդեպ ԵԽ-ն որոշակի ներողամտություն ցուցաբերեց, եւ տրվեց լրացուցիչ ժամկետ՝ ակնկալելով, որ նույնքան ներողամիտ կլինեն նաեւ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքացիների նկատմամբ: Դրան սպասում էր նաեւ հասարակությունը. ներել մարդկանց իրենց չկատարած մեղքերի համար, պիտի որ բարդ չլիներ: Անհրաժեշտ էր պարզապես մի հարմար առիթով, ասենք, Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, համաներում հայտարարել, եւ վերջ: Սակայն նման ժեստը իշխանությունների համար չափազանց սենտիմենտալ թվաց:
Հունվարին ակնկալվում են քայլեր, ինչպես նշեց ՀՀ արտգործնախարարը, որոնք կարող են հնարավորություն տալ խուսափել Հայաստանի համար նման անպատվաբեր որոշումից (թեեւ արժե նկատել, որ պատվախնդրության հարցում մեր իշխանություններն այնքան էլ նախանձախնդիր չեն): Նման քայլերի ընտրությունը մեծ չէ, եթե չասենք, որ մեր պատվիրակության կերկերուն ձայնը ԵԽ ԽՎ-ում չկորցնելու համար բնության մեջ առայժմ կա մեկ տարբերակ՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Ի դեպ, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի առաջարկի կոնտեքստում հետաքրքիր է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի գյուղական ճանապարհների վերանորոգման նպատակով հատկացվելիք յոթ միլիոն դոլարի կասեցումը, այս անգամ արդեն՝ ԱՄՆ-ի կողմից: Հիմնավորումը նույնն է՝ ժողովրդավարության հարցում Հայաստանն իրեն չի արդարացնում: Ըստ մամուլում հայտնված տեղեկատվության՝ ծրագրի կազմակերպիչները վստահ են, որ Հայաստանի հանդեպ նման պատժամիջոցները կսթափեցնեն ժողովրդին: Թեեւ ավելի գրագետ կլիներ սթափեցնել ամենեւին ո՛չ գյուղացիներին: Թե հանրապետության գյուղերի ճանապարհների քարուքանդ վիճակը որքանով կշարունակի նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, դժվար է պատկերացնել: Նրանք, ովքեր եղել են մեր գյուղերում, գիտեն, որ Հայաստանի գյուղերին սպառնում են ոչ միայն 21-րդ հազարամյակի մարտահրավերները, այլեւ մնացել են մարտահրավերներ դեռեւս 18-րդ եւ 19-րդ դարերից: Իսկ ավերված ճանապարհներն ամենեւին չեն կարող սթափեցնել մեր գյուղացիներին եւ նրանց մեջ քաղաքացիական պայքարի ազնիվ ոգի արթնացնել, քանի որ գյուղացիների հիմնական փոխադրամիջոցը, ինչպես մարդկության ստեղծման պահից, շարունակում են մնալ միայն սեփական ոտքերը: Պատժամիջոցի այս ձեւը ընկալելը, խոստովանենք, ավելի բարդ է, քան ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության ձայնն առժամանակ լռեցնելը:
Իսկ թե կզրկե՞ն ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, թե՞ ոչ: Կարծում ենք, կառավարության անդամների՝ հինգշաբթի օրն Օշականի եկեղեցում վառած մոմերը, ջերմեռանդ խաչակնքումներն ու նրանց աղոթքն՝ առ Աստված, նաեւ այդ թեմայով էին: Եվ չի բացառվում, որ նման առաքինի մարդկանց խմբակային աղոթքն ի զորու լինի չեզոքացնել նույնիսկ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հեղինակությանը սպառնացող որոշումը: