Դեկտեմբերի 17-ին Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը կազմակերպել էր կլոր սեղան` նվիրված Ղազախստանի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններին: Միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ եւ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՔԴԵԴ-ի շրջանավարտներ: Ժամանել էր նաեւ պատվիրակություն Ղազախստանի Արտգործնախարարությունից: Կլոր սեղանին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել նաեւ Ղազախստանի պատվիրակությունը` Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլադ Ալիմբաեւի գլխավորությամբ:
«Մի քանի տարիների դժվարություններից հետո մեր պետությունները գտնվում են բարձր տնտեսական աճ ապահովելու ճանապարհին: Կարելի է ասել, որ եկել է ժամանակը ամբողջ ծավալով վերականգնելու հարաբերությունների մակարդակն ու համագործակցությունը,- միջոցառման բացման խոսքում ասաց ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանը` ավելացնելով,- Իհարկե, հայ-ղազախական հարաբերությունները ունեն հարյուրամյակների պատմություն, սակայն այժմ դրանք նոր նշանակություն են ձեռք բերում ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում, որը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ: Ժամանակակից աշխարհը փոխվում է շատ արագ եւ շարունակ դառնում է ավելի փոքր: Այս ամիս Եվրամիությունը Հայաստանն ընդգրկել է արեւելյան համագործակցության նոր ծրագրի մեջ: Սա նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար` Եվրոպային ինտեգրվելու եւ նաեւ` ԱՊՀ երկրների հետ ավելի սերտ համագործակցելու համար»: Ղազախստանի պատվիրակության ղեկավար Ն. Ալիմբաեւը նշեց, որ միջոցառման նպատակը այս տարվա օգոստոսին Ղազախստանում ընդունված «Դեպի Եվրոպա» ծրագրի ներկայացումն է: «Եվրամիությունը բազմաթիվ ծրագրեր ունի նաեւ Կենտրոնական Ասիայի, այդ թվում նաեւ` Ղազախստանի հետ: Նրանց գործընկերության նոր ծրագրի մեջ ներառված է նաեւ Ղազախստանը: Մենք մտադիր ենք ամրապնդել ու զարգացնել մեր հարաբերությունները տարբեր եվրոպական երկրների հետ` ինովացիոն տեխնոլոգիաների, էներգետիկայի, տրանսպորտի, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ոլորտներում, ինչպես նաեւ մեր երկրում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ: Այս կոնտեքստում, վստահ եմ, որ «Դեպի Եվրոպա» ծրագիրը բացում է նոր հորիզոններ ու հեռանկարներ Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների երկկողմանի սերտացման համար»: Ելույթով հանդես եկավ նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով նաեւ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի խորհրդի անդամ է: «Կարծում եմ, որ հարաբերությունների այն մակարդակը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի ու Ղազախստանի միջեւ, չի համապատասխանում այն պոտենցիալին, որ կա եւ կարող է զարգանալ: Սա նաեւ պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ բոլոր պետություններն էլ անցել եւ անցնում են պետության կայացման որոշակի ճանապարհ, այնպես որ, սա օրինաչափ է: Այնուամենայնիվ, դա չի արդարացնում այն, որ մենք մինչեւ վերջ չենք օգտագործել եղած պոտենցիալը»,- նշեց Շ. Քոչարյանը` կարեւորելով նաեւ այն ժամանակը, որ Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները մեծ ջանքեր են գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Դժվար է չհիշել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առաջին փորձերը, որ ձեռնարկեցին Նուրսուլթան Նազարբաեւն ու Բորիս Ելցինը` փորձելով ներկայացնել ինչ-որ մոտեցումներ, որոնք նպաստեցին արդեն գոյություն ունեցող ռազմական գործողությունների դադարեցմանը: Ցավոք սրտի, այդ ժամանակ կողմերը դրան չգնացին, եղավ լայնածավալ պատերազմ` իր բոլոր բացասական հետեւանքներով»,- հիշեց Շ. Քոչարյանը: Նա խոսեց նաեւ այն հիմնական ընդհանրության մասին, որ ունեն Հայաստանը եւ Ղազախստանը: «Կան քաղաքակրթությունների բախման կամ դիալոգի մասին բազմաթիվ տեսություններ: Բոլորի համար պարզ է, թե այս առումով ինչ հսկայական նշանակություն ունի Ղազախստանը` որպես յուրատեսակ կամուրջ` Արեւելքի ու Արեւմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջեւ երկխոսության համար: Հայաստանը մեր տարածաշրջանում նույնպես փորձում է իր արտաքին քաղաքականությունը վարել` ելնելով նմանատիպ մոտեցումներից: Այս առումով շատ բնորոշ օրինակ է մեր շատ բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ: Իրանը լուրջ հակասություններ ունի Արեւմտյան աշխարհի հետ, բայց մենք նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք` հիմնված փոխադարձ հարգանքի եւ գործընկերության վրա: Եվ երբ այս մասին ավելի խորն ես մտածում, ըստ էության, այսօր բաժանումը չի գնում Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք ուղղությամբ կամ՝ ըստ կրոնական պատկանելության»,- նշեց Շավարշ Քոչարյանը։