Տնտեսական ճգնաժամի պատճառով աշխատակիցների արձակումների ալիք է սկսվել ամերիկյան կինոարտադրության մեջ: «էն բի սի Յունիվերսալ» ընկերությունը, որը «Յունիվերսալ փիկչերզ» ստուդիայի սեփականատերն է, դեկտեմբերին կրճատել է 500 աշխատակիցների: «Վայակոմ ինկ» կորպորացիան, որին պատկանում է «Փարամաունտ» կինոստուդիան, արձակել է իր անձնակազմի 7 տոկոսին կամ 850 աշխատակիցների: Փորձագետները նշում են, որ առաջիկա շաբաթներին նույնը սպասվում է նաեւ «Ուոլտ Դիսնեյ», «Ուորներ բրազերզ» եւ «Սոնի փիկչերզ» ստուդիաներում: «Սոնի» կորպորացիան արդեն 8 հազար մարդ է ազատել արտադրական հատվածում, իսկ նրան պատկանող կինոստուդիայում զանգվածային կրճատումներ են կանխատեսվում հունվարին: Կինոստուդիաների համար ռիսկի եւս մեկ գործոն է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի գործադուլը: Գիլդիան միավորում է կինո- եւ հեռուստաէկրանի 120 հազար արտիստների: Քվեարկությունը, որի ընթացքում Գիլդիայի անդամները պետք է արհմիության տնօրենների խորհրդին գործադուլի հայտարարման թույլտվություն տան, պլանավորված է հունվարի 2-ին: