Միշտ ընդունված է ասել, որ մենք ստեղծագործ եւ աշխատող ազգ ենք (քարից հաց
ենք քամում, չնայած, վերջին տարիներին ավելի շատ իրար ենք քամում): Սակայն
անկախությունից ի վեր պարզվեց, որ մենք ավելի շատ առեւտրական ազգ ենք
(չհաշված՝ վերջին շրջանում մոդայիկ դարձած ծրագրավորողներին եւ բոլոր
ժամանակներում մոդայիկ ոստիկաններին): Եթե վերոնշյալը դիտարկենք
տնտեսագիտական տեսանկյունից, ապա առեւտուրը հասարակական
հարաբերությունների անբաժանելի մասն է եւ, բնականաբար, յուրաքանչյուր ազգ
յուրաքանչյուր պետությունում առեւտուր է անում սկսած անհիշելի
ժամանակներից: Հայերը եւս, որպես հին ազգ, անհիշելի ժամանակներից զբաղվում
են առեւտրով: Սակայն տարիների ընթացքում մեզ մոտ առեւտուրը վերածվել է
«բազարի», ընդ որում, բոլոր բնագավառներում. սկսած կենցաղայինից՝
վերջացրած քաղաքականով:
Փորձենք դիտարկել հայկական առեւտրի մի քանի տարբեր ձեւեր:
1. Փողոցային առեւտուր
Այս տիպի առեւտուրը դոմինանտ է հետամնաց արեւելյան երկրներում, որտեղ
ճաշից առաջ ձեռքերը լվանալն «աննախադեպ եւ էլիտար» նշան է: Բնականաբար,
սանիտարահիգիենիկ տարրական պայմանները նման են մանկական հեքիաթի, որտեղ
հույս կա, որ վերջում լավ կլինի: Վերջին 15 տարիների Երեւանի բոլոր
քաղաքապետերը՝ իրենց տեղակալներով, վարչության պետերով եւ ցրիչներով,
անզիջում պայքար են ծավալել այս տիպի առեւտրի դեմ: Փաստը մնում է փաստ, որ
միայն ծավալել են, որովհետեւ ոչինչ ավելին չեն կարողացել անել: Իսկ մեզ
մնում է սպասել ավելի լավ ժամանակների:
2. Կենցաղային առեւտուր
Հայերի մոտ այս տիպի առեւտուրը հիմնականում կատարում են կանայք: Այս
առեւտրի հիմնական տարբերանշանը խորհրդային ժամանակներից մնացած
թերակշռումն է, ժամկետանց ապրանքների «տուլիտը» ազգաբնակչությանը, ինչպես
նաեւ՝ թուրքական եւ պարսկական ապրանքը «ֆիրմա» ապրանքի տեղ վաճառելը: Այս
հարցում անգամ քաղաքապետը չի կարող մեզ օգնել (եթե նույնիսկ նա դառնա
ազգընտիր):
3. Արտասահմանյան առեւտուր
Մի քսան տարի առաջ հայերի ամենաընդունված առեւտրի ձեւն էր: Երբ մեկը գնում
էր Մոսկվա, մեկնելուց առաջ հավաքում էր բարեկամների, ընկերների եւ
հարեւանների պատվերներն ու փողերը: Հենց այդտեղից էլ սկսվեց այն
պատմությունը, որ մինչեւ օրս նախկին Խորհրդային Միության բոլոր
օդանավակայանների անձնակազմն ատում է հայ տուրիստներին՝ նրանց «վեշերի»
չափի եւ քանակի պատճառով: Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա ոչ ոք ոչ մեկին
ոչ մի պատվեր չի տալիս, սակայն հայերի «վեշերի» չափն ու քանակը մնացել է
նույնը: Հերթական հայկական պարադոքս, որը հասկանալու համար մեկ կյանքը քիչ
է:
4. Մարմնի առեւտուր
Անկախությունից հետո այս առեւտուրը, որը մինչ այդ կրում էր ընդհատակյա
բնույթ, դարձավ փողոցային: Կիեւյան կամրջի վերանորոգման հետ կապված՝
այնտեղ կանգնող աղջիկները ժամանակավոր տեղափոխվել են քաղաքի տարբեր
հատվածներ՝ Բաղրամյան պողոտայից մինչեւ Կրկեսին հարող հրապարակ՝ կախված
գնից:
5. Քաղաքական առեւտուր
Վերջին տարիների առեւտրի ամենատարածված ձեւերից մեկը: Այս առեւտրի
ենթաձեւերն են՝ «կնոպկա սեղմելը», ընտրություններում «չուժոյ պախմել»
թեկնածություն դնելը, նախարարական աթոռի համար «բազար» անելը,
կուսակցության անդամների թվաքանակը հրապարակելը, ամենաիշխանամետ կամ
ամենաընդդիմադիր երեւալը (կախված նրանից, թե ում է ուղղված Ձեր «պոզան»),
համամասնական ընտրացուցակի առաջին տասնյակում կամ հնգյակում տեղ
զբաղեցնելը (նայած, թե որ կուսակցության ցուցակն եք նախընտրել Դուք կամ
Ձեր փոխարեն), եւ այլն:
Իհարկե, կան առեւտրի ուրիշ ձեւեր էլ: Օրինակ՝ «բարտեր», «Գրին քարտի» կամ
«Շենգեն վիզայի» առեւտուր, «էլիտար» բնակարանի կամ ավտոտնակի,
ընդունելության քննության թվանշանի, ընտրական հանձնաժողովի կամ ընդունող
հանձնաժողովի նախագահի տեղի առեւտուր:
Այս ամենն իհարկե կա աշխարհի յուրաքանչյուր պետությունում, բայց ինչպես
ռուսներն են ասում՝ «ՍՈՋՊօռ տՏվՌՎՈպՑ տՏ ՎպՐպ րՉՏպռ վՈփՌՑՈվվՏրՑՌ ՌսՌ
ՌրտՏՐփպվվՏրՑՌ». Այնպես որ, երբ գա այն ժամանակը, որ մենք էլ կարդացած
կլինենք կամ այս աստիճանի «փչացած» չենք լինի, մեզ մոտ էլ ամեն ինչ կլինի
չափի մեջ: