Վերջաբան՝ հարցադրումներով

24/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

2008 թվականը մոտենում է իր ավարտին։ Այն բարդ տարի էր, հասարակական կյանքում ավելի շատ ցնցումներ ու կորուստներ եղան, քան ձեռքբերումներ ու հաղթանակներ։ Մի կողմ դնենք քաղաքական դաշտը՝ ընտրություններով ու հետապնդումներով հանդերձ, թողնենք նաեւ տնտեսական ոլորտում վերահաս ճգնաժամը։ Այն, ուզենք թե չուզենք՝ վրա է հասնելու, մնում է միայն դրանից գլուխ հանել։ Եկեք խոսենք մեր հաղթանակների մասին։ Իսկ դրանք անկասկած կային։

Հաղթանակները սպորտում շատ ցայտուն ու ազդեցիկ էին, շախմատիստները, ծանրորդները, բռնցքամարտիկները իրենց մեդալներով եւ ամենակարեւորը՝ իրենց մարդկային կեցվածքով, ցուցադրեցին, որ «մարդկային գործոն» ասածը ոչ մի դարաշրջանում ու ֆորմացիայում անտեսել չի կարելի։ Մարդն է հաղթում, իսկ տարբեր պետական, գերատեսչական ու կազմակերպչական օղակները միայն կարող են ճիշտ սելեկցիոն ծրագիր մշակել, որպեսզի իրապես հեռանկարային մարզիկները մարզվելու ու մրցույթներին մասնակցելու հնարավորություն ստանան։ Եվ միայն այդ դեպքում կարելի է սպասել, որ չեմպիոններ ի հայտ կգան։ Եթե ոչ հենց այսօր կամ վաղը, ապա անպայման՝ գոնե մոտ ապագայում։ Մարզիչները հո գիտեն, ո՞ր մարզիկից ի՞նչ կարելի է սպասել եւ ե՞րբ կարելի է սպասել բարձրագույն արդյունքների։

Մարդու ունակությունների սանդղակին իրատեսական տեսք տալու համար մասնագետներ գոյություն ունեն, որոնք ոչ թե ասում են՝ դե, գիտենք, որ այս մարզիկը բանի պետք չէ, բայց դե, ոչինչ, նա մեր ընկերոջ բարեկամն է, թող նա գնա մրցույթի։ Ո՛չ, նրանք փնտրում, ընտրում ու պատրաստում են ապագա չեմպիոնների, որոնք շնորհք ունեն ու աշխատել գիտեն։ Այսինքն՝ սպորտում (կամ գուցե միայն մի քանի սպորտային ճյուղերում) մենեջմենթը սթափ ու անխափան է գործել։ Իսկ մշակույթո՞ւմ։

Մշակույթի բնագավառում չեմպիոններ, իհարկե, չեն լինում, այս ոլորտում հաղթանակները միայն մրցանակներով, շքանշաններով, արձանիկներով ու պետպատվերներով չեն գոյանում։ Արվեստի ոլորտում հաղթանակ ունենալու համար պետք է որակյալ ու արդիական մի ստեղծագործություն ստեղծել։ Միգուցե, այս բանաձեւը տրիվիալ է հնչում, բայց այն ճշմարիտ է։ Փորձենք վերհիշել, որոնք էին անցյալ տարվա մեր հայրենական մշակութային հաղթանակները՝ վեպերը, պոեմները, բեմադրությունները կամ ֆիլմերը, որոնք մնացել են մարդկանց հիշողության մեջ՝ որպես վառ իրադարձություն։ Դժվար թե գտնենք դրանք, առավելեւս՝ գրականության մեջ։

Թատրոնում, օրինակ, մի քանի լավ բեմադրություններ եղել են (Վահան Բադալյանի, Նարեկ Դուրյանի, Նարինե Մալյանի ու Արմեն Էլբակյանի վերջին աշխատանքները հաստատ արժանի էին ուշադրության), սակայն ոչ մեկը չդարձավ վառ ձեռքբերում։ Այսինքն՝ չհասավ հանդիսատեսին ու մտորելու կամ բանավիճելու առիթներ չտվեց նրան։ Մինչդեռ այդ առիթները կարող էին ստեղծել հեռուստատեսությունն ու տպագիր մամուլը, կամ էլ հենց Մշակույթի նախարարությունը, որը տասնյակ բաժիններ ունի։ Հետաքրքիր է՝ ինչո՞վ է զբաղված այդ գերատեսչության թատրոնի բաժինը, արդյոք այն գիտե՞, թե ովքեր են այսօրվա լավագույն թատերագետները։ Եվ եթե գիտի, ինչո՞ւ նրանց հաղորդումներ ու հոդվածներ չի պատվիրում՝ համակարգելու համար ներկայացման, թատերական քննադատի ու հանդիսատեսի փոխադարձ կապը։ Մինչդեռ «սթափ մենեջմենթը» սահմանափակվեց միայն մշակութային քաղաքականության անհրաժեշտության մասին հայտարարություններով: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ուզում եմ կարդալ պրոֆեսիոնալների (ասենք՝ Հենրիկ Հովհաննիսյանի կամ Սուրեն Հասմիկյանի) կարծիքները՝ որոշելու համար, թե ո՞ր բեմադրությունը դիտելն ինձ ժամանակի ավելորդ վատնում չի թվա, եւ ո՞ր բեմադրությունն է տապալվել։ Իսկ հիմա ով ասես՝ խոսում է, իսկ պրոֆեսիոնալները լռում են։ Եվ տպավորություն է, որ գերատեսչությանը պրոֆեսիոնալ թատերական վերլուծաբաններ ուղղակի հարկավոր չեն։ Եթե պետք լինեին, ապա գումար կգտնվեր՝ նրանց որեւէ թերթում պարբերական հեղինակային սյունակ պատվիրելու համար։ Եվ նրանց կարծիքը կշիռ կունենար, ցույց կտար մեզ այսօրվա թատրոնի թույլ եւ ուժեղ կողմերը։ Մենք էլ նրանց կհավատայինք։ Չէ՞ որ համակարգելն ու ռազմավարություն մշակելը հենց վերլուծությունից է սկսվում։ Հիմա ներկայացումները կիլոգրամներով են պատրաստվում, բայց ոչ մի ներկայացում լուրջ վերլուծության չի ենթարկվում։

Փոխարենը՝ անցնող տարվա ընթացքում բոլորը սկսեցին խորհել, թե ի՞նչ է լինելու Մայր թատրոնի հետ, եւ ո՞վ է ճիշտ՝ հեռացված ղեկավա՞րը, թե՞ նրան հեռացնողը։ Թեեւ այդ ամենը ոչ մի բանի չհանգեցրեց, եւ թատրոնը շարունակում է դանդաղորեն «հանգչել»։ Հետո բոլորը սկսեցին մտահոգվել սերիալային արտադրանքի վնասակար ազդեցության մասին։ Թեեւ կրկին ոչինչ չփոխվեց, սերիալները կան ու լինելու են։ Հետո հանրությունը սկսեց հետեւել ինտրիգներով, փոխադարձ վիրավորանքներով, դատական պրոցես սկսելու սպառնալիքներով լի ստեղծագործական միությունների նախագահների ընտրարշավին։ Եվ հասարակությունը կրկին առիթ չստացավ՝ համոզվելու համար, որ Լեւոն Անանյանը կամ Կարեն Աղամյանն իրենց գործը լավ են անում, այդ պատճառով էլ վերընտրվում են իրենց պաշտոններում։ Ժամանակակից մշակութային դաշտում հիմա ոչ մի չափանիշ չի գործում։ Որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ ուզում եմ հարցնել պարոն Անանյանին՝ որո՞նք են, ասենք, այս տարվա ընթացքում հրատարակված երեք գրքերը, որոնք Դուք համարում եք լավագույնները։ Մատնանշեք դրանք, որպեսզի մենք կարդանք ու համոզվենք, որ Դուք լավ եք ձեր գործն անում։ Այսինքն, լավ եք փնտրում, ընտրում ու գովազդում։ Եվ դա անում եք առանց խաբեության ու ինքնախաբեության։ Ո՞վ է այսօրվա մեր լավագույն պոետը կամ դրամատուրգը, ումի՞ց կարող ենք գլուխգործոցներ սպասել։ Եվ եթե գիտեք այդ մասին, մի հրատարակեք Միության անդամների ստեղծած խոտանը, միառժամանակ մոռացեք սեփական «կլանային» ընկերների ու բարեկամների մասին, եւ միայն լավագույնների մենեջմենթով զբաղվեք։ Չէ՞ որ Դուք առաջին հերթին պետք է լավ վերլուծաբան լինեք, այլապես վերընտրվելն անիմաստ էր։ Մեր քաղաքում նոր արձաններ են տեղադրվում, տարաբնույթ ոճերի այգիներ են ձեւավորվում։ Արդյոք ամեն ինչ ճի՞շտ է արվում։ Վիլյամ Սարոյանի արձանի գեղարվեստական արժանիքների մասին, օրինակ, ոչ մի քանդակագործ կամ լուրջ արվեստաբան չի խոսում։ Իհարկե, նրանք պատրաստ են խոսել առանձնազրույցներում ու հայտնել իրենց (հիմնականում՝ բացասական) կարծիքները, սակայն հրապարակայնորեն դա չեն անում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ վատամարդ չեն ուզում լինել։ Թող դաշտը վատը լինի, բայց մենք հեռու կլինենք։

Էլ ավելի ողբալի վիճակում է գտնվում մեր կինոն։ Այստեղ կլանային շրջանակներն այնքան նեղ են, որ ոչ մի վերլուծություն անգամ սողոսկել չի կարող։ Այս տարի հանդիսատեսին ցուցադրվեց միակ լիամետրաժ հայրենական արտադրանքը՝ Ալբերտ Մկրտչյանի նոր գեղարվեստական ֆիլմը։ Եվգ լռություն է։ Մենք հիանալի կինոքննադատներ ունենք (բավական է հիշատակել Միքայել Ստամբոլցյանին, Սուրեն Հասմիկյանին, Գարեգին Զաքոյանին, Դավիթ Մուրադյանին), եւ ոչ մեկը ոչինչ չասաց։ Կա ֆիլմ, բայց չկա ֆիլմ։ Իսկ հանդիսատեսին հենց «կոփված» աչք ունեցող պրոֆեսիոնալների, այլ ոչ թե՝ Ալբերտ Մկրտչյանի ու նրա ստեղծագործական խմբի կարծիքն է պետք։ Այդ պահանջի կարեւորությունը Մշակույթի նախարարությունը չի կարող չզգալ։ Սակայն ոչինչ չի անում (կրկին վատամարդ չլինելու մղումից դրդված) հանրային քննարկում ստեղծելու համար։ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, իսկ Դուք ի՞նչ կասեք այս ֆիլմի մասին, կամ էլ մի քանի այլ ֆիլմերի մասին, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից՝ այսինքն, մեր փողերով։ Ասացեք ձեր մասնագիտական կարծիքը, մենք էլ այն կհամադրենք մեր սեփական տպավորությունների հետ ու կիմանանք՝ ի՞նչ սպասել հետագայում։ Միգուցե կան ավելի հեռանկարային կինոռեժիսորներ (օրինակ՝ Արամ Շահբազյանը), որոնց ստեղծածը համբավ ու գումար կբերի Հայաստանին։ Համբավը մեզ շատ է պետք, գումարն էլ քիչ է։ Իսկ ժամանակը էլ ավելի քիչ է։ Եվ մի կարծեք, որ մարդկային ներուժն անսպառ է։ Ոչ մեկին պետք չէ այն մարզիկը, որը տարիներով չի մարզվում ու կորցնում է իր «ֆորման»։ Նույն պատկերը արվեստում է։ Յուրաքանչյուր մարզիկ, նաեւ՝ նկարիչ, ճարտարապետ կամ ռեժիսոր կգերադասի «ֆորման» պահպանել ու կորցնել հայրենիքը՝ հանդես գալով այլ պետությունների դրոշի տակ, բայց երբեք չի նախընտրի սեփական հողում անհաջողակի կարգավիճակ ստանալ։

Եկեք հաջորդ տարի ավելի զգույշ եւ ուշադիր լինենք այն ստեղծագործողների նկատմամբ, որոնցով հպարտանալու ենք այս նոր սկսված 21-րդ դարում։ Եկեք մի պահ փորձենք իրատես լինել։ Մանավանդ, որ մեր անկախ երիտասարդ Հայաստանը իրատես, պրոֆեսիոնալ, սկզբունքային ու ինքնադրսեւորվելու ունակ մարդկանց կարիք ունի։ Ի վերջո, ոչ ոք չի ուզում անհաջողակ հանրապետության քաղաքացի կարգվել։