«Մերսեդես»` Բուշին խփողին

24/12/2008

Բահրեյնցի գործարար Կուրեյշ Բունիրին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վրա կոշիկներ նետած իրաքցի լրագրող Մանթազեր ալ Զայիդիին կնվիրի իր ընտանեկան «Մերսեդեսը»: Այդ մասին երեկ հաղորդել է «Ախբար ալ Խալիջ» թերթը: Կուրեյշի խոսքով՝ լրագրողը «վերջապես արեց այն, ինչ կցանկանար անել մեզանից յուրաքանչյուրը»: Նա նշել է, որ «պատրաստ է անձամբ Բաղդադ հասցնել իր վեցդռնանի լիմուզինը», որպեսզի այն ձեռքից ձեռք հանձնի Մանթազեր ալ Զայիդիին: «Ալ Զայիդին, իհարկե, ավելիին է արժանի: Այն, ինչ նա արեց, պատշաճ հրաժեշտի նվեր էր Ջորջ Բուշին՝ այն բոլոր ողբերգությունների համար, որ նա իր նախագահության օրոք բերեց արաբներին ու մահմեդականներին»,- ասել է ձեռնարկատերը: 29-ամյա հեռուստալրագրողի արարքը նրան ազգային հերոս է դարձրել արաբական աշխարհի շատ երկրներում: Մասնավորապես, Հորդանանի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրը մեկ րոպեով ընդհատել են իրենց աշխատանքը եւ հոտնկայս հարգել ալ Զայիդիին: Եգիպտոսցի Սաադ Գումաան խոստացել է նրան կնության տալ իր 20-ամյա դստերը՝ Ամալին, իսկ սաուդցի հարուստ հողատեր Հասան Մախաֆան հայտարարել է 10 մլն դոլարով «պատմական» կոշիկները գնելու ցանկության մասին: Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որ իրաքյան եւ ամերիկյան հատուկ ծառայությունները ոչնչացրել են ալ Զայիդիի կոշիկները՝ փորձելով դրանցում պայթանյութ գտնել: