«Արեւիկ» հրատարակությունը լույս է ընծայել Ասատուր Փաշայանի «Կավե սալիկներից մինչեւ թուղթ» գիրքը, ուր նկարագրված են մարդկությանը հայտնի բազմապիսի գրելանյութեր (կավե սալիկներ, քար, փայտ, ոսկոր, մոմ, արմավենու տերեւ, մետաղ, մետաքս, պապիրուս (պրտաթուղթ), մագաղաթ, թուղթ): Ըստ հեղինակի՝ մինչեւ թղթի ի հայտ գալը, մարդը շատ երկար ճանապարհ է անցել, որը հաղթահարելիս գիտական վիթխարի սխրանքներ է գործել՝ ստեղծելով տարաբնույթ եւ բազմազան գրելանյութեր:
Գրքում գրելանյութի անցած ուղին ներկայացված է հնագույն քաղաքակրթությունների (շումերական, եգիպտական, չինական, հնդկական, հռոմեական եւ այլն) պատմության համատեքստում: Նկարագրված է գրելանյութերի պատրաստման եղանակը, դրանց ի հայտ գալու ժամանակաշրջանն ու կիրառման աշխարհագրությունը: Խոսվում է համաշխարհային, այդ թվում՝ հայ մատենագիտության մեջ գրելանյութերին առնչվող հիշատակությունների, պատմական տարբեր ժամանակահատվածներում՝ նաեւ հայ իրականության մեջ տարբեր գրելանյութերի կիրառման մասին:
Գրքի արժեքավոր հատվածներից են վիմագիր արձանագրությունների, տպագիր իրերի եւ մատյանների ուսումնասիրության մեջ իրենց նպաստը բերած գիտնականների, նաեւ՝ խնդրո վերաբերյալ առկա գիտական հետազոտությունների եւ հրատարակությունների մասին պատմող հատվածները: Գրքում ներկայացված են պատմական տարբեր շրջաններում գրելանյութերին առնչվող հիշարժան պատմություններ, մտածողների՝ գրելանյութերի մասին արած դիտարկումները, քննության են ենթարկված գրելանյութերի ստեղծման եւ կիրառման մեջ թագավորների, փարավոնների, կայսրերի, տարբեր գործիչների ունեցած առնչությունները: Աշխատանքն ամբողջական են դարձնում անդրադարձը աշխարհի ամենահայտնի գրական հուշարձաններին, այն գրելանյութերին, որոնց վրա դրանք գրված են, դրանց ուսումնասիրություններին առնչվող իրողություններին, հայ իրականության արձագանքներին, ամենահայտնի թանգարաններում պահվող գրական հուշարձաններին եւ գրելանյութերի նմուշներին: Աշխատանքի կարեւոր բաղկացուցիչներից է գրելանյութերին առնչվող բազմաթիվ եզրերի ներկայացումը:
«Կավե սալիկներից մինչեւ թուղթը» տարողունակ եւ գրելանյութերի մասին հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատանք է, ուր հեղինակը քննարկում է հնագիտությանը, պատմությանը, լեզվաբանությանը, գրականությանը, քիմիային, կենսաբանությանը, ֆիզիկային, տեխնոլոգիային վերաբերող հարցեր: Գրքում կան գիտական նորույթ պարունակող բազմաթիվ հետաքրքիր եւ արժեքավոր փաստեր:
Թեմայի կարեւորումը հիմնավորված է գրքի առաջաբանում հեղինակի կողմից XIII դարի հայ մատենագետ Գրիգոր Աբասյանից արված մեջբերմամբ. «Գրոց գիտությունը անեզր եւ անհաս ծով է, եւ որեւէ մեկը ի զորու չէ ըստ արժանվույն յուրացնելու ամբողջը, այլ միայն՝ շատից քիչը»: Ասատուր Փաշայանը հեղինակ է քիմիայի եւ հայ մշակույթի պատմության վերաբերյալ մի շարք մենագրությունների, ինչպես նաեւ շուրջ 120 հոդվածի՝ գիտական եւ գիտահանրամատչելի, որոնք նվիրված են հիմնականում Մխիթարյան միաբանության բնագիտական ժառանգությանը, հայ բնագետների կենսագրություններին եւ գործունեությանը: Հեղինակել է «19-րդ դարի քիմիան հայ բնագետների աշխատություններում», «Առաջին անգամ», «Տիտղոսակիր հայերեն», «Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ», «Թասդ բեր» աշխատանքները: Հեղինակ է նաեւ «Գարուն» ամսագրում տպագրված «Անվայրէջք թռիչք» եւ «Մեր հայրերը» պատմվածքների:
Լ. ԱՎԱԳՅԱՆ