Խանդ ըմպելիքի շուկայում

03/07/2005

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի տվյալներով՝ շուկայում
հայտնվել են Վրաստանում արտադրված զովացուցիչ ըմպելիքներ (ինչպես՝
«Պեպսի»-ն), որոնց պիտանելիության ժամկետը վաղուց անցել է: Բացի այդ,
ըմպելիքների մակնիշման վրա բացակայում է հայերեն տառերով
տեղեկատվությունը: Նշենք, որ 2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ տեղական
արտադրության ապրանքատեսակների վրա անհրաժեշտ է պիտակավորել հայերեն
տառերով մակնիշում, իսկ ներկրված ապրանքատեսակի համար նախատեսված է մի
քանի տողով հայերեն տառերով լրացուցիչ տեղեկատվություն ապահովել տվյալ
ապրանքատեսակի մասին: Ըստ Սպառողների միության նախագահ Ա. Պողոսյանի,
Վրաստանից ներկրված զովացուցիչ ըմպելիքներից օգտվող սպառողների կողմից
բողոք է արձանագրվել այն մասին, որ դրանցից շատերն ալերգիկ հետեւանքներ են
ունեցել: Մենք պարզեցինք, որ այդ ըմպելիքները, մասնավորապես՝ «Պեպսին»,
Հայաստան է ներկրում «Ջերմուկ գրուպը», որի նախագահ Աշոտ Արսենյանը մեզ
ասաց, որ արտադրատեսակն արդեն հայկական շուկա է մտնում հայերեն
մակնիշումով, իսկ շուկայում հայտնաբերված ըմպելիքները վաղուցվա են, որոնք
պարզապես չեն իրացվել, հետեւաբար՝ դրանք պետք է ոչնչացներ Առեւտրի եւ
տնտեսական զարգացման՝ Ստանդարտների ազգային ինստիտուտը: Ըստ պրն
Արսենյանի, վերահսկողական այդ պարտավորությունները պատկանում են
Ստանդարտների ինստիտուտին: Ինչ վերաբերում է ըմպելիքների ժամկետանց
լինելու հանգամանքին, ապա պրն Արսենյանը վստահեցնում է, որ դրանք կեղծ
լուրեր են, որոնց տարածումը բնական է համարում, քանի որ իրենք
«Կոկա-կոլայի» մրցակիցն են: Հարկ է նշել, որ Առեւտրի եւ տնտեսական
զարգացման նախարարության ՀՀ Որակի տեսչությունն արդեն ստուգումներ է
իրականացնում: