Երեկ Փարիզում կայացած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ներկայացվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ:
Եվ, ինչպես սպասվում էր, Համարբերգն իր զեկույցում օգտագործել է «քաղբանտարկյալ» տերմինը: Փաստը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց նաեւ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Զեկույցը Համարբերգն անձամբ չի ներկայացրել, բայց այն Հայաստանի համար բավականին կոշտ բնութագրումներ է պարունակել: Այնքան կոշտ, որ մեր այն հարցին, թե Հայաստանի համար փաստաթուղթը շա՞տ բացասական է, Ա.Ռուստամյանը պատասխանեց` «Այո»: Նոյեմբերի 22-ին, երբ Համարբերգը Երեւանում էր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «ստիպված է լինելու բավականին քննադատաբար անդրադառնալ այն բանի համար, որ դեպքերի զարգացում չկա»:
Եվ սա ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստն էր: Զեկույցը ներկայացրել են Հայաստանի մասին համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն: Այն նույն համազեկուցողները, ովքեր փետրվարի 20-ին հայտարարել էին, թե Հայաստանում նախագահական ընտրությունները հիմնականում անցել են «Եվրախորհրդում ստանձնած պարտականություններին համապատասխան»: Հետագայում հասարակության ու նաեւ ընդդիմության առաջնորդների մոտ կարծիք առաջացավ, թե համազեկուցողների հենց այս գնահատականը նույնպես մեր իշխանություններին իրավունք տվեց իրականացնել մարտի 1-ի արյունահեղությունը: Իսկ Թ.Համարբերգի զեկույցին երեկ կողմ են քվեարկել մոնիտորինգի հանձնաժողովին մասնակից 15 պատվիրակներից 10-ը: Զեկույցն արդեն փաստաթուղթ է, որտեղ ընդգծվում է, որ մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով կալանավորվածները քաղբանտարկյալներ են: Նոյեմբերի 22-ին, երբ Համարբերգը Հայաստանում էր, հայտարարեց, թե Եվրոպայի խորհրդում արդեն չի շրջանառվում «քաղբանտարկյալ» տերմինը, սակայն չի բացառվում, որ մեր երկրի օրինակը ստիպի վերանայել այդ մոտեցումը, ինչը եւ արել են: Բացի այդ, փաստաթուղթն արդեն առաջարկում է հունվարին կայանալիք ԵԽ ԽՎ նստաշրջանին Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Սա նշանակում է, որ եթե անդամ երկրներից մեկը, ասենք՝ Ադրբեջանը, փորձի այնտեղ Հայաստանի դեմ որեւէ քայլ ձեռնարկել, մեր պատվիրակությունը չի կարողանա այն կասեցնել: Իսկ մինչ այդ հունվարին համազեկուցողներ Կոլոմբիեն ու Պրեսկոտը նորից ժամանելու են Հայաստան՝ տեղեկանալու, թե վերջին պահին ի՞նչ վիճակում է գտնվում այդ երկու բանաձեւերի պահանջների կատարումը: Հիշեցնենք, որ բանաձեւերից առաջինը` 1609-ը, ընդունվել է ապրիլին, իսկ 1620-ը՝ հունիսի վերջին: Բանաձեւերի հիմնական պահանջներից մեկը եղել է՝ անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների համար կալանավորված մարդկանց: Բանաձեւերի ընդունումից անցել է 6 ամիս, սակայն ոչ միայն այս, այլեւ մյուս բոլոր պահանջները մեր իշխանությունների կողմից չեն կատարվել: Ա.Ռուստամյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ եթե մինչեւ հունվարյան նստաշրջանը համաներում հայտարարվի կալանավորվածների նկատմամբ, հնարավոր է, որ Հայաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն:
«Նիստի ժամանակ բոլորի կողմից էլ հիմնական շեշտը դրվում էր կալանավորներին ազատ արձակելու պահանջի վրա: Իսկ կալանավորվածներին չազատելը դիտարկվում էր որպես քաղաքական համապատասխան կամքի բացակայություն: Եվ տրամադրվածությունն այնպես էր, որ եթե նրանց ազատ արձակեն, ապա Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից չեն զրկի»,- ասաց պարոն Ռուստամյանը:
Իհարկե, երեկ մեր պատվիրակության անդամները նաեւ փորձել են ընդդիմանալ «քաղբանտարկյալ» տերմինի եւ առաջարկվող պատժամիջոցի վերաբերյալ, սակայն նրանց ոչ մի առաջարկ չի ընդունվել: Ընդամենը կատարվել են խմբագրական աննշան փոփոխություններ, որոնք զեկույցի բովանդակությունը որեւէ կերպ չեն մեղմացրել: Ա.Ռուստամյանի ասելով՝ ինքը նիստի ժամանակ հայտարարել է, թե «պետք չէ կիրառել երկակի ստանդարտներ»: «ԵԽ ԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ նման խիստ պատժամիջոցներ չի կիրառել այն դեպքում, երբ երկար ժամանակ է, ինչ ընդունում է, որ այնտեղ կան քաղբանտարկյալներ: Իսկ մեր դեպքում, երբ դեռ նստաշրջանը դա չի ընդունել, արդեն պատժամիջոցներ են առաջարկում»,- ասաց պարոն Ռուստամյանը:
Այս ընթացքում ընդդիմությունն էլ իշխանությունների կատարած անօրինականությունները հաստատող փաստաթղթեր է ուղարկել ԵԽ ԽՎ:
Երեկ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Կարծում եմ, որ հունվարին կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան այսօրվա առաջարկը վերանայել եւ հաստատել, որ իսկապես Հայաստանն իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերի առաջարկությունների գրեթե մեծամասնությունը: Մեր դիրքորոշումն ու մոտեցումն այն է, որ պետք է շարունակենք բարեփոխումների գործընթացը, քանի որ դա համապատասխանում է մեր ժողովրդի շահերին: Սա մեր գիտակցված որոշումն է, այլ ոչ թե որեւէ մեկի խորհուրդը: Իհարկե, մենք հարգում ենք այն բոլոր կառույցները, որոնց անդամակցում ենք, եւ նրանց առջեւ մեր կողմից ստանձնած պարտավորությունները: Դրանք մենք իրականացնում ենք եւ շարունակելու ենք իրականացնել»,- ասել է Է. Նալբանդյանը: