Իշխանություններն անկանխատեսելի են նաեւ եւրոպացիների համար

23/12/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Համոզված եմ, որ գնահատականները իշխանությունների համար լավը չեն լինելու, որովհետեւ իշխանությունները իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել: Բայց կարծում եմ, որ այդ գնահատականները մեր իրականության վրա ոչ մի անդրադարձ չեն ունենա: Մեր իշխանությունները անկանխատեսելի են ոչ միայն մեզ համար, այլեւ եվրոպացիների»,- ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ երեկ կայացած բանավեճում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Ա. Մինասյանը, սակայն, վստահ էր, որ այդ գնահատականները անպայման անդրադարձ կունենան մեր ներքաղաքական կյանքի վրա: «Բայց չպետք է բանաձեւերի կատարումը կապենք միայն իշխանության հետ, որովհետեւ, օրինակ, մարտիմեկյան դեպքերի բացահայտման առումով կարեւորվում էր նաեւ ընդդիմության դերը. պետք է առնվազն մասնակցություն ունենայիք ժամանակավոր հանձնաժողովում»,- ասաց Ա. Մինասյանը: Սրան ի պատասխան՝ Վ. Խաչատրյանը նշեց, թե ընդդիմությունը մեղավոր չէ, որ վարչախումբը չի ուզում բացահայտել սպանությունները, եւ, որ իրականում հենց ընդդիմության ճնշման ու բացահայտումների շնորհիվ է, որ կամաց-կամաց իշխանությունները սկսում են ինչ-որ բաներ խոստովանել: Ի տարբերություն Վ. Խաչատրյանի, որի համար պարզ էր, թե ովքեր են մարտի մեկի սպանությունների կազմակերպիչները, Ա. Մինասյանը վստահ է, որ հենց ժամանակավոր հանձնաժողովը պետք է բացահայտի կազմակերպիչներին: «Օրինակ՝ 18 տարեկան զինվորի վրա ուղիղ կրակոց է եղել դիմացից. դա ապացուցված է: Ապացուցված է նաեւ այն, որ դիպուկահարը այդ կրակողին վնասազերծելու համար է կրակել»,- համոզում էր Ա.Մինասյանը: Ինչեւէ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ Հայաստանը մեծ մասամբ կատարել է ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները: Անդրադառնալով այդ հայտարարությանը, Վ. Խաչատրյանը նշեց, որ Հայաստանը ոչ մի պահանջ էլ չի կատարել, եւ, որ ինքը չգիտի, թե «մեծ մասամբ» ասելով՝ Է. Նալբանդյանը ինչ նկատի ունի: «Միգուցե, ասենք, 10%-ը նրա համար մեծ մասամբ է»,- ասաց Վ. Խաչատրյանը: «Բանաձեւերի մեջ նշված գրեթե բոլոր ուղղություններով էլ առաջընթաց է արձանագրվել, բացի մեկից: Այն է` մարդիկ չպետք է դատապարտվեն միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա»,- նշեց Ա. Մինասյանը: Նկատենք, որ դա բանաձեւերի երկու գլխավոր պահանջներից մեկն է: «Իսկ ընդհանուր առմամբ բանաձեւերի կատարման պրոցեսը բավարար եմ գնահատում, բացի երկու ուղղությունից: Առաջինը՝ դա սպանությունների բացահայտումն է (կարծում եմ, որ սպանություններi բացահայտման մեջ որոշ մարդիկ շահագրգռված չեն, լինեն իշխանությունների թե ընդդիմության մեջ), երկրորդը` նախաքննության մեջ տեղ գտած սխալներն ու բացթողումներն են»,- հավելեց Ա. Մինասյանը: Վ. Խաչատրյանը ցանկանում էր հասկանալ, թե ինչն էր խանգարում իշխանություններին անել այդ քայլերը: «Իշխանության մեջ միատեսակ չեն մտածում: Սա վերաբերում է ցանկացած ժամանակի իշխանությանը: Խանգարում էր ամբողջական միատեսակ ընկալման բացակայությունը»,- ասաց Ա. Մինասյանը: Նա նշեց նաեւ, որ անձամբ ինքը բացասաբար է վերաբերվում ընդդիմության առաջնորդների հեռախոսազրույցների գաղտնալսմանը: «Ծանոթացել ենք գաղտնալսված խոսակցություններին, դեռ չունենք տվյալներ, թե ինչ հիմնավորմամբ է դա արվել»,- հայտարարեց Ա. Մինասյանը: Բանախոսները անդրադարձան նաեւ տնտեսական իրավիճակին, մասնավորապես՝ տնտեսական ճգնաժամի վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությանը: Պատասխանելով Ա. Մինասյանի այն հարցին, թե ինչ էին ուզում տեսնել բյուջեում որպես հակաճգնաժամային միջոցառում, որը չկա, Վ. Խաչատրյանը ասաց, որ ճգնաժամի ժամանակ թեթեւացնում են հարկային բեռը, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ընդհանրապես «չեն կպնում», մինչդեռ Հայաստանում հակառակն է արվում: «Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում ունեցած ելույթում կարեւորել է «սոցիալական համերաշխության ու վստահության մթնոլորտի ապահովումը»: Ես չեմ հասկանում՝ սոցիալական համերաշխությունը «Բջնին» փակե՞լն է»,- հարցրեց Վ. Խաչատրյանը` նշելով, որ գործարանի փակումը միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի: «Եթե տնտեսական լիներ, վաղուց այդ հարցը բարձրացված կլիներ, քանի որ «Բջնին» առաջին տարին չէ, որ գործում է: Քաղաքական ենթատեքստն էլ պարզ է. «Սիլ գրուպ»-Խաչատուր Սուքիասյան-ընդդիմություն-Լեւոն Տեր-Պետրոսյան»,- ասաց Վ. Խաչատրյանը: «Հնարավոր է` տնտեսական հիմքը կա, բայց ես չեմ բացառում նաեւ, որ այն անուղղակիորեն կապվում է նաեւ քաղաքական գործունեության հետ: Ես կարծում եմ, որ դա մեր անկախ հանրապետության մեջ ամենավատ երեւույթներից մեկն է, որին մենք առնչվում ենք 1991 թվականից սկսած, երբ քաղաքական հարթության մեջ որեւէ խնդիր բերում է նաեւ տնտեսական վերաբաշխումների»,- «հա՛մ մեխին, հա՛մ նալին» դաշնակցական սկզբունքին հավատարիմ` ասաց Ա. Մինասյանը: