Անցնող տարին՝ ըստ քաղաքական գործիչների

23/12/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երկու շաբաթից կավարտվի 2008 թվականը, որը բավականին ծանր տարի էր Հայաստանի համար: Դեռ նախորդ տարեվերջից սկսված նախագահական ընտրությունների նախընտրական աննախադեպ լարվածությունը, ընտրություններից 10 օր հետո` գարնան առաջին օրը, ավարտվեց արյունահեղությամբ: Դրանից հետո արդեն տասներորդ ամիսն է՝ Հայաստանն ապրում է քաղբանտարկյալների առկայության, քաղաքական լարվածության ու ոչ բնականոն կյանքին բնորոշ բազմաթիվ այլ իրողությունների պայմաններում: Նշված քաղաքական իրավիճակի արդյունքում Հայաստանի նկատմամբ միջազգային կառույցների կողմից ներկայացվող պատժամիջոցների սպառնալիքներին գումարվեց նաեւ տնտեսական ճգնաժամը: Նախ՝ օգոստոսին Վրաց-օսական պատերազմի հետեւանքով բավականին երկար ժամանակ կաթվածահար էր եղել Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող երկաթուղին: Իսկ կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, որ միջազգային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամը հարվածում է նաեւ Հայաստանի խարխուլ տնտեսությանը: Եվ ահա 1 տարի առաջ գոյություն ունեցող մտահոգությունը, թե 2008-ի Առնետի տարին իր «կռիսությունն» անելու է, իրականություն է դարձել: Իհարկե, Հայաստանի իշխանություններն այս ամենով հանդերձ՝ անընդհատ բարձրաձայնում են, թե մեր երկիրն ունեցել է նաեւ բազում ձեռքբերումներ: Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան 2009 թվականից:

Երեկ փորձեցինք տարբեր ուժեր ներկայացնող քաղաքական գործիչներից պարզել, թե ինչպես են գնահատում 2008-ի ծանր տարին, Հայաստանն ինչ հաջողություններ կամ կորուստներ է գրանցել արտաքին ու ներքին քաղաքականության ասպարեզներում, տնտեսական դաշտում, եւ ի՞նչ սպասելիքներ ունեն հաջորդ տարվանից: Հատկանշական է, որ մեր բոլոր զրուցակիցները Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելիս առավելապես անդրադառնում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը գտնում է տարվա արտաքին քաղաքական «ընդհանուր ֆոնը լավն է»:

– Կարծում եմ, որ ղարաբաղյան բանակցությունների գործընթացի շարունակումը եւ այն սկզբունքների արձանագրումը, որը մենք տարիներ շարունակ պնդել ենք, եւ դրանք վիճելի էին համարվում բանակցային գործընթացում, 2008թ. դարձան ընդունելի սկզբունքներ եւ արձանագրվեցին փաստաթղթերում հակամարտող կողմերի եւ Մինսկի խմբի համանախագահների համար: Մոսկվայում եւ Հելսինկիում ստորագրված հռչակագրերը համարում եմ դրական առաջընթաց ղարաբաղյան կարգավորման հարցում: Հայ-թուրքական երկխոսությունը նույնպես համարում եմ դրական գործընթաց, եւ դա խոսում է մեր երկրի արտաքին քաղաքականության որոշակի հեղինակության աճի մասին: Ես տեսել եմ, թե ինչպես միջազգային կառույցներում ավելի բարյացակամ եւ ավելի ընդունելի վերաբերմունք կա Հայաստանի այս դիրքորոշումների նկատմամբ, ինչից արձանագրում եմ, որ միջազգային կառույցներում մեր դերը նույնպես դրական առաջընթաց է ապրել:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք 2008-ի ներքաղաքական վիճակը:

– Ես կարծում եմ, որ 2008թ. լարված տարի էր: 2008-ը մարտի 1-ի իրադարձությունների հաղթահարման տարի էր, եւ մեր կուսակցությունն այս հարցերին ունի 1 մոտեցում` պետք է շուտափույթ փոխադարձ ջանքեր գործադրել, որ հաստատվի քաղաքացիական համաձայնության մթնոլորտ, որ ազգային միասնությունը այլեւս երբեք չխաթարվի: Պետք է հնարավորություն տալ Մարտի 1-ի հանձնաժողովին, ինչպես եւ Փաստահավաք խմբին, նորմալ կատարելու իրենց աշխատանքը եւ հանրությանը վերջապես ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին: Կարծում եմ, որ մարտի 1-ի հետեւանքների հաղթահարման ջանքերը դեռեւս ամբողջական չեն, եւ դեռ անելու շատ բան կա: Հույս ունեմ, որ 2009թ. Հայաստանի քաղաքական ուժերն այս խնդիրը կշարունակեն համարել Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւոր խնդիրներից մեկը: Բացի այդ, վերջին 4 ամիսները Հայաստանում, այնուամենայնիվ, նշանավորվեցին ֆինանսատնտեսական ճգնաժամի թափանցումով: Ես համաձայն եմ այն դատողության հետ, որ այս ճգնաժամի ալիքը Հայաստանին շատ ուժեղ չհարվածեց, բայց ես տեղյակ եմ, որ այնուամենայնիվ հարվածել է, արձանագրվել են տնտեսական էական կորուստներ: 2009թ. կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ազգային արտադրողներին աջակցելը եւ տնտեսության համար այնպիսի պայմաններ ստեղծելը, որ այս ազդեցությունն իրենց վրա զգան որքան հնարավոր է ավելի քիչ:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը 2008թ. համար անհնար է համարում ձեռքբերումների մասին խոսելը:

– Ձեռքբերումների տարի չի կարելի համարել, երբ անցած տարին ահավոր լարված էր քաղաքական առումով՝ առաջին հերթին, եւ տարեվերջն էլ՝ տնտեսական առումով: Քաղաքական գործընթացների հետեւանքով ունեցանք զոհեր ու քաղբանտարկյալներ: Նոր տարվա շեմին մարդիկ դեռ բանտում են: Չէ, ես լավ չէի գնահատի: Կորուստների տարի էր: Բայց մի լավ բան կա` Ռոբերտ Քոչարյանից ազատվեցինք: Լավ է, որ նա այլեւս քաղաքական տեսադաշտում չէ, եւ հուսամ, որ այլեւս չի գա: Ես մի քիչ սուբյեկտիվ կլինեմ այս հարցում, որովհետեւ այդ մեկի հետ ունեմ լուրջ անձնական հակակրանք: Այս մեկի հետ էլ քիչ չի, բայց մեջս մի կշեռք կա, որի չափման միավորը չեմ կարող ասել:

– Իսկ եկող տարվանից ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Դա կախված կլինի իշխանությունների քայլերից: Կարծում եմ, որ եկող տարին էլ քաղաքական եւ, հատկապես, տնտեսական առումով շատ ավելի դժվար է լինելու մեր ժողովրդի համար: Առաջին հերթին՝ այս քաղաքական լարվածությունը թուլացնեն, որ մարդիկ գոնե մի ուղղությամբ մտածեն, թե ինչպես անեն, որ իրենց հանապազօրյա հացը վաստակեն: Որպես քաղաքացի՝ ավելի հանգիստ ու պաշտպանված զգան:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ցանկացավ միայն դրականը նշել:

– Համարում եմ դրական այն, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ տեղաշարժ կա: Երկրորդ մեծ արդյունքը այն է, որ մենք չենթարկվեցինք Ռուսաստանի ճնշմանը` չճանաչեցինք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն էլ կարծում է, որ 2008-ը ինքնաճանաչման տարի էր:

– Մենք սկսեցինք ձերբազատվել մի շարք պատրանքներից եւ վերադառնալ իրական կյանքն ընկալելու ճանապարհը: Եվ սա լուրջ, արմատական վերափոխումների ճանապարհ է: Մենք ապրում էինք մեր կողմից ստեղծած արհեստական աշխարհում, որը մի կողմից՝ ամեն օր յուրաքանչյուր քաղաքացու համար լուրջ դժվարություններ էր առաջացնում բարոյական, հոգեբանական ու նյութական առումներով, մյուս կողմից էլ՝ կարծես ամենուր հնչեցվում էր, թե ինչքան լավ երկրում եւ որքան լավ կյանքով ենք մենք ապրում, ինչքան ժողովրդավար ենք, գործունյա ենք, բոլոր ցուցանիշներով աճ է գրանցում եւ այլն: Մենք մեզ համար կեղծ աշխարհում էինք ապրում, որից ձերբազատվելու ժամանակն է եկել, եւ դրա համար սթափ գնահատական, տեսակետների բախում էր պետք: Վերջին հաշվով՝ մարդը պետք է ընդվզեր այս իրավիճակում, եւ դա տեղի ունեցավ: Ես նկատի ունեմ նախընտրական եւ ետընտրական շրջանն ամբողջությամբ, ամբողջ տարին փաստացի:

– Իսկ ի՞նչ վիճակ է արտաքին քաղաքականության ասպարեզում:

– Այստեղ ձեռքբերումներ չունեցանք, պարզապես պահպանվեց ճահճացած վիճակը` արտաքին քաղաքականության բացակայություն: Եվ եթե հաշվի առնենք, որ աշխարհը զարգանում է, իսկ մենք դոփում ենք տեղում, ապա կարելի է ասել, որ շարունակաբար ետ ենք ընկնում: Մենք հեշտ լուծումներ չենք ունենա, եւ պետք չի պատրանքներ ունենալ այդ տեսանկյունից, մենք անընդհատ կբախվենք դժվարությունների, որոնք կփորձենք հաղթահարել: Ներքին միասնականության ու միակարծության բացակայության առումով բավական լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնելու, բայց սա ճանապարհ է, որ պետք է անցնենք՝ որպես ազգ, որպես պետականություն ունենալ ցանկացող ժողովուրդ:

– Ձեր կարծիքով՝ 2009թ. ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որ արտաքին ու ներքին մարտահրավերների ազդեցությունը շատ ծանր չլինի:

– Պետք է հրաժարվեն ստելուց:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ 2008 թվականը մեր պետականության համար փորձությունների տարի համարեց:

– Թեպետ 2008-ը նահանջ տարի էր, բայց ես չեմ համարում, որ այդ ընթացքում մենք ունեցել ենք նահանջներ: Մենք ունեցել ենք դժվարություններ, կորուստներ: Մարտի 1-ի իրադարձությունները լուրջ ցնցում էին հասարակության եւ պետության համար, բայց պետք էր ասել, որ նոր նախագահի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից մեր պետության նավը կարծես թե ճիշտ կուրսով է գնում: Դուրս է գալիս ներքին ճգնաժամային իրավիճակներից, կարողանում է ոչ միայն դիմակայել արտաքին քաղաքական զարգացումներին, այլեւ փորձում է դառնալ այդ զարգացումները պայմանավորող սուբյեկտ: Ամենալուրջ ցնցումը կհամարեմ մարտի մեկը եւ ամենամեծ ձեռքբերումը կհամարեմ մեր պետականության ամրապնդումն այս ընթացքում: Ղարաբաղի հետ կապված, ըստ իս, հերթական չհիմնավորված գերլավատեսության ֆոնի վրա ի հայտ է եկել հայկական կողմերի շատ սկզբունքային պահվածքը` մենք ունենք որոշակի մոտեցումներ, որոնցից հրաժարվել չենք կարող անգամ փոխզիջումների ֆորմատում: Դա նախ՝ ԼՂՀ անկախության, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման խնդիրն է: 2009-ին դեռ շարունակվելու է միջազգային տնտեսական ճգնաժամը, եւ իր հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա նույնպես բարենպաստ չի լինելու:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը գտնում է, որ «Մարտի 1»-ը բոլորիս ամոթն էր, պետք է բոլորս սովորենք այն չկրկնել:

– Իսկ ինչ վերաբերում է արտաքին ճակատին, պետք է ասել, որ բավական ակտիվություն կա: Դա արդյունք է մի կողմից` Հայաստանի նախագահի վարած քաղաքականությանը, մյուս կողմից՝ օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում կատարված փոփոխությունների: Ղարաբաղյան հարցում ետ չէ, բայց կոնկրետ հարցի մեջ, չեմ կարծում, թե առաջընթաց կա: Պարզապես հետաքրքրության առավելություն է, ինչը էլի կախված է մեր տարածաշրջանում կատարված փոփոխությունների հետ: 2009-ին համաշխարհային տնտեսական տագնապի ազդեցություններն ավելի են զգալի դառնալու, կարծում եմ՝ հեշտ տարի չի անելու: Իշխանությունները եւ բոլորս բավականին մեծ պատասխանատվություն ունենք, անհրաժեշտ է, որ երկիրը նվազագույն կորուստով, նվազագույն ցնցումներով այս փուլից դուրս բերենք:

ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե որպես ՀՀ քաղաքացի՝ փափագում է, որ գոնե 2009 թվականը լավ տարի լինի:

– Բայց չկա որեւիցե նախադրյալ: Դա խոսում է այն մասին, որ զուտ տնտեսական առումով կլինի ավելի անհաջող տարի, քան այս տարին էր: Վստահ եմ, որ կխորանա նաեւ քաղաքական ճգնաժամը: ՀՀ-ի առաջ ծառացած ամենակարեւոր հարցը Ղարաբաղի հիմնախնդիրն է, որն իր անմիջական ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա: Ես չեմ ուզում ասել, որ Ղարաբաղի հարցով վատ բան եմ սպասում, բայց այդ բնագավառում էլ որեւիցե առաջխաղացում չեմ տեսնում, նույնիսկ` հակառակը: Ի՞նչ պետք է անել: Եթե այդ հարցին շատ հանգիստ մոտենանք, իշխանությունների ամենամեծ քայլը, որ կփրկի իր ժողովրդին այս վիճակից, կլինի հրաժարականը: Մարդկանց անվտանգության հետ կապված տարրական, նույնիսկ զուտ ֆիզիկական խնդիրներ կան Հայաստանում: Չկա գրեթե մի շաբաթ, մի օր, որ մենք ականատես չլինենք բռնի սպանության կամ կողոպուտի: Եվ տպավորություն է ստեղծվում, որ օրինապահ ուժերը ձեռքները ծալած-նստած են կամ էլ հովանավորում են այդ պրոցեսներին: Այլ երկրում, այլ միջավայրում նման իրավիճակի ականատես չենք կարող լինել: 2009-ին ավելի ծանր կլինի: Զբաղեցնելով պետական պաշտոն` մարդ պիտի խելագար լինի, որ ժողովրդին ճշմարտությունը չասի, թե այսօր Հայաստանում գնալով շատ ավելի ծանր վիճակ է ստեղծվում զուտ տնտեսական առումով: Եթե ամբողջ աշխարհն աղաղակում է, թե 2009-ի փետրվարին տնտեսական աղետը խորանալու է, մենք ասում ենք, թե դա Հայաստանի վրա չի ազդելու: Կամ պիտի ուղղակի հիմար լինել, կամ էլ Հայաստանն ընդհանրապես տնտեսություն չունի, որ ազդեցությունը չի լինելու: Երկուսն էլ կործանարար է մեզ համար:

– Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք այդքան տխուր ներկայի պայմաններում:

– Ես հույս ունեմ, որ մինչեւ այս տարվա վերջ քաղբանտարկյալները դրսում կլինեն ու Նոր տարին կդիմավորեն ազատության մեջ: