Ավարտվում է 2008 թվականը: Եվ Նոր տարվա շեմին, ամփոփելով անցնող տարին, կցանկանայի հասկանալ` ի՞նչ տվեց այն մեզ` հայերիս: Քաղաքական առումով տարին բավական լարված էր: Բայց դա բնական է: Ամեն նորի ծնունդ էլ ուղեկցվում է դժվարություններով: Իսկ որոշ դեպքերում՝ նաեւ բարդություններով: Եվ քանի որ Հայաստանն այս տարի ունեցավ նոր նախագահ եւ նոր ընդդիմություն, ապա վերոնշյալ դժվարություններն ու բարդություններն ավելի շատ բնական երեւույթների տիրույթում են: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այստեղ, դժվար չէ կռահել, որ հիմնական դժվարությունները դեռ առջեւում են` գալիք 2009-ին:
Տարին սկսվեց շատ լարված, ինչն իր հանգուցալուծումը ստացավ մարտի 1-ին: Ցավոք սրտի, այդ հանգուցալուծումը ողբերգական էր: 10 զոհ, տասնյակ քաղբանտարկյալներ եւ, ինչպես միշտ` ոչ մի պատասխանատու կատարվածի համար:
Եվ այսպես, 2008թ. հայերն ունեցան ոչ միայն վերանորոգված Մարզահամերգային համալիր, այլեւ Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի մարզադպրոց: Հուսանք, որ այդ մարզադպրոցի սաները մի քանի տարի հետո մեր շախմատիստների օրինակով մեզ կուրախացնեն: Ի դեպ, այս տարի մենք ունեցանք նաեւ Շախմատի օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ: Սա իր հերթին առիթ ստեղծեց, որպեսզի մեր լրագրողները նոր բառակապակցություն ստեղծեն` շախմատային գերտերություն: Հասկանալի է։ Ամբիցիոզ ազգ ենք եւ գոնե ինչ-որ մի հարցում ուզում ենք գերտերություն երեւալ: Սա միակ ոլորտն է, որտեղ, փաստորեն, ոչ թե մենք ենք Ռուսաստանի ֆորպոստը, այլ Ռուսաստանն է մեր ֆորպոստը: Քանի որ սպորտի թեմայից խոսեցինք, կարելի է շարունակել այն: Երկար սպասումներից հետո, վերջապես կրկին ունեցանք օլիմպիադայի մրցանակակիրներ եւ Եվրոպայի չեմպիոններ ծանրամարտում, բռնցքամարտում եւ ըմբշամարտում: Ունեցանք նաեւ ֆուտբոլային դիվանագիտություն: Ցավոք սրտի, ֆուտբոլ այդպես էլ չունեցանք:
Հայերն այս տարի, վերջապես, մոտիկից տեսան մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանին, Պիտեր Գաբրիելին, եւ «ժիվոյ» լսեցին Ալ Ջերոյին, Տաթեւիկ Հովհաննիսյանին, Զուկկերոյին, Ալան Փարսընսին, Դերեկ Շիրինյանին, Անդրեաս Վոլենուայդերին, Բորիս Գրեբենշչիկովին եւ այլոց: Ցավոք սրտի, տեղացի հայ աստղերից շատերին «ժիվոյ» (առանց ֆոնոգրամայի) լսել այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը, ազգն ունեցավ անսահմանափակ քանակությամբ «ժիվոյ» լեգենդներ` սերիալների հերոսների տեսքով: Եվ 20-30 տարի հետո այսօրվա հայ դպրոցականներն իրենց երեխաների մոտ հանգիստ խղճով կարող են հպարտանալ, որ եղել են Հովոյի եւ Գոռի ժամանակակիցները ու նրանց հետ միասին նույն օդն են շնչել: Իսկ Սիրուշոն «Եվրատեսիլում» գրավեց չորրորդ տեղը ու հետո նշանվեց:
Երեւանյան վարորդները (ինչպես նաեւ՝ մայրաքաղաքի հյուրերը) ունեցան նոր ավտոճանապարհային հանգույցներ, ինչը բավականին թեթեւացրեց երթեւեկությունը: Այնպես որ, մոսկվայաբնակ հայերը կարող հանգիստ խղճով վերադառնալ հայրենիք: Արդեն մենք էլ մեր «ՄԿԱԴ»-ն ունենք: Ասում են, որ այդ ճանապարհը դեռ իր շարունակությունը պետք է ունենա մինչեւ Երկաթուղային կայարան: Ի դեպ, հայ-հայ էր` Թուրքիայի հետ երկաթուղային կապ ունենայինք, բայց առայժմ «չկպավ»:
Ունեցանք Վիլյամ Սարոյանի, դրամի եւ նարդու արձաններ: Ազգն իմացավ, որ հայկական ջազը 70 տարեկան է: Գրողների ու Նկարիչների միություններն ունեցան հին նախագահներ: Գերատեսչությունների եւ հեռուստատեսությունների աշխատանքում նոր աշխատաոճ մտավ` թեժ գիծ: Եթե թեժ գծի մոգոնողները որոշեն գովազդել այն, ապա գովազդային հոլովակը կունենա հետեւյալ բովանդակությունը. «Զանգահարեք մեր թեժ գծին` որքան Ձեր սիրտն է կամենում եւ բողոքեք` ում դեմ ուզում եք: Միեւնույն է, Ձեզ բանի տեղ դնող չկա: Մենք պռոստը ձեւեր ենք թափում, իբր լավ ենք աշխատում»:
Բանկերն էլ նոր վարկեր չեն տալիս:
Քաղաքական դաշտում եւս նորությունների պակաս չէր զգացվում: Բացի նոր նախագահից, ունեցանք նոր ԱԽՔ, ԱԺ նոր նախագահ, նոր վարչապետ, մի շարք նոր նախարարներ: Անգամ հին նախագահը նոր գրասենյակ ունեցավ: Իմիջիայլոց, բացի հայերից, նոր նախագահ ունեցան նաեւ ռուսներն ու ամերիկացիները: Իսկ ամերիկացիների հին նախագահին անգամ հասցրեցին կոշիկներով խփել: Բայց, ի տարբերություն մեզ, այնտեղ խփողին «Պապլավոկում» «սամասուդ» չարեցին: Երկարատեւ ընդմիջումից հետո կրկին ունեցանք ԱՄՆ դեսպան:
Հարկայինն ու մաքսայինը միացան, իսկ Աբխազիան ու Օսիան վերջնականապես անջատվեցին Վրաստանից: Տարոսը Ղարաբաղին:
Կարծում եմ՝ 2008թ. շատերին է հաճույք կամ տհաճություն պատճառել: Բայց կարծում եմ՝ «էս ազիզ օրով» չարժե խոսել տհաճ բաների մասին: Իսկ մնացած հարցերում այս տարին շատ նման էր մնացած բոլոր տարիներին: Հազարավոր նոր հայեր են ծնվել, հետեւաբար՝ կրկնակի քանակությամբ հայեր ծնող են դառել եւ քառակի` պապիկ-տատիկ, հազարավոր պատանիներ առաջին անգամ սիրահարվել են եւ առաջին անգամ համբուրվել, նոր շրջանավարտներ եւ առաջինդասարանցիներ, նոր մասնագետներ եւ նորապսակներ: Եվ թող Նոր՝ 2009 թվականը, սպասվող բոլոր դժվարություններով հանդերձ, լինի առողջության եւ երջանկության տարի աշխարհի բոլոր հայերի համար:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր: