«Սեփականատերերը 24 ամսվա ընթացքում, բաժնետոմսերի ձեռքբերման պայմանագրի կնքումից հետո, կատարել են 40 միլիոն դոլարի ներդրումներ գործող արտադրությունում»,- վերջերս թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը: Մեր տեղեկություններով, սակայն, սա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: «Նաիրիտին» մոտ կանգնած աղբյուրների համաձայն, այդ գումարները ծախսվել են ոչ թե հիմնական միջոցների` մեքենաների, սարքավորումների ձեռքբերման, արտադրության նորացման, այլ ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար (աշխատավարձի վճարում, հումքի, օժանդակ նյութերի ձեռքբերում եւ այլն): Մինչդեռ «Ռայնովիլ փրոփըրթի լիմիթեդ» ընկերությունը, որին պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը, ձեռքբերման պայմանագրով պարտավորվել էր առաջիկա 5 տարում կատարել,120 միլիոն դոլարի ներդրում, ինչպես նաեւ՝ մինչեւ 2008թ. հունվար ամիսը անցնել բութադիենի տեխնոլոգիայով քլորոպրենային կաուչուկի արտադրությանը: Դա հնարավորություն կտար ընկերությանն արտադրել տարեկան 25 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ եւ աշխատել շահույթով: Սակայն մինչեւ հիմա գործարանը աշխատում է ացետիլենի հիմքի վրա, արտադրում տարեկան 5-8 հազար տոննա կաուչուկ, այսինքն` աշխատում է վնասով (ացետիլենային տեխնոլոգիայով աշխատանքի առավելագույն հզորությունը տարեկան 10 հազար տոննա է): «Նաիրիտը» չի կարողանում մարել սպառած էլեկտրաէներգիայի պարտքերը, ուստի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հոսանքազրկել է այն: Արդյունքում՝ հոկտեմբերի 25-ից «Նաիրիտի» ղեկավարությունը դադարեցրել է ացետիլենի արտադրությունը, սակայն գործարանի տեխնոլոգիան այնպիսին է, որ աշխատանքը վերջնականապես դադարեցնելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ: Գործարանի աշխատանքի դադարեցման ամսաթիվն իրականում պետք է համարել հոկտեմբերի 25-ը: Դրանից հետո գործարանը վերջնականապես կանգնեցնելու համար ՀԷՑ-ը համաձայնել է մատակարարել եւս 8 մեգավատտ էլեկտրաէներգիա: Այսօր արդեն, փաստորեն, «Նաիրիտը» ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքները: Այսինքն` գործարանի չաշխատելու պատճառը ոչ թե տնտեսական ճգնաժամի հետեւանքով «Նաիրիտի» արտադրանքի պահանջարկի նվազումն է, ինչպես հայտարարում են «Ռայնովիլի» ղեկավարները, այլ այն, որ ընկերությունը չի կարողանում մարել պարտքերը եւ ստիպված ժամանակ առ ժամանակ դադարեցնում է արտադրությունը: Իսկ ընդհատումներով աշխատելու պատճառով «Նաիրիտը» չի կարողանում կնքել երկարաժամկետ պայմանագրեր, քանի որ երկարաժամկետ պայմանագրերի կարեւորագույն կետերից մեկը մատակարարման կայունությունն է: Ուստի մնում են, այսպես ասած, «պատահական» գնորդների հույսին: Այսինքն` «Ռայնովիլի» նպատակն իրականում բութադիենային եղանակով երկարաժամկետ արտադրություն ստեղծելը չէ: Ընդհանրապես «Ռայնովիլը» «Նաիրիտն» աշխատեցնում է այսպես. բանկերից վարկեր է վերցնում (բավական բարձր տոկոսադրույքներով) եւ աշխատավարձ տալիս, իսկ վարկի մնացած մասով փորձում կատարել մյուս ընթացիկ ծախսերը: Հիմա ընկերության ղեկավարությունը փորձում է «փող ճարել» հերթական բանկից` աշխատանքները վերսկսելու, աշխատավարձ վճարելու համար: Դա նրան, սակայն, կարծես թե չի հաջողվում, քանի որ մինչ այժմ լուծված չէ ԱՊՀ Միջպետական բանկից վերցրած վարկի մի մասի` անհայտացած 30 միլիոն դոլարի ու կուտակված տոկոսադրույքների վերադարձման հարցը: Հիշեցնենք, որ 2006թ. «Ռայնովիլը» «Նաիրիտի» բաժնետոմսերը ձեռք բերելու գործարքը կատարելու համար իր բաժնեմասը գրավ դրեց ԱՊՀ Միջպետական բանկում, վերցրեց 70 մլն դոլար վարկ, որից 40 մլն-ը վճարեց «Նաիրիտի» պարտքերը փակելու (ոչ թե տեխնոլոգիական վերազինման, նոր սարքավորումների տեղադրման) համար, իսկ 30 միլիոնն անհետ կորավ: Մեր նախորդ հոդվածում նշել էինք, որ ԱՊՀ Միջպետական բանկի ղեկավարությունը, նաեւ՝ ՌԴ ԿԲ-ն, դիմել են ՀՀ կառավարությանը` այդ խնդրին լուծում տալու, այսինքն՝ վարկը վերադարձնելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը 1 ամիս ժամկետ էր խնդրել լուծում գտնելու համար: Այժմ, ըստ որոշ լուրերի, այդ ժամկետը ռուսական կողմը երկարաձգել է մինչեւ 2009թ. մարտի մեկը: Ուստի փետրվարի մեկից աշխատանքները վերսկսելու «Ռայնովիլի» ղեկավարության հավաստիացումները փոքր-ինչ տարօրինակ են, քանի որ դժվար թե որեւէ բանկ համաձայնի նման վարկային պատմություն ունեցող «Ռայնովիլին» վարկ տրամադրել: Սակայն չպետք է թերագնահատել ղեկավարության հնարամտությունը, որոնք, ըստ մեր տեղեկությունների` հերթական անգամ փորձելու են ապամոնտաժել ու ծախել «Նաիրիտի» թանկարժեք սարքավորումներից եւս մեկը: Այսօր բանակցություններ են վարվում օդամղիչ հարմարանքը ապամոնտաժելու համար: Խոսքը մի քանի կիլոմետր երկարություն ունեցող խողովակների մասին է, որոնց միջոցով Մասիսի շրջանի գյուղերից մաքուր օդ է մղվում գործարան, քանի որ գործարանի շրջապատի օդը կեղտոտ է: Մաքուր օդը որպես հումք օգտագործվում է թեթեւ բենզինները ճնշման տակ այդ օդի թթվածնով օքսիդացնելու եւ օրգանական թթուների` քացախաթթվի, մրջնաթթվի, պրոպինաթթվի ստացման համար: Այսինքն` սկսվել է «Նաիրիտի» քայքայման նոր փուլը, ինչպես ժամանակին նույն ձեւով ապամոնտաժվեց եւ Չինաստանում վաճառվեց կարեւորագույն հոսքային գծերից մեկը: Ըստ որոշ լուրերի, վերը նշված օդամղիչ խողովակները գնահատել են եւ որոշել են վաճառել 300-330 միլիոն դրամով, ինչը, բնականաբար, շատ ավելի ցածր է դրանց շուկայական գնից: Գնորդները հայտնի չեն, բայց այդ խողովակների պահանջարկը կա նաեւ Հայաստանում: