Ծննդյան տոների նախօրեին CNN-money կայքը հայտնել է ԱՄՆ-ի գործարար աշխարհի հերոսների եւ «լուզերների» ցուցակը. անցնող տարում ցուցակի տարբեր բեւեռներում են հայտնվել ներդրումային գուրու Ուորեն Բաֆետը եւ Համերկրային պահուստային համակարգի նախկին ղեկավար Ալան Գրինսպենը: Հռչակավոր ներդրողը եւ Berkshire Hathaway բազմապրոֆիլային կորպորացիայի ղեկավարը, որն ըստ Forbes-ի՝ գլխավորում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը, գերել է խուճապի մատնված շուկայի սրտերը՝ միլիարդների ներդրումներ կատարելով սասանված ազգային այնպիսի հսկաների կապիտալներում, ինչպիսիք են General Electric-ը եւ Goldman Sachs-ը: Երբ Ուոլ սթրիթին պատել էր խուճապը, Բաֆետը «New York Times» թերթում հրապարակեց իր «Գնեք Ամերիկան: Ես արդեն անում եմ դա» մանիֆեստը՝ գործարար աշխարհի աչքերում դառնալով, եթե ոչ ամենահեռատես ներդրողն, ապա «կապիտալիստական աշխատանքի» անվիճելի ազգային «հերոսը»: «Նա վստահություն ներշնչեց ներդրողների շրջանում եւ նյարդայնացած հանրությանը պարզորոշ բացատրեց իր վարմունքի դրդապատճառները՝ հակադրելով խուճապին»,- գրում է CNN-money-ը: Տարին ամրապնդեց լեգենդար ներդրողի վարկը եւ ոչնչացրեց մի այլ ֆինանսական գուրուի՝ Ալան Գրինսպենի անունը, որը գլխավորում է «զրոների» ցուցակը: Այժմ ԱՄՆ-ում ոչ վաղուցվա կուռքին եւ Համերկրային պահուստային համակարգի նախկին ղեկավարին մեղադրում են այն բանում, որ հենց նրա կառավարման ժամանակ է` 18 տարվա ընթացքում ստեղծվել «պղպջակների»` տնտեսությունն էժան վարկերով լցնելու համակարգը: Սկզբում այս պրակտիկան հանգեցրեց «դոտկոմների սնանկացման», իսկ ապա նաեւ ներկայիս հիպոթեքային ճգնաժամին, որը տարածվեց գլոբալ տնտեսության վրա: Գրինսպենին մեղադրում են այն բանում, որ, «աշխուժացնելով» գործարարությունը, նա չափից երկար ժամանակ եւ չափից ցածր մակարդակում պահեց տոկոսադրույքը, ինչը նպաստեց անխոհեմ փոխառություններին: