Արձագանքում են

23/12/2008

Անդրադառնալով թուրք մտավորականների՝ 1915 թ. իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու վերաբերյալ ինտերնետում սկսած ստորագրահավաքի արշավին եւ դրա դեմ թուրք թոշակառու դեսպանների արտահայտած բողոքին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է. «Նման հարցեր Թուրքիայում կարող են քննարկվել, դա թուրքական հասարակության մեջ բազմակարծության վկայությունն է»: Այդ մասին Գյուլը հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում: «Թուրքիան տեսակետները բացահայտ արտահայտելու հնարավորության երկիր է: Խմբերն ու մարդիկ կարող են արտահայտել իրենց կարծիքները նաեւ այդ հարցի հետ կապված: Որպես պետություն՝ մեր գործելակերպը հետեւյալն է` բոլոր հարեւանների հետ հարաբերությունները բերել ամենալավ կետի, վստահություն եւ կայունություն հաստատել եւ ավելին, նպաստել տարածաշրջանում բարեկեցության ապահովմանը,- ասել է նա` ավելացնելով,- Խնդիրների գոյությունից ու շարունակումից ոչ ոք չի շահում»: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Գ.Պրվանովի հետ հանդիպումից հետո, լրագրողների տված նույն հարցին ի պատասխան՝ ասել է, որ իրեն «հասկանալի չէ» հայերից ներողություն խնդրելու վերաբերյալ թուրք մտավորականների սկսած արշավը: «Չարածս բանի համար չեմ կարող ներողություն խնդրել: Նման գործողությունները խառնում են շրջապատն ու հասարակական հանգստությունը», – հայտարարել է Էրդողանը: Ըստ «Սաբահի», թուրքական ozurdiliyoruz.com կայքում երեկ սկսված արշավին 1,5 օրվա ընթացքում միացել է 7 հազար 144 մարդ: