Նախատոնական օրերին մայրաքաղաքի փողոցներում եղեւնիների ու սոճիների հասցեավորված վաճառքը կվերահսկվի Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության կողմից: Դա, ինչպես «Panorama.am»-ին ասել է Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Սարգիս Թումանյանը` քաղաքապետի կարգադրությունն է: Բացի այդ, մինչեւ հունվարի 14-ը վերահսկողություն կսահմանվի, որպեսզի Հանրապետության հրապարակում, բացի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով նախատեսված ապրանքներից (բնական զովացուցիչ հյութեր, քաղցրավենիք, փուչիկներ), այլ ապրանքատեսակ չվաճառվի: Թումանյանի խոսքերով, այս տարի եւս Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության տեսուչները մայրաքաղաքում նախատոնական եւ տոնական օրերին կվերահսկեն փողոցային առեւտուրը: Վարչության աշխատակիցները, թաղապետարանների եւ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ՝ վերահսկողություն կսահմանեն մայրաքաղաքի բոլոր համայնքներում, որպեսզի նախատոնական եւ տոնական օրերին փողոցային առեւտուր իրականացնողներն ապրանքները տեղափոխեն շուկաներ: Նշենք, որ արդեն մի քանի օր է` Երեւանի բազմաթիվ փողոցներում վաճառվում են բնական եղեւնիներ: