«Հայաստանում գիտությունը ծերացել է. ոլորտում ընդգրկված աշխատողների միջին տարիքը՝ 52, գիտության դոկտորներինը՝ 62-63 տարեկան է»,- այս տվյալները երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյան: «Շատ կարեւոր է, որ հանրապետությունում գիտական աստիճան ստացողների թիվը բավականին մեծ է: Ամեն տարի մեզ մոտ պաշտպանում են շուրջ 500 գիտության թեկնածուներ ու դոկտորներ, բայց նրանց չնչին մասն է մտնում գիտության մեջ աշխատելու»,- նշել է նա: Ըստ նրա, պատճառները տարբեր են, բայց առաջնայինը աշխատավարձերի ցածր լինելն է, այդ իսկ պատճառով էլ գիտության ոլորտը երիտասարդների համար անհրապույր է դարձել: Անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի այս տարվա կատարած աշխատանքներին, Ս. Հարությունյանը նշել է, որ մի շարք կարեւոր ծրագրեր են իրականացվել, մասնավորապես, «Հայ գիտնականների ներուժի համախմբման» ծրագիրը, որը կներկայացվի կառավարության քննարկմանը: «Մենք արտերկրում ունենք բազմաթիվ հայազգի գիտնականներ, ովքեր գիտության մեջ ազդեցության լուրջ ոլորտներ ունեն, ու մենք մտադիր ենք ազգությամբ հայ գիտնականներին ու տեղացի հայ գիտնականներին համախմբել, ու նպատակ ենք հետապնդում օգտագործել այն հայ գիտնականների ներուժը, ովքեր գտնվում են արտասահմանում»,- ասել է նա: Բացի այդ, կոմիտեն մշակել է գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքները եւ ներկայացրել գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքների չափանիշն ու կարգը հասատելու մասին կառավարության որոշման նախագիծ: Բյուջետային գործընթացների շրջանակներում մշակվել է, ինչպես նա է նշել, Հայաստանի գիտության ոլորտի 2009-2012 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, պատրաստվել է 2008-ին պետական բյուջեից գիտական, գիտատեխնիկական գործունեության պայմանագրային կամ թեմատիկ ֆինանսավորում իրականացվող թեմաների մրցույթում ֆինանսավորմամբ երաշխավորված եւ Կրթության ու գիտության նախարարության կողմից հաստատված գիտական թեմաների ցանկը, որն ընդգրկում է 12 ոլորտ եւ 117 գիտական կազմակերպություն: «Մենք այս տարվա ընթացքում միջազգային տարբեր կառույցների ու տարբեր երկրների հետ մի շարք համաձայնագրերի նախագծեր ենք նախապատրաստել, որոնց մի մասը ստորագրվել է, իսկ մյուս մասը դեռ նախապատրաստական փուլում է գտնվում»,- ասել է կոմիտեի նախագահը: