Գները փոխվել են

23/12/2008

Հանրապետության շուկաներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ որոշ գյուղմթերքներ կրել են գնային փոփոխություններ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ընկերությունում, նախորդ ամսվա համեմատությամբ զգալիորեն նվազել է կարտոֆիլի գինը եւ ներկայումս վաճառվում է 106-130 դրամով: Նշենք, որ նախորդ տարվա այս օրերին այն վաճառվել է 170-224 դրամով, իսկ 2006-ին` 190-240: Խոզի եւ գառան մսի վաճառքի գինը, համապատասխանաբար, 2890 եւ 1850 դրամ է, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմում է 44,6 եւ 13,5տոկոս: Տավարի մսի եւ պանրի վաճառքի գները տատանվում են 1500-1580 եւ 1260-1540 դրամի սահմաններում: Այսինքն` տավարի մսի գինն աճել է՝ 9,1, իսկ պանրինը՝ նվազել 3,1 տոկոսով: Գլուխ սոխի արժեքը նվազել է 27,9 տոկոսով, եւ վաճառվում է 130-180 դրամով, իսկ ճակնդեղինն աճել է 18,2 տոկոսով, եւ վաճառվում է 200-240 դրամով: Այս տարվա նոյեմբերի համեմատ 56,2 տոկոսով կամ 267 դրամով ավելացել է պոմիդորի գինը եւ վաճառվում է 380-570 դրամով, 25,9 տոկոսով կամ 145 դրամով` վարունգի գինը եւ վաճառվում է 480-640 դրամով: Խաղողի 1 կգ-ն ներկայումս 410-740 դրամ է. նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 27,8 տոկոսով: Դրա փոխարեն՝ 2,4- 4,6 տոկոսով նվազել են տանձի եւ խնձորի գները եւ վաճառվում են 310-800 եւ 140-480 դրամ միջին գնով: