WOW, դաս իսթ ֆանթասթիշ

23/12/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբեւէ փորձե՞լ եք զրուցել ամերիկյան կրթություն ունեցող, որոշ ժամանակ ամերիկաներում բնակված եւ ներկայումս որեւէ միջազգային կազմակերպությունում աշխատող երիտասարդների հետ։ Կամ գոնե կողքից լսե՞լ եք՝ ինչպես են նրանք խոսում մեկը մյուսի հետ։

Իսկ նման զրուցի «տիպային մոդելը» հնչում է մոտավորապես այսպես. «Այս վերջին շրջանում «սքեդյուլս» (այսինքն՝ գրաֆիկս) շատ ծանրաբեռնված է, «դեդլայններիս» (վերջնաժամկետներիս) չեմ հասցնում, պետք է այն «ըդջասթ» (համապատասխանեցնեմ) անեմ, որ ամեն ինչ OK լինի, եւ «սիօ»ն (CEO-chief executive officer կամ պարզապես տնօրեն) նկատողություն չտա»։ Ընդ որում, այս ամենը համեմվում է տիպիկ ամերիկյան ոճի միջանկյալ բառերով, ասենք՝ well, you know, anyway, իբր զարմացած ժամանակ՝ «wow!!!», եւ իբր զայրացած ժամանակ՝ sheet, կամ ամերիկաներում մի քիչ ավելի երկար ժամանակ ապրածների դեպքում՝ նաեւ «fuck» արտահայտությամբ։ Ի դեպ, վերջին արտահայտությունը, որքան էլ զարմանալի թվա, ավելի հաճախ օգտագործում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Չէ, Լեզվի պետական տեսչության գործառույթների վրա ամենեւին աչք չունենք. մարդիկ ինչպես ուզում, այնպես էլ խոսում են՝ մոդայիկ է, ավելի կրթված են ու ինտելեկտուալ են ցանկանում երեւալ (ինչպես ժամանակին՝ ռուսերենի դեպքում), կամ ուզում են ցույց տալ, որ իրենք արտասահմանյան կրթություն ունեն։ Նշեմ նաեւ, որ վերեւում ասացի՝ «իբր զարմացած», կամ «իբր զայրացած», որովհետեւ ինքս էլ բավականին երկար ժամանակ շփվելով ամերիկացիների եւ անգլիացիների հետ՝ կարող եմ ասել, որ նրանք շա՜տ հավասարակշռված մարդիկ են, հազվադեպ են իսկապես զարմանում եւ առավելեւս՝ լրջորեն զայրանում։ Եթե առօրյա կյանքում կամ, ասենք, երիտասարդների շփման մեջ այս երեւույթին կարելի է նորմալ վերաբերվել, ապա, մեղմ ասած, տարօրինակ է, երբ այս խոսելաոճը թափանցում է իշխանական ապարատ, դառնում քննարկումների, ասուլիսների լեզուն։ Սակայն շա՜տ ավելի վատ է, երբ փորձում են տիպիկ անգլերեն արտահայտությունները թարգմանել հայերեն՝ «մենք խրախուսում ենք», «մենք քաջալերում ենք», «մարտահրավերներ», «հզորություններ», «քաղաքականությունՆԵՐ» եւ այլն։ Այսինքն, խոսում են հայերեն՝ առաջին հայացքից, բայց բան չես հասկանում, որովհետեւ հայերեն չէ մտածված։ Հատկապես տնտեսական ոլորտին վերաբերող ասուլիսների ժամանակ մեր պաշտոնյաներից ոմանք սիրում են օգտագործել անգլերեն հապավումներ՝ «առընդի», «այփիո» եւ այլն։ Ով կհասկանա՝ լավ, ով չի հասկանա՝ ավելի լավ։ Թեմաներն էլ այնքա՜ն բարեհունչ են՝ բարձր տեխնոլոգիաներ, տեխնոպարկեր, հայկական ընկերությունների արժեթղթերի մուտք միջազգային ֆոնդային բորսաներ եւ այլն։ Կողքից լսելով, մի պահ կտրվում ես իրականության զգացումից, թվում է՝ Շվեդիայում ես ապրում, եւ թոշակառուն էլ ամսական 40 դոլար չի ստանում։ Սա դեռ փառք է. այս դեպքում՝ գոնե ինչ-որ բան հասկանում ես։ Ավելի վատ դեպքեր կան, երբ ոչինչ չես հասկանում՝ այն էլ մաքուր հայերեն խոսքի ժամանակ։ Դա էլ է բնորոշ ամերիկյան կրթություն ունեցողներին։ Օրինակ՝ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին միշտ դժվար է եղել հասկանալ։

Սակայն խոսենք տնտեսական ոլորտից ու ներկա պաշտոնյաներից՝ օրինակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանից։ Ոչ ոք չի կասկածում, որ Ն. Երիցյանը շատ կրթված մարդ է, լավ տնտեսագետ եւ ՀՀ քիչ թվով ներկայանալի ու պարկեշտ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Սակայն հարցերին անհասկանալի պատասխանելու, ավելի ճիշտ՝ չպատասխանելու առումով, պրն Երիցյանն անկրկնելի է։ Օրինակ, երեկ «Չորրորդ իշխանություն» թերթում մի փոքրիկ հարցուպատասխան կար Ն. Երիցյանի հետ։ Բացառիկ նմուշ է, դրա համար էլ մեջբերենք։

– Պարոն Երիցյան, ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ գործող գործարանը փակվում է։ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, որ շատ երկրներում «Բջնին» դարձել է Հայաստանի բրենդը, բայց այդ գործարանն այսօր չի աշխատում, մեր երկրի տնտեսությանը որեւէ կերպ չի՞ վնասում այս ամենը։

– Ես կարծում եմ, որ պարոն Սուքիասյանը նաեւ ինչ-որ ջանքեր է թափել, որ իր բրենդը փրկի։ Բրենդն իր սեփականությունն է։

– Ի՞նչ ջանքեր է գործադրել փրկելու համար։ Դուք ինչ-որ բա՞ն գիտեք։

– Գրանցել է, իր սեփականությունն է դա։

– Հիմա ի՞նչ կարող է անել, նոր գործարա՞ն բացել։ Դա՞ նկատի ունեք։

– Չգիտեմ՝ իր պլաններն ինչպիսին են, իր հետ չեմ խոսել։

Օրինակ ես՝ որպես ընթերցող՝ շատ էի ցանկանում իմանալ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի կարծիքով, «Բջնիի» հետ կատարվածը արդյոք չի՞ վնասում մեր տնտեսությանը։ Եվ որպես պատասխան՝ կարդում եմ, որ «բրենդն իր սեփականությունն է»։ Բայց ես դա գիտեի։ Գիտեի նաեւ, որ Խ. Սուքիասյանը՝ ինչպես ցանկացած նորմալ մարդ, պետք է ձգտեր փրկել իր սեփականությունը։ Եվ վերջապես, գիտեի, որ Ն. Երիցյանը դժվար թե կարողանար խոսել Խ. Սուքիասյանի հետ, քանի որ վերջինս ընդհատակում է։ Փաստորեն, լրագրողի տված երեք հարցին Ն. Երիցյանը պատասխանել է, սակայն… չի պատասխանել։

Լինում է նաեւ այնպես, որ հարցուպատասխանին ավելի երկար ժամանակ է տրվում (օրինակ, ասուլիսի ժամանակ), սակայն դարձյալ չես ստանում հարցի պատասխանը։ Օրինակ, այն հարցին ի պատասխան, թե ե՞րբ կլինի, որ Հայաստան միայն մեկ հոգի շաքարավազ չներմուծի, կարող եք լսել, թե գլոբալացման պայմաններում, միջազգային տնտեսությանը լիարժեք ինտեգրվելու դեպքում ինչ օգուտներ կարող է բերել առողջ մրցակցությունը…

Գոնե լավ է, որ գեղեցիկ են խոսում։ Եվ լրագրողների համար բավականին հեշտ է նրանց գրագետ խոսքից ռեպորտաժ պատրաստել՝ խոսքերի մի մասը «սինքրոն» տալով (ուղղակի խոսքը ներկայացնելով), մյուս մասն էլ՝ մտցնելով իրենց «հեղինակային» տեքստի մեջ։ Լինում է նաեւ, որ գեղեցիկ լռում են, օրինակ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին։ Հետո գեղեցիկ խախտում են լռությունը՝ ազդարարելով դրա առաջին ալիքի հաղթահարման մասին։ Եվ առհասարակ, Տիգրան Սարգսյանը հայոց լեզվի նշաձողը հայրենի կառավարությունում նկատելիորեն բարձրացրել է։

Իսկ «անգլահոգի» հայերենով կազմված ճառերը, զեկույցներն ու ելույթները մի բան են ցույց տալիս՝ աղբյուրը։ Ոչ թե լեզվական իմացությունների, այլ այդ ելույթներում նշվող անելիքների ու ծրագրերի ծննդավայրը՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ եւ այլն, որոնց հետ հայրենի կառավարությունը համաձայնեցնում է իր բոլոր քայլերը, որ փող տան։

Ու թերեւս տարբեր ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների օտարերկրացի ղեկավարների հետ շատ շփվելու արդյունքում՝ մեր պետական պաշտոնյաները ոչ միայն փոխում են խոսելաոճը, այլ մի պահ կտրվում իրականությունից, մտածում, որ Հայաստանը գտնվում է Գերմանիայի եւ Ֆրանսիայի մեջտեղում։

Այսքան գրելուց հետո, թերեւս, ինքս ինձ հակասեմ, բայց պիտի խոստովանեմ, որ պատասխաններն իրականում ոչինչ չասող չեն, ինչ-որ իմաստով կոդավորված են։

Դիցուք, Ներսես Երիիցյանի հարցուպատասխանի նկատմամբ եթե կիրառենք պարզ մաթեմատիկական գործողություն, այսինքն՝ կրճատենք համարիչն ու հայտարարը, կստանանք այսպիսի մի բան։ «Մեր երկրի տնտեսությանը որեւէ կերպ չի՞ վնասում այս ամենը», «Բրենդն իր սեփականությունն է»։ Ստացվում է՝ իր բրենդն է, իր սեփականությունը, ինքն էլ պետք է այն փրկի։ Տնտեսություն ասվածն ուրիշ բան է, մասնավոր մեկին պատկանող բիզնեսն ու բրենդը՝ մեկ այլ։ Կոշիկի արհեստանո՞ց ունես՝ խլե՞լ են։ Քո խնդիրն է, պետությունն ինչ կապ ունի։ Բիզնես ունես, ու փոխարժեքի տատանումներից սնանկանո՞ւմ ես՝ ի՞նչ գործ ունես պետության հետ, արդիականացիր, լուծի՛ր քո խնդիրները։ Պետությունը զբաղվում է ավելի լայն, գլոբալ, վեհ, գաղափարական բաներով՝ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, որպես առանձին, հասարակ մահկանացուներից վեր կանգնած մի երեւույթով։ Գովերգում է այդ երեւույթը, քաջալերում, որ դիմանա մարտահրավերներին, զարդարում գեղեցիկ թվերով, կենդանակերպի նշաններով։ Ու այդ հույժ կարեւոր գործի համար, եթե պետք է, կտրում է ՔՈ՛ բիզնեսի ժապավենը, խոսում քո մասին այնպես «արքով», որ մտածում ես՝ գիշերը քեզնից թաքուն աշխատել է քո բարօրության համար։ Քի՞չ է։ Իհարկե ոչ։ Դրա համար էլ պիտի փոխհատուցես, հարկեր վճարես, որովհետեւ, երբ խոսքը վերաբերում է հարկերին՝ բրենդն էլ, բիզնեսն էլ, մարդն էլ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ մասն են։ Եվ եթե ցանկանում եք, որ ձեր բիզնեսն ու ձեր բրենդը հաշտ ու խաղաղ ապրեն ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ու նրա պահապան հրեշտակ կառավարության հետ, ապա «ըդջասթ» արեք ձեր քաղաքական հայացքները, հիացած ասեք՝ «wow!!!», երբ հարկային ու մաքսային մարմինները ձեզ ներկայացնեն փոփոխությունների հերթական փաթեթը, ձեր «սքեդյուլից» մի վայրկյան իսկ մի տրամադրեք որեւէ ընդդիմադիր մարդու հետ շփվելու համար, այլապես ձեր բիզնեսի «դեդլայնը» շատ արագ վրա կհասնի։