Գիտատեխնիկական հզոր առաջընթացից հետո, երբ մարդու աշխարհայացքը զգալի փոփոխություններ կրեց, ու մարդը սկսեց հասկանալ Ժամանակն ու Տարածությունը նոր ուսումնասիրությունների լույսի ներքո, երբ բարոյականության եւ ոգու սովով տառապող համաշխարհային մշակույթը դադարեց ինքն իրեն հասկանալուց, մարդկության կյանքում ի հայտ եկան մրցույթները: Նրանք հայտնվեցին շատ համեստորեն, բայց հեռուն գնացող նպատակներով: Իսկապես, ինչպե՞ս որոշել լավագույն ջութակահարին կամ դաշնակահարին, կինոռեժիսորին կամ ֆիզիկոսին, քիմիկոսին, երգահանին, նկարչին կամ քանդակագործին, կենսաբանին ու տնտեսագետին…, իր մասնագիտության մեջ լավագույնին ոչ միայն տեղական մակարդակով (դա արդեն հետո, առանց խոսքերի ու ափսոսանքի կանեն), այլեւ գլոբալ` համաշխարհային մակարդակով, ինչպես դա անում է Նոբելյան կոմիտեն կամ ցանկացած այլ հանձնաժողով, որը մեծ փողեր ունի: Այժմ իրար հետ մրցում են անգամ պետություններն ու ժողովուրդները` ի՞նչ գլոբալ մրցանակ սահմանել, որի նմանը աշխարհում դեռ չի եղել: Օրինակ` գոյություն ունի Աստորիայի արքայազնի մրցանակ, Ռուսաստանում կա էներգետիկայի մրցանակ, Ճապոնիայում` Կուրոսավայի մրցանակ կինեմատոգրաֆի ոլորտում, ամերիկյան «Օսկարը», «Գրեմմին»… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Մինչ գրում եմ այս տողերը (մի տասը րոպե է անցել), աշխարհում հաստատ որեւէ փառատոն կամ մրցույթ է տեղի ունեցել. մեկն ուրախ է, մյուսը լալիս է: Սակայն ամենակարեւորն այն է, որ միլիոնավոր միջին վիճակագրական տաղանդներ պատրաստվում են այդ մրցույթներին, եւ այդ մրցույթները սպանում են իսկական տաղանդներին, քանի որ ընտրության մեխանիզմն ու մոդուլը որոշում են միջակությունները: Հանճարները չափազանց դժվար են ծնվում, նրանց ուղին բարդ է ու խիստ անկանխատեսելի, բայց քանի որ գոյություն ունի խրախուսման մեխանիզմ, ապա նրանց` շատ շնորհալիներին կամ պարզապես տաղանդավորներին, կարող են «խցկել» այս կամ այն մրցանակի արժեքային համակարգ: Օրինակ` ամենահայտնի` Նոբելյան մրցանակի հեղինակությունն ընկավ հենց առաջին տարին, քանի որ գրականության ոլորտում մրցանակը ստացավ մի ֆրանսիացի բանաստեղծ, որի մասին մարդկությունը վաղուց արդեն մոռացել է, իսկ մեծն Լեւ Տոլստոյը մրցանակ չստացավ: Շվեդական հասարակությունը ներողություն էր խնդրում մեծ գրողից, իսկ վերջինս անհարմար զգալով՝ փորձում էր նրանց մխիթարել: Որոշ ժամանակ անց Նոբելյան մրցանակի արժանացավ մի ֆինն գրող, որին հիշում են, թերեւս, միայն Ֆինլանդիայում: Այս մրցանակը չեն ստացել Եղիշե Չարենցը, Անդրեյ Պլատոնովը, Խորխե Լուիս Բորխեսը, Դիլան Թոմասը, Վիլյամ Սարոյանը, Վլադիմիր Մայակովսկին ու Օսիպ Մանդելշտամը, Մուզիլն ու Կոբո Աբեն, Ակուտագավան ու Թոմաս Վուլֆը, Ֆեդերիկո Գարսիա Լորկան, Խուլիո Կորտասարը…: Բոլոր այս գրողներն ու շատ ուրիշներ Նոբելյան մրցանակի չեն արժանացել, քանի որ այս կամ այն քաղաքական նկատառումներով չէին համապատասխանում ընտրության չափանիշներին: Ծիծաղելի՛ է: Այսօր էլ քիչ չեն արժանի գրողներ եւ բանաստեղծներ, սակայն նրանք Նոբելյան կոմիտեի ցուցակներից դուրս են մնացել: Զարմանալի է, բայց ինձ թվում է` մենք արդեն մի քանի տարի է` ականատեսն ենք այն սկանդալի մետաստազներին, որը առաջիկա տարիներին կարող է տեղի ունենալ` կապված Նոբելյան մրցանակի հետ: Եթե գրականության ոլորտում են այսպիսի խնդիրներ ծագում, ապա ի՜նչ խնդիրներ կան մրցանակի մյուս հավակնորդների հետ կապված: Ես մի կողմ եմ թողնում «Խաղաղության մրցանակը». սա զուտ քաղաքականություն է եւ միանգամայն սուբյեկտիվ, թեեւ այստեղ էլ երբեմն հանդիպում են արժանի մարդիկ, ինչն ինքնին արդեն զարմանալի է: Խոսքը հիմնարար գիտությունների մասին է, գիտական մտքի առաջընթացի, որը կախված է մի շարք տարբեր գիտությունների առաջընթացից: Եվ եթե այս կոմիտեն շվեդական զգուշավորությամբ եւ օբյեկտիվ լինելու իր ցանկությամբ այսպիսի անհասկանալի բաներ է անում, էլ ինչ ասենք ավելի հասարակ մրցանակների մասին:
«Կյանքը շոու է». այս գաղափարախոսությունն արդեն իսկ սպանում է մրցույթի ողջ իմաստը: Կարեւոր չէ, թե ինչպիսի ձայն, ինչ ֆիզիկական տվյալներ ունեք դուք եւ ընդհանրապես ով եք, կարեւորն այն է, թե ձեզնից ինչ կսարքեն, ինչպես ճանաչելի կդարձնեն («ՐՈրՍՐցՑՍՈ» կանեն), եւ ինչպես դուք կներկայանաք հեռուստացույցի առջեւ նստած հիացած ու գրեթե ձայնից զուրկ մարդկությանը: Այսօր մարդու կյանքը տուրիստական երթուղի է հիշեցնում: Այն ընտրված է այնպես, որ դուք գոնե ինչ-որ աշխատանք ունենաք, կարողանաք ուտել, հագնվել, կերակրել ու հագցնել ձեր նմաններին` կիսաժպիտ զարմանքով նայելով այս աշխարհին, ստանալով կիսագրագետ եւ կիսաճշմարիտ ինֆորմացիա, եւ հեռանաք այս աշխարհից, որը դուք կոչում եք «հարմարավետ» բառով: Մարդկանց հիմարացնելն ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների նման երկրների մակարդակով մի բան է, երրորդ աշխարհի երկրների նման երկրների մակարդակով` միանգամայն այլ բան: Ձեզ կարող են ասել, որ այսպիսին է մարդկությունը ընդհանուր առմամբ, որ մրցույթներն ընդամենը ԽԱՂ ԵՆ, եւ պետք չէ դրանց լուրջ մոտենալ, որ այսօր աշխարհում մոտ 100.000 արվեստագետ կա, որոնք բոլորն էլ նշանավոր լինելու շանսեր ունեն, բայց պետք է ընտրել լավագույնին. ահա եւ ընտրում են, որովհետեւ վերեւում ընդամենը 100 տեղ կա: Ուիլյամ Ֆոլքները (ի դեպ, նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը չէր ուզում մեկնել Շվեյցարիա ու մրցանակը ստանալ, եւ միայն ԱՄՆ-ի նախագահի հեռախոսազանգը նրան ստիպեց մեկնել) այս մասին գրել է. «վերեւում բոլորին էլ տեղ կա, բայց պետք է լինեն արժանիները»:
Մենք գիտենք, որ կան օրինակներ, երբ դափնեկիրը հրաժարվել է մրցանակից, օրինակ` Պուլիցիրեւյան մրցանակից հրաժարվել է Սարոյանը, Պոլ Սարտրը հրաժարվել է Նոբելյան մրցանակից: Բորիս Պաստեռնակը եւս ստիպված էր հրաժարվելու: Հարց է ծագում. ինչո՞ւ մրցանակի հավակնորդի համար այնպիսի անտանելի պայմաններ ստեղծել, որ նա ստիպված լինի հրաժարվելու դրանից: Սա վերաբերում է ոչ միայն կոմունիստական ռեժիմին, այլեւ Նոբելյան կոմիտեին: Ուրեմն ովքե՞ր են ամենատարբեր «միջազգային» փառատոների ու մրցույթների անթիվ-անհամար մրցանակակիրները: Անվիճելի է, որ նրանց մեջ կան արժանի, իսկապես տաղանդավոր, հզոր անհատականություններ: Սակայն, ընդհանուր առմամբ, դրանք միջակություններ են, որոնք իշխանության գլուխ կանգնած միջակությունների հետ ընդհանուր լեզու են գտնում եւ պարգեւներ ստանում:
Այս պայմաններում են գտնվում Հայաստանն ու հայ ժողովուրդը. լույս են տեսնում գրքեր, աշխատություններ, որտեղ կարդում ենք «նշանավոր հայերի» մասին, տեսնում ենք, թե ընտրություն կատարելիս ինչ չափանիշներով է առաջնորդվում իշխանությունը, ուրախանում ենք առանձին վերցրած անուններով եւ արդեն չենք զարմանում համատարած անտաղանդությունից: Այս իմաստով մենք կրկնելու ենք 20-րդ դարի երկար եւ արատավոր ուղին: Ինչպես ռուսներն են ասում` «Վատ օրինակը վարակիչ է»: