Աստղագետ Գարիկ Իսրաելյանին ճանաչում է ողջ աշխարհը, իսկ Հայաստանում նրան գրեթե չեն ճանաչում: Գիտության ասպարեզում աշխատողներն էլ չափազանց խանդոտ են, որպեսզի ուրախանան իրենց հայրենակցի հաջողություններով: Ավելին, երբ 1993թ. Գ. Իսրաելյանը մեկնեց արտասահման՝ աշխատելով Հոլանդիայի, Սիդնեյի, Բրիզբենի աստղագիտական ինստիտուտներում եւ աշխարհահռչակ գիտնականների հետ, նա գիտական ամսագրերում իր աշխատությունները ստորագրելիս տվյալ ինստիտուտի անվան կողքին նաեւ նշում էր Բյուրականի աստղադիտարանի անունը, որտեղ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի օրոք աշխատել էր: Ցանկությունը մեկն էր՝ որպեսզի գիտական աշխարհում հնչի Հայաստանի եւ Բյուրականի աստղադիտարանի անունը: Սակայն այստեղ իր «կոլեգաները» նրա այդ քայլը չհասկացան. 1995թ. Բյուրականի աստղադիտարանից արդեն նորանշանակ տնօրեն Արտաշես Պետրոսյանի կողմից (ով, ի դեպ, Աստղադիտարանում պաշտոնավարելուց հետո նաեւ նշանակվեց ՀՀ Գիտության նախարար) Գ. Իսրայելյանին զգուշացվեց՝ «…դու էլ մեզ մոտի աշխատող չես, քո գիտական հոդվածներում մի նշի Բյուրականի անունը»: Այն դեպքում, երբ աշխարհը նրան գնահատում է եւ հպարտանում նրա հայտնագործություններով: Իսկ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ի կողմից 2003թ. Գ. Իսրաելյանին շնորհվեց Իսպանիայի պատվավոր քաղաքացու կոչում, եւ Կանարյան կղզիների Եվրոպական ամենահզոր աստղագիտական կենտրոնում հատուկ կարգավիճակ տրվեց նրան: Նա այսօր իր ընտանիքով ապրում է Կանարյան Տեներիֆե կղզում: Վերջերս Գ. Իսրաելյանը ՀՀ էր այցելել` կազմակերպելու Ջիվան Գասպարյանի ծննդյան 80-ամյակի մեծ համերգը, որին մասնակցում էին աշխարհահռչակ երաժիշտներ Պիտեր Գաբրիելը (Peter Gabriel), Զուկկերոն (Zucchero), Ալան Փարսընսը (Alan Parsons), Պեդրո Էստաչեն (Pedro Eustache), Դերեկ Շիրինյանը (Derek Sherinian), Անդրեաս Վոլենուայդերը (Andreas Vollenweider), Բորիս Գրեբենշչիկովը, Դմիտրի Դեբրովը: Գ. Իսրաելյանը ոչ միայն խոշոր գիտնական է, այլեւ իր մեծ ներդրումն ունի հայկական դուդուկի միջազգայնացման գործում: Նա ուրախ է, որ կարողացավ համաշխարհային մեծ երաժիշտների Հայաստան բերել, եւ որ աշխարհահռչակ Պիտեր Գաբրիելն այդ օրերին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Մեր այս հարցազրույցը, թերեւս, հայկական տպագիր մամուլում առաջին հարցազրույցն է Գարիկ Իսրաելյանի հետ:
– Վիկտոր Համբարձումյանի օրոք Բյուրականը մեծ համբավ ուներ:
– Այո, այդ ժամանակ Բյուրականի աստղադիտարանն ակտիվ կյանք ուներ՝ միջազգային կոնֆերանսներ, տարբեր երկրներից լուրջ մասնագետներ էին գալիս… Համբարձումյանը կարծես մի պայծառ աստղ լիներ, որի շուրջ բոլորը հավաքվում էին: 1992թ. Բյուրականում դիսերտացիայի մեր պաշտպանությունը կարելի էր «Գինեսի գրքում» գրանցել… վառելիք, էլեկտրաէներգիա չկար, եւ Վ. Համբարձումյանի ծառայողական մեքենայով մի կերպ հասանք Բյուրական, էլցանցին խնդրեցինք երկու ժամով հոսանք տալ, որ կարողանայինք պրոյեկտորները միացնել ու պաշտպանությունն անցկացնել: Շատ դժվարին տարիներ էին՝ ո՛չ համակարգիչ կար, ո՛չ գիտական ամսագրեր, ո՛չ կարգին աշխատանք, ոչ աշխատավարձ… տխուր վիճակ էր: Պարզ էր, որ այդպես շարունակվելու դեպքում գիտության վրա կարելի է խաչ քաշել: Տեսնելով, որ գիտությամբ զբաղվելու հնարավորություն այլեւս չկա, գնացի Վիկտոր Համազասպովիչի մոտ եւ ասացի Հայաստանից տեղափոխվելու իմ որոշման մասին, քանի որ այդպես շարունակվելու դեպքում եւ՛ գիտելիքները կմեռնեին, եւ՛ անհնար էր գիտական որեւէ նախագիծ իրականացնել: Նա ինձ հասկացավ, եւ ասաց. «Ես միշտ ցավով եմ նայել, որ մեր գիտնականները հեռանան Հայաստանից, միշտ փորձել ենք, որ դրսից գան մեզ մոտ, բայց ներկա պայմաններում ուրիշ ոչ մի հնարավորություն չկա: Եվ այդ իսկ պատճառով ես ձեզ բնութագիր կտամ, կաջակցեմ այդ հարցում»: Եվրոպական աստղագիտական կենտրոնի ծրագրով մեկնեցի Հոլանդիա՝ Ուտրեխտի համալսարան, ուր 1 տարի աշխատեցի հայտնի աստղագետ, պրոֆեսոր Կոռնելիս Դե Յագերի խմբում:
Հոլանդիայից հետո 2 տարի աշխատեցի Բրյուսելի համալսարանում. եւ՛ դասախոսում էի, եւ՛ գիտական աշխատանքներ անում: Եվս 1 տարի աշխատեցի Ավստրալիայում` Բրիզբենի եւ Սիդնեյի համալսարաններում, ապա 1997թ., տեղափոխվեցի Կանարյան կղզիների Տեներիֆե կղզի, ուր գտնվում է Եվրոպայի ամենախոշոր աստղագիտական կենտրոնը՝ ամենամեծ դիտակով՝ 10,4 մետր տրամագծով, հաշվողական արտակարգ բազայով: Սկսեցի զբաղվել քիմիական էլեմենտների էվոլյուցիայով, սեւ խոռոչներով, արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներով:
– Ամբողջ աշխարհի մամուլը հաղորդում էր սեւ խոռոչների եւ քո այլ հայտնագործությունների մասին, իսկ ՀՀ-ում` ոչ մի խոսք:
– Այո, երեւի նույնիսկ ոչ ոք չիմացավ: Դա 1999թ.-ն էր, իմ աշխատանքի արդյունքում տրվեց սեւ խոռոչների առաջացման եւ էվոլյուցիայի մասին առաջին դիտողական ապացույցը: Սեւ խոռոչների գաղափարը առաջարկվել է մոտ 300 տարի առաջ՝ Նյուտոնի ձգողականության դաշտի մասին օրենքներից հետո: 1960-ականների վերջին առաջին դիտողական ապացույցները տրվեցին սեւ խոռոչների գոյության մասին: Մեր գալակտիկայում թափառող միլիոնավոր սեւ խոռոչներ կան, բայց նրանց մասին չենք կարող իմանալ, քանի դեռ նրանք փոխազդեցության մեջ չեն մտել այլ օբյեկտների հետ: Մեր գալակտիկան անվանում են «գերեզմանոց», որովհետեւ սեւ խոռոչները մեռած աստղերն են: Մինչ իմ այդ աշխատանքը՝ սեւ խոռոչների առաջացման մասին դիտողական որեւէ ապացույց չկար: Գիտեինք, որ մասսիվ աստղերի պայթյուններից առաջանում են այլ տիպի գերխիտ օբյեկտներ, եւ որոնց զանգվածն ավելի փոքր է, քան սեւ խոռոչներինը: Ըստ տեսության՝ գերնոր աստղերի պայթյուններից են առաջանում սեւ խոռոչները, բայց դիտողական ապացույց գիտությունը չուներ: Եվ այդ ժամանակ իմ մտքով անցավ, որ այդ գերնոր աստղերի պայթյուններից նոր քիմիական էլեմենտներ են սինթեզվում՝ թթվածին, սիլիցիում, ծծումբ, եւ այլն (այսպես կոչված` ալֆա էլեմենտներ), որոնց մի մասն առաջանում էր հենց գերնոր աստղի պայթյունի ժամանակ: Մտածեցի, որ պայթյունի ժամանակ արտանետված արտաքին թաղանթի նյութը պետք է թափվի սեւ խոռոչի շուրջը պտտվող աստղերի վրա: Եվ այդ պրոցեսի ընթացքում ջերմաստիճանը մի քանի տասնյակ միլիոն աստիճանի է հասնում, որը բերում է հենց թաղանթի մեջ ծանր միջուկների սինթեզման: Քիմիական էլեմենտներ կան, որ հենց այդ պայթյունների ժամանակ են առաջանում, օրինակ՝ ուրանը եւ ոսկին: Ընդ որում, ոսկին այն քիչ քիմիական էլեմենտներից է, որը չի կարող առաջանալ հիդրոստատիկ ջերմամիջուկային ռեակցիաների ժամանակ` երբ աստղը գտնվում է հանգիստ վիճակում: Ոսկու առաջացումն էլ անմիջականորեն կապված է տիեզերքում սեւ խոռոչների առաջացման հետ: Ավելին, մի այլ արժեքավոր քիմիական միացություն` ադամանդը, նույնպես իր ծագումը գտնում է տիեզերքում: Այն առաջանում է, այսպես կոչված, AGB (ասիմպտոտիկ հսկաների ճյուղ) աստղերի արտաքին թաղանթներում: Գոյություն ունեն նաեւ, այսպես կոչված, սառը, սպիտակ, թզուկ աստղեր, որոնց տարիքը գերազանցում է 10 մլրդ տարին, որոնք գրեթե ամբողջությամբ կազմված են ադամանդից:
Տիեզերքում գտա կրկնակի աստղի մի համակարգ` Nova Sco 1994 անունով, որտեղ սեւ խոռոչի շուրջ պտտվող աստղի մթնոլորտում թթվածնի, սիլիցիումի, տիտանիումի եւ այլ ալֆա էլեմենտների քանակությունը 10 անգամ գերազանցում էր սպասվող նորմային: Հավայան կղզիների ամենամեծ աստղադիտակով` Keck-ով արված դիտումներս եւ հաշվումները ցույց տվեցին, որ կասկածներս անհիմն չէին, եւ այդ համակարգում խոշոր պայթյուն էր եղել մի քանի հարյուր հազար տարի առաջ: Դրա միակ բացատրությունն այն էր, որ գերնոր աստղի պայթյունից սեւ խոռոչ էր առաջացել, իսկ արտանետված նյութը թափվել էր իր շուրջ պտտվող աստղերի վրա` հարստացնելով նրա մթնոլորտն ալֆա էլեմենտներով: Շատ մեծ հայտնագործություն էր, CNN-ով, BBC-ով ցույց տվեցին, գիտական բոլոր ամսագրերն ու լրատվական ամենախոշոր թերթերն անդրադարձան՝ գրելով, որ վերջապես սեւ խոռոչների գաղափարից 300 տարի անց տրվեց առաջին դիտողական ապացույցն այն մասին, որ սեւ խոռոչներն առաջանում են գերնոր աստղերի պայթյուններից: Նոբելյան մրցանակի դափնեկիր Հանս Բետեն իմ այդ աշխատանքն անվանեց վերջին 30 տարիների ընթացքում աստղաֆիզիկայի բնագավառի ամենահզոր եւ կարեւոր աշխատանքներից մեկը:
– Այդ հայտնագործության կիրառական նշանակությունը մեր կյանքում ո՞րն է:
– Սեւ խոռոչները բնության մեջ, թերեւս, ամենահզոր լաբորատորիաներն են, որտեղ ստուգվում են ֆիզիկայի ամենակոնտրովերսալ օրենքները: Օրինակ՝ հարաբերականության տեսության մեջ երկվորյակների պարադոքսը, եւ այլն: Գոյություն ունեն քիմիական էլեմենտների տրոհման (միջուկային կայանները՝ ուրանը, եւ այլն, որոնց տրոհումից էներգիա է առաջանում) եւ սինթեզման ռեակցիաներ: Եթե մենք կարողանանք ղեկավարել ջերմամիջուկային ռեակցիաները, ապա կունենանք էներգիայի անսպառ աղբյուր: Սեւ խոռոչների ֆիզիկան եւ միջուկային ֆիզիկան փոխկապակցված են: Մեզ հաճախ հարցնում են՝ աստղագիտական այսինչ երեւույթը հասկանալը մեզ պրակտիկ կյանքում ի՞նչ է տալիս: Հաց ու պանիր չի տալիս… Բայց մենք փորձում ենք հասկանալ բնության օրենքների աշխատանքը: Չենք կարող հասկանալ, թե ինչպես է աշխատում, օրինակ, «Մերսեդես» մեքենան, եթե չհասկանանք` ինչպե՞ս է աշխատում նրա շարժիչը, մարտկոցը, եւ այլն: Ամբողջը պետք է իմանանք: Բոլոր երեւույթները պետք է միաժամանակ բացատրել: Դա վերաբերում է նաեւ գիտության ֆինանսավորմանը, ամեն ինչին: Ասում են՝ բերեք-տեսնենք՝ գիտական ո՞ր նախագծերն են հետաքրքիր՝ ֆինանսավորենք: Ովքե՞ր են որոշելու՝ սա՞ է կարեւոր, թե՞ սա: Գիտության մեջ ընտրողաբար ֆինանսավորումն անթույլատրելի երեւույթ է: Ցանկացած ասպարեզում բազմակողմանի զարգացում է պետք: Եթե 200 տարի առաջ այդպես մտածեին, ուրեմն հիմա էլեկտրաէներգիա չէինք ունենա. Մաքսվելին էլ ժամանակին մեղադրում էին` ո՞ւմ են պետք քո գրած էլեկտրադինամիկայի օրենքները…
– Այսօր աշխարհը խոսում է նաեւ «Աստղերի երաժշտության» քո նախագծի մասին:
– Մոտ 2000 տարի առաջ Արիստոտելն առաջ քաշեց «սֆերաների երաժշտություն» գաղափարը, ըստ որի՝ տիեզերքում մոլորակների շարժումից երաժշտություն է առաջանում, որը շատ հեռու է եւ անհնար է լսել: Մոտ 10 տարի առաջ աստղագիտության մեջ սկսեց զարգանալ «աստղերի սեյսմոլոգիա» կոչվող գիտական ճյուղը: Աստղերի մթնոլորտներում ուղղահայաց եւ հորիզոնական գազային ալիքներ կան: Դիտողական աստղագիտության գործիքներն այնքան են կատարելագործվել, որ այդ տատանումների արագությունը կարող ենք չափել մեկ մետր/վայրկյան ճշտությամբ: Աստղը ստատիկ գազ չէ: Եվ քանի որ աստղը պտտվում է՝ տատանման հաճախականությունն անընդհատ փոխվում է: Աստղը դառնում է անընդհատ բաբախող համակարգ: Ես սկսեցի այդ աստղերի ձայնային տեմբրը վերականգնել: Երբեմն դրանք ինֆրաձայներ են՝ շատ ցածր հաճախականություն ունեն, եւ սովորական ականջով հնարավոր չէ լսել: Հսկայական հետազոտություն սկսեցի՝ համեմատում էի տարբեր աստղերի ձայները, փորձում հարմոնիա գտնել: Հետո պարզվեց, որ միայն աստղերը չէ, որ ակուստիկ ձայներ ունեն: Արեւը, որ դարձյալ աստղ է, ունի ձայներ: Սեւ խոռոչներին շրջապատող սկավառակներում էլ ակուստիկ ձայներ կան: Գնալով նախագծիս սահմաններն ընդլայնեցի: Տիեզերքի տարբեր միջավայրերի, օբյեկտների ձայները վերարտադրեցի: Այսօր նույնիսկ աստղագետների 60%-ը չգիտի, որ աստղերի մեջ կարող են ձայներ լինել:
– Քո այդ նախագծին միացել են աշխարհահռչակ երաժիշտներ: Նախ, պատմիր՝ ինչպե՞ս նրանց հետ մտերմացար:
– Երաժշտությունը գիտությանը զուգահեռ՝ միշտ եղել է իմ կյանքում: Տարիներ առաջ շատ էինք մտերմացել «Queen»-ի կիթառահար Բրայան Մեյի (Brian May) հետ: Նա իր բուն մասնագիտությամբ աստղագետ էր, 1970-ականներին աշխատել էր հենց մեր կղզու աստղադիտարանում: Հետո Անգլիայում Ֆրեդի Մերկուրիի հետ «Queen» լեգենդար խումբն էին ստեղծել, ու թողել էր աստղագիտությունը՝ չավարտելով դիսերտացիան: Ես ու իմ ընկերը գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենար ունեինք, կապվեցի Բրայանի հետ: Նա եկավ Տեներիֆե: Արդեն 10 տարուց ավելի ընկերություն ենք անում: Համոզեցի, որպեսզի Բրայանն ավարտի դիսերտացիան, եւ ես էի նրա թեմայի ղեկավարը: Բրայանն իմացավ «Աստղերի նախագծի» մասին, ու իր միջոցով իմացան նաեւ շատ ուրիշ երաժիշտներ: Տեղեկացրեցի նաեւ Պիտեր Գաբրիելին:
Հետագայում նաեւ «Փինք Ֆլոյդի» կիթառահար Դեյվիդ Գիլմուրն (David Gilmour) իմացավ, հարվածային գործիքների վրա նվագելու համար հրավիրել եմ նաեւ Ֆիլ Քոլինզին (Phil Collins) … Տիեզերքի ձայների գաղափարը շատերին զարմացրեց: Շատ ոգեւորվեց Ժան Միշել Ժարը, անմիջապես թռավ-եկավ մեր տուն: Բրայանն էլ եկավ, միասին սկսեցինք քննարկել ծրագիրը: 2009թ. պլանավորում ենք կղզում, գիշերը մեր աստղադիտարանի մոտ այդ նախագծով հսկայական համերգ կազմակերպել՝ տիեզերքի ձայների համերգ, որի պրոդյուսերը լինելու է հենց Ժան Միշել Ժարը: Հսկայական շոու է լինելու, նախագիծ, որով հետաքրքրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն. նրանք հայտարարեցին, որ սա լինելու է 2009թ. ամենակարեւոր նախագիծը:
– Ոչ ոք չգիտի, որ հենց քո շնորհիվ էր, որ հայկական դուդուկը՝ Ջիվան Գասպարյանի կատարմամբ, հնչեց աշխարհահռչակ աստղեր Բրայան Մեյի եւ Զուկկերոյի հետ Նելսոն Մանդելային նվիրված «46664» հիմնադրամի համերգաշարում:
– Բրայանին դուդուկի մասին հաճախ էի պատմում: Ջիվան Գասպարյանի կատարումներից ունեի մի քանի ձայնասկավառակներ, որը միասին լսեցինք: Մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի ռոք լեգենդ Բրայանին համոզեմ` քարտեզի վրա հազիվ երեւացող մի երկրի, որի մասին առաջին անգամ ինձնից էր լսել, երաժշտական գործիքը ներկայացնի իրենց նախագծում: Համոզեցի եւ Ջիվան Գասպարյանի հետ ծանոթացրեցի: 2004թ. Նորվեգիայում Նելսոն Մանդելային նվիրված համերգին Ջիվանի մասնակցությունն էլ Բրայանի հետ իմ մտերմության շնորհիվ իրականացվեց: «Queen»-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ազգային որեւէ երաժշտի հետ համագործակցում են: Եվ դա եղավ մեր դուդուկը՝ Ջ. Գասպարյանի կատարմամբ: Ալան Փարսընսին էլ էի պատմել հայկական դուդուկի ու նաեւ՝ Ջ. Գասպարյանի մասին: Իսկ Ն. Մանդելայի 90-ամյակի մեծ համերգից (2008թ. հունիսի 27) 3 ամիս առաջ Մանդելայի հիմնադրամին նամակ գրեցի՝ առաջարկելով, որպեսզի համերգի բացումն անեն Վարպետը եւ հայկական դուդուկը: Սկզբում մերժեցին, հետո, ի վերջո, կարողացա համոզել: Բրայանն ինձ շատ օգնեց այդ հարցում: Շատ էի ուզում, որ հայկական դուդուկը հնչեր այդտեղ, որտեղ աշխարհահռչակ աստղեր պետք է ելույթ ունենային: Դրա մասին Ջ. Գասպարյանն էլ դեռ չգիտեր, հեռախոսով տեղեկացրեցի Վարպետին: Շատ մեծ երեւույթ էր. թերեւս որեւէ հայ երաժիշտ նման պատվի չէր արժանացել: Աշխարհում մոտ 200մլն մարդ ուղիղ եթերով արբանյակային հեռուստատեսությամբ դիտում էր այդ համերգը: Ոչ ոք չիմացավ նախապատմությունը, բայց դա ինձ համար կարեւոր չէր: Կարեւորն այն էր, որ հայկական դուդուկը դուրս եկավ համաշխարհային ասպարեզ: Իսկ դրանից առաջ` 2004թ. Նորվեգիայում Ն. Մանդելային նվիրված համերգին Ջ. Գասպարյանը նվագեց Բրայանի հետ «Քրիստոսի վերջին տանջանքները» եւ «Գլադիատորը» ֆիլմերի երաժշտությունը, որի գործիքավորումը Պիտեր Գաբիելինն էր: Այդ համերգից առաջ Պիտերը եկավ, մենք հանդիպեցինք ետնաբեմում, նա չպետք է ելույթ ունենար: Բայց կարողացա համոզել հանպատրաստից նվագակցել:
Իսկ Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված երեւանյան համերգի մասին խոսեցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նա ասաց, որպեսզի ես կազմակերպեմ այն, մանավանդ, որ բոլոր այդ աստղերի հետ սերտ կապեր ունեի: Պետք է նշեմ, որ առանց վարչապետի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չափազանց կարեւոր հովանավորության` անհնար կլիներ նման մեծ համերգ կազմակերպելը: Եվ ամենակարեւորը, որ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ Տիգրան Սարգսյանը անմիջապես գնահատեցին այս համերգի կարեւորությունը, եւ ամեն կերպ աջակցեցին: Չեմ կարող նաեւ չնշել «Յունիբանկի» եւ անձամբ բանկի նախագահ Գագիկ Զաքարյանի անփոխարինելի աջակցությունն այս համերգի ֆինանսավորման հարցում: Բացի այդ, նա Պիտեր Գաբրիելի` Հայաստան ժամանման հետ կապված ֆինանսական բոլոր խնդիրներն անձամբ իր վրա վերցրեց: Երաժիշտներից շատերն անհանգստանում էին Հայաստան գալու մտքից, հատկապես Վրաստանում տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո: Կարեւորը, որ այն տեղի ունեցավ: Բոլորը շատ լավ տպավորությամբ մեկնեցին: Ափսոս, քիչ էին օրերը: Զուկկերոն եւ Ալան Փարսընսը հասցրեցին լինել Գառնի-Գեղարդում: Պիտեր Գաբրիելի հետ գնացինք Խոր Վիրապ՝ Արարատը տեսնելու: Ես նրան վաղուց պատմել էի Ցեղասպանության, հուշարձանի եւ թանգարանի մասին: Նա ծաղկեպսակ դրեց զոհերի հուշարձանին: Պիտեր Գաբրիելը ոչ միայն մեծ երաժիշտ է, այլեւ աշխարհում հարգված անձ, լուրջ քաղաքական գործիչ: Եվ նա դատապարտեց ցեղասպանությունը եւ կոչ արեց Անգլիային, Ամերիկային՝ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:
– Վաղո՞ւց ես ճանաչում Պիտեր Գաբրիելին: Ի՞նչ կապ կա ձեր մեջ:
– Ինձ Պիտեր Գաբրիելի հետ ծանոթացրել է Բրայան Մեյը: Պիտերը շատ հետաքրքրվեց իմ «Աստղային սիմֆոնիա» նախագծով եւ ինձ հրավիրեց Անգլիայի Բաթ քաղաքի մոտ գտնվող իր աշխարհահռչակ «Real world» ստուդիան` աշխատելու: Դրանից հետո մեր կապը շարունակվեց` վերածվելով ջերմ բարեկամության:
– Այս տարի ՀՀ-ում նշվում էր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը, ով քո ուսուցիչն էր: Դու մասնակցո՞ւմ էիր միջոցառումների կազմակերպմանը:
– Ցավոք սրտի, ոչ Բյուրականի աստղադիտարանը, ոչ էլ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նման հարցով ինձ չդիմեցին: Ցավով պետք է նշեմ, որ ոչ մի համաշխարհային (աստղ) աստղագետ չմասնակցեց այդ կոնֆերանսին: Ես շատ կուզեի հրավիրել իմ մի քանի կոլեգաների, որոնց թվում` Նոբելյան մրցանակի դափնեկիրներ NASA-ի,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ESA-ի (Եվրոպական տիեզերական գործակալություն) ղեկավարությանը: Վիկտոր Համբարձումյանի պես գիտնականի 100-ամյակին նվիրված միջոցառումներին պետք է ներկա լինեին նրա մեծության գիտնականներ:
– Հայաստանի աստղագիտությունը «հեռվից» ինչպե՞ս է երեւում:
– Իսկ որքա՞ն հաճախ եք լսում հայաստանյան աստղագետների հայտնագործությունների մասին հայկական կամ համաշխարհային մամուլում: Դա, իհարկե, չի նշանակում, որ մեր գիտնականները հետազոտական աշխատանքներով չեն զբաղվում, բայց ինձ թվում է, որ ցանկացած գիտական հիմնարկ 20 տարվա ընթացքում պետք է գոնե մի քանի խոշոր ներդրում անի համաշխարհային գիտության մեջ: Իհարկե, շատ պատճառներ կան նման հայտնագործությունների բացակայությունը բացատրելու համար: Եվ ինձ թվում է, որ սա առանձին քննարկման թեմա է: Բայց զավեշտալին այն է, որ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը «մեծ շուքով» նշեց Երեւանի պետական համալսարանը` փակելով Համբարձումյանի կողմից ստեղծված Աստղաֆիզիկայի ամբիոնը: Վստահ եմ, որ համալսարանի ղեկավարությունն այս փաստի մեկնաբանությունը յուրովի կմեկնաբանի, բայց պրոբլեմը փակելով` պրոբլեմը չի լուծվում. աստղագիտության ամբիոնը փակելով` նրանք ցույց տվեցին, որ անզոր են լուծելու այդ ամբիոնի աշխատանքի հետ կապված խնդիրները: Ես դասախոսություններ եմ կարդացել Տոկիոյի, Ժնեւի, Հարվարդի եւ այլ համալսարանների ասպիրանտների համար: Կարող եմ վստահաբար ասել, որ մեր երիտասարդները պակաս խելացի չեն, եւ ցավում եմ, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելու հնարավորություններ չկան: Հույս ունեմ, որ նորաստեղծ «Լույս» հիմնադրամը գոնե մասամբ կկարողանա այս հարցերը լուծել եւ հայ երիտասարդները գոնե կկարողանան դրսում բարձրակարգ կրթություն ստանալ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «3 Միլիոն» ամսագրի առաջիկա համարում