Կկառուցեն նաեւ ճգնաժամի պայմաններում

23/12/2008

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չի ազդի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի վրա: Այդ մասին երկաթուղային այդ նախագծի համակարգող խորհրդի երեքշաբթի օրը կայացած նիստի ավարտին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանիան: Ադրբեջանական կողմից համակարգող խորհրդի աշխատանքին մասնակցել է տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Ժվանիայի խոսքով` հաջորդ տարվա համար արդեն հատկացվել է 130 մլն դոլար, որը կօգտագործվի երկաթուղու Մարաբդա-Կարծախի վրացական հատվածի շինարարության համար: «Մենք ադրբեջանցի մեր գործընկերոջ հետ քննարկեցինք նախագծի իրականացման համար նոր ներդրումների ներգրավման հարցերը: Նա խոստացավ այդ հարցը քննարկել իր երկրի կառավարությունում»,- ասել է նախարարը: Ժվանիան չի մասնավորեցրել, թե ներդրումների ինչ ծավալի մասին է խոսքը: «Ադրբեջանական կողմը մեզ հավաստիացրեց, որ նախագծի իրացման հետ կապված ձգձգումներ չեն լինի»,- ընդգծել է նա: Իր հերթին՝ Մամեդովը նշել է, որ նախագծի իրացումը «շահեկան է ոչ միայն ադրբեջանական ու վրաց ժողովուրդների համար»: «Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ձգվող այդ փոխադրամիջանցքն ամբողջ տարածաշրջանի զարգացման հնարավորություն կտա»,- ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարը: Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ նախագծի իրացումը ունի «ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նշանակություն»: Նախարարը չի բացառել այդ նախագծի իրացման համար լրացուցիչ գումար ներգրավելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վերաբերյալ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստաթուղթը 2007 թվականի փետրվարի 8-ին ստորագրվել է Թբիլիսիում: Երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը «Մարաբդա-Կարծախի երկաթուղի» վրացական սահմանափակ պատասխանատվության ընկերությանը 200 մլն դոլար գումարի արտոնյալ վարկ է հատկացրել 25 տարի ժամկետով, տարեկան մեկ տոկոսով: Այդ միջոցների հաշվին Վրաստանի տարածքում կառուցվելու է 29 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղի, ինչպես նաեւ` վերակառուցվելու է հին երկաթգիծը: Նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է 600 մլն դոլարը: Երկաթուղու վրացական հատվածի շինարարությունն իրականացնում է «Ազերինշաատսերվիս» ադրբեջանական ընկերությունը: Երկաթուղին ծրագրվում է շահագործման հանձնել 2011 թվականի կեսին: Թուրքիայի տարածքում` Վրաստանի սահմանից մինչեւ Կարս, կառուցվելու է 76 կիլոմետր երկարությամբ նոր երկաթգիծ: