Բրոնզաձույլ, 3-մետրանոց Վիլյամ Սարոյանը կանգնեց մեր քաղաքի ամենագեղեցիկ` Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցի խաչմերուկում: Սարոյանի վերարկուն ալեկոծվում է քամուց, բայց նրա ուսերն անսասան են: Սարոյանը զգաստ ու ամուր է կանգնած` ձեռքերն էլ անշարժ են, իսկ հայացքը ուղղված է դեպի հեռուները: Ընդհանրապես նրա կերպարը շատ խրոխտ է, իսկ արձանի ետին պլանում գրառում կա. «Փնտրիր բարին ամենուրեք»: Այդ բառերը Սարոյանի յուրահատուկ այցեքարտը կարելի է համարել, քանի որ գրականության մեջ նա հումանիստ էր ու իր մտքերը գերադասում էր ոչ թե մեծ ամբիոններից, այլ` իր պատմվածքների, վիպակների ու պիեսների միջոցով փոխանցել: Նա սիրում էր մարդկանց հետ մտերմիկ զրույցներ վարել, հարցուփորձ անել նրանց, ու համոզված էր, որ փառքը խաբկանք է: Անցնող տարվա ընթացքում տարբեր մեծ ու փոքր միջոցառումներ իրականացվեցին` նշելու համար մեծն հայ Վիլյամ Սարոյանի 100-ամյակը: Ճիշտն ասած, դրանցից շատ քչերը կարելի է ուշագրավ ու մնայուն համարել: Իսկ արձանը մնայուն է: Նա պիտի ապրի մեր քաղաքում, իսկ մենք Սարոյանին հենց այդպես` մոնումենտալ ու անշարժ ենք պահպանելու մեր հուշերում:
Արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Երեւանցին է (ում ավելի ճիշտ կլիներ ոչ թե Երեւանցի, այլ` Փարիզեցի անվանել, քան որ նա արդեն 30 տարի Ֆրանսիայում է ապրում), ով իր արած գործի համար հոնորար չի պահանջել: Նա այդ գործն արել է իր սրտի թելադրանքով: Արձանը ձուլվել է Պրահայում, իսկ այդ բավականին ծախսատար աշխատանքների համար հանգանակություններ է հավաքել «Համահայկական աշխարհագրական ասոցիացիան», որի ղեկավար Ռաֆայել Հովհաննիսյանը ստանձնել էր այդ գործը: Նա նաեւ միջնորդ էր հանդիսացել Սարոյան-դրամատուրգի բեմադրությունների ու «Հայֆեստ» փառատոնի միջեւ` ուղարկելով հրավերներ տարբեր թատերախմբերի: «Ես կարծում եմ, որ շատ ամոթ է, որ մեր քաղաքում չկար Սարոյանի արձանը, նա վաղուց արդեն հայության խորհրդանիշն է դարձել ողջ աշխարհում: Ես պարզապես սկսել եմ այդ գործը, իսկ մնացածը պրոֆեսիոնալներն են արել: Թատրոնի հարցում էլ նույնն է եղել, թատերախմբերի ընտրությունն արել է «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը: Արձանի հեղինակն էլ մեր լավագույն քանդակագործներից մեկն է»,- ասել է նա: Իսկ որպեսզի Սարոյանի ներգործությունը մեկ տարում անհետ չավարտվի, Ռ.Հովհաննիսյանը առաջարկում է նշել նաեւ Սարոյանի 101-ամյակը: Հաջորդ տարի Սարոյանի մասին ֆիլմ կնկարահանվի, որը պատրաստ կլինի օգոստոսի 31-ին` Վիլյամ Սարոյանի ծննդյան օրը: