Ցույց տուր նախագծածդ սահնանգույցը, եւ ես կասեմ՝ ինչ ճարտարապետ ես դու

23/12/2008 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Այս մարդուն շատերը ճանաչում են Գարիկ անունով։ Անձնագրով նրա անունն այդպես չէ, բայց երբ ասում են՝ «ճարտարապետ Գարիկը», հենց իրեն նկատի ունեն: Ասել, թե Գարիկը պրոֆեսիոնալ, հրաշալի ճարտարապետ է, կնշանակի՝ ոչինչ չասել այս մարդու մասին, քանզի հետաքրքրությունների այն դաշտը, որում նա ապրում եւ աշխատում է, չի սահմանափակվում մի մասնագիտության շրջանակներով: Ճարտարապետ լինելուց զատ՝ նա դիզայներ է, տան ինտերիեր է անում, շատ է սիրում ռոք, արվեստի պատմության գիտակ է, հոգեբան… Նա մի մարդ է, ով կարող է մի րոպեում դառնալ շատ սենտիմենտալ ու հուզվել իր դալմատին ցեղատեսակի շան՝ Կուկիի առողջական պրոբլեմների մասին խոսելիս, իսկ հաջորդ րոպեին՝ պատմել տղայական կռիվների մասին ու բողոքել, որ իր քաղաք Երեւանում կանաչ տարածքների իսկական կոտորած է, հետո էլ հանկարծ ասել. «Դե, հիմա էսպիսին եմ ես ու չեմ կարող ուղիղ ու ճիշտ կերպով պատասխանել հարցերիդ»:

Գարիկի նախագծած սանհանգույցը լավագույն աշխատանքն էր ճանաչվել Հայաստանում, եւ որպես մրցանակ՝ նա մեկ շաբաթով մեկնել էր Իտալիա:

Հենց այդ մասին մենք պետք է այսօր պատմեինք ձեզ, «3 Միլիոնի» ու Գարիկի հանդիպումը պայմանավորված էր հենց դրանով։ Սակայն գրեթե 3 ժամ տեւած մեր զրույցի թեմաներն այնքան բազմազան էին, որ դարձավ լրիվ այլ պատմություն։ Պատմություն, որի անունն է՝ Գարիկ, ով իր 53 տարեկան հասակում կարող է ընկեր ու հետաքրքիր զրուցակից դառնալ 1-100 տարեկան մարդկանց համար:

Մի քիչ մրցույթ, մի քիչ Իտալիա, մի քիչ սանհանգույց

«Առաջին տպավորությունը Իտալիայից այն է, որ երբ տեսնում ու շոշափում ես այդ ամենը, հասկանում ես, թե ինչ վիթխարի մտքեր կան աշխարհում, ու դու ընդամենը մի փոքրիկ մասնիկ ես եւ «չուկչայից» ոչ մի բանով առավել չես: Երբ մենք այդ ամենը հասկանանք, կդառնանք ժողովուրդ, ազգ: Հիմա մենք ուրիշ կարգավիճակում ենք գտնվում»,- Իտալիայից ստացած տպավորությունների մասին խոսելիս՝ ասում է Գարիկը: «Հասարակական օբյեկտների ինտերիեր եւ սանհանգույցների, լոգասենյակների ամենաօրիգինալ լուծում» մրցույթը, որը կազմակերպել էր «Կերամիկա» ընկերությունն իտալական մի շարք ընկերությունների հետ միասին, որպես մրցանակ պատրաստել էր ճանապարհորդություն դեպի Միլան: Այստեղ երկու տարին մեկ դիզայներական լուծումների էքսպո-ցուցահանդես է կազմակերպվում՝ լավ լոգասենյակներ, ծորակներ, ջեռուցման սարքեր եւ այլն են այստեղ ներկայացնում: Գարիկն իր նախագծած սանհանգույցով մրցույթի հաղթող էր ճանաչվել ու կնոջ՝ Նունեի հետ մեկնել՝ վայելելու Իտալիան: «Հյուսիսային պողոտաներ նախագծող մարդիկ գուցե այդքան էլ լուրջ չվերաբերվեն զուգարանի նախագծին,- ժպտալով ասում է Գարիկը, հետո մի քիչ ջղայնանալով՝ ավելացնում,- Այսինքն՝ քաղաքն այլանդակել կարելի է, բայց զուգարանն ի՜նչ է, որ: Գիտե՞ս՝ մի թեւավոր արտահայտություն կա՝ ցույց տուր, թե ինչպես ես դու նախագծում սանհանգույցը, եւ ես քեզ կասեմ, թե ինչպիսի ճարտարապետ ես դու: Դա շատ կարեւոր բան է, եւ պատահական չէ, որ անգլերեն ասում են` «rest-room»՝ հանգստի սենյակ»:

Մի քիչ ճարտարապետություն, մի քիչ ինտերիեր

«Հիմա այսպես են ասում՝ ճարտարապետը «կտրտելու» համար է, դիզայնի համար դիզայներ են հրավիրում: Ես դիզայներների նկատմամբ ոչ մի վատ բան չունեմ, բայց եթե դու ինքդ քեզ հետ հարմոնիայի մեջ ես, ո՞նց դու կարող ես երեխա ծնել ու չկարողանալ նրան դաստիարակել: Նույն բանն էլ դա է, եթե դու նախագիծ ես անում, մի՞թե դու չես պատկերացնում՝ ինչպես է լինելու առաստաղը, հատակը, պատերը»,- խոսելով իր մասնագիտության նրբությունների մասին՝ ասում է Գարիկը՝ ավելացնելով, թե ճարտարապետության մեջ Մոցարտներ չեն կարող լինել, որովհետեւ ճարտարապետ դառնում են՝ աշխատելով մի ամբողջ կյանք: Գարիկին ամենաշատը բարկացնում է, որ, այսպես ասած, ճարտարապետներն առանց միջավայրը հասկանալու, առանց իմանալու, թե «ինչ» են անելու՝ սկսում են «ինչպես» անելուց: Ու դա ամեն տեղ է՝ եւ՛ քաղաքը, եւ՛ տունը նախագծելիս:

 

Վերջին տարիներին Գարիկը նաեւ ինտերիերներ է անում, ու այստեղ էլ նա ընդունված ստանդարտներից դուրս է. ամեն մեկի տունը չէ, որ նա կհամաձայնի նախագծել: «Եթե մենք նույն գիրքը չենք կարդում կամ նույն երաժշտությունը չենք լսում, ես չեմ կարող քեզ համար դիզայն անել: Պատվիրատուն խոսում է իր հոգսերի, երեխաների մասին, պատմում է իր նախասիրությունների մասին, դառնում է նախագծային աշխատանքների մասնակից: Առաջին հերթին՝ իմ նախագծած տունը պետք է հարմար լինի: Դրա համար ես շփվում եմ տանտիրուհու հետ: Գեղեցիկը պետք է ֆունկցիոնալ լինի, անգամ «պոլի փետը» պետք է տեղ ունենա իմ նախագծած տան մեջ»:

Մի քիչ քաղաք, մի քիչ «յոլկա»

Գարիկի հետ զրուցեցինք նաեւ մեր քաղաքի ճարտարապետությունից: Այն հարցին, թե նոր նախագծվող շենքերն արդյո՞ք երկար կյանք կունենան, Գարիկը պատասխանեց՝ դա կախված է միայն ժամանակից եւ հասարակ մարդկանց գնահատականից: «Ճարտարապետությունը ճարտարապետների համար չի արվում, այլ հասարակ մարդկանց համար, ովքեր աչքերով ու հոգով դա պետք է գնահատեն: Երբ քաղաքի համար մի բան ես անում, ոչ միայն պետք է գրպանիդ մասին մտածես, այլ գոնե մի քիչ էլ՝ քաղաքիդ,- ասում է Գարիկը, ու հետո էլ անկեղծանալով ավելացնում,- Բա դա անելու բա՞ն էր, որ արեցին «Սեւան» հյուրանոցի հետ: «Սեւան» հյուրանոցի քանդելը վանդալիզմ էր: Կապ չունի, թե շենքի տերն ով է: Լավացրու, բայց մի ավերի: Այդ շենքը կարելի էր հոյակապ վերականգնել, հիմա դրա տեղը ի՞նչ են դնելու՝ ստվարաթղթային ճարտարապետություն»: Համեմատականներ տանելով աշխարհի այլ երկրների ճարտարապետության հետ՝ Գարիկն առաձնացնում է Նյու Յորքը՝ քարե ջունգլիները, որտեղ ճարտարապետության մեջ մտքի թռիչք, վերաբերմունք կա: «Առավելագույնը 300 տարվա պատմություն ունեցող քաղաք է, սակայն ի՜նչ վիթխարի եւ շքեղ ճարտարապետական ձեւերի ես հանդիպում այստեղ»,- ասում է նա: Խոսելով լանդշաֆտային դիզայնի (landscape design) մասին՝ Գարիկը ցավով է նշում, որ մեզ մոտ առհասարակ այդ կուլտուրան չի զարգանում կամ էլ շատ դանդաղ է զարգանում: «Չի կարելի քաղաքի կենտրոնից ոչնչացնել կանաչ տարածքները, հետո էլ նրա սահմաններից դուրս գտնվող տարածքներում անտառներ տնկել եւ դրանց մակերեսը բաժանելով մարդկանց քանակին՝ ստանալ, թե նորմայով մեզ հասնում է այսքան քառակուսի մետր կանաչ,- ասում է Գարիկը,- Կամ էլ պետք չէ Հայաստանում միայն «յոլկա» տնկել, ուրիշ ծառեր էլ կան»: Ըստ նրա՝ այս ամենի պատճառը գավառական մտածելակերպն է, որը վերանալու դեպքում ամեն ինչ տեղը կընկնի:

«Էմբրիոնը պետք է փուլ առ փուլ զարգանա, որպեսզի մուտանտ չդառնա»,- այսպես է ասում Գարիկը՝ նկատի ունենալով այն, որ քաղաքն էլ պետք է նույն ռիթմով զարգանա, ինչը մեր դեպքում միշտ չէ, որ արվում է: Սակայն, եթե Գարիկի նման մարդիկ են այսօր աշխատում մեր երկրում, ապա հույս կա, որ մեր քաղաքը մուտացիայի չի ենթարկվի: