Վազգեն Մանուկյանը նախընտրեց փոքր դահլիճը

03/07/2005

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 14-ին վանաձորցիների հետ հանդիպման
ժամանակ մեծ դահլիճ չէր ընտրել, այլ՝ Լոռու մարզային գրադարանի դահլիճը,
որտեղ հավաքվել էին հիմնականում նրա համակիրները: Ինչպես մայրաքաղաքում,
Վանաձորում էլ ԱԺՄ-ն տրոհվել է՝ զուգահեռաբար ստեղծված ՀԺԱՄ-ի
«նորագոյացման» շնորհիվ, սակայն Մանուկյանն, այդուհանդերձ, ունի իր
էլեկտորատը՝ ի դեմս աջ-ազատական գաղափարներ կրողների: Ելույթի ընթացքում
Մանուկյանը ծայրահեղ-հեղափոխական կոչեր չարեց, սակայն խոսեց սահմանադրական
ճանապարհով իշխանափոխության («կյանքը լավացնելու» նպատակով) եւ
ընդդիմության լիդերների միավորման անհրաժեշտության մասին: ԱԺՄ նախագահին
«սադրիչ» հարցեր չտրվեցին, ինչը խոսում էր «հակառակորդ բանակից»
ներմուծվածներ չլինելու մասին: Թերեւս իշխանություններն առայժմ
Մանուկյանից վտանգ չեն զգում: Միջոցառմանը ներկա էին հրավիրյալներ՝ տարբեր
կուսակցություններից (ՍԻՄ, ՀԺԿ, ՀՀՇ), իսկ մասնակիցների տարիքային կազմը
հիմնականում ավագ սերնդից էր: