Արիության պարգեւ

23/12/2008

Դեկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար ՀՀ Պաշտպանության նախարարության թիվ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Ռաֆիկի Մարտիրոսյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին: 2008 թ. դեկտեմբերի 12-ին զորամասի հրաձգարանում մարտական նռնակի նետման գործնական պարապմունքի ժամանակ վարժությունը կատարելիս կրտսեր սերժանտի ձեռքից նռնակը վայր է ընկել ու պայթել: Այդ պահին փոխգնդապետ Մարտիրոսյանը դրսեւորելով անձնական արիություն՝ իր մարմնով ծածկել է զինվորին` փրկելով նրա կյանքը: Երեկ Ս. Սարգսյանը Սամվել Մարտիրոսյանին հանձնել է պետական բարձր պարգեւը: Շնորհակալություն հայտնելով ծառայության համար, նա ասել է. «Ուրախ եմ ու հպարտ, որ մեր բանակում ավելանում է սպաների թիվը, ովքեր պատրաստ են անհրաժեշտ պահին արիության եւ խիզախության օրինակ ցույց տալ: Զինվորականի մասնագիտությունն այնպիսին է, որ նույնիսկ խաղաղ պայմաններում երբեմն կյանքը վտանգի է ենթարկում»: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: