Արձագանք չկա

22/12/2008

«1915 թվականին կատարվածի համար ներողություն խնդրելու նախաձեռնությունը հեղինակել են երեք թուրք ակադեմիկոսներ, եւ դա առայժմ արձագանքներ է հարուցել միայն գիտական-ակադեմիական շրջանակներում: Պաշտոնական արձագանքներ դեռեւս չկան»,- այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է թուրքական «Ռադիկալ» թերթի Անկարայի բյուրոյի ղեկավար Մուրադ Եդգինը: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ մի խումբ թուրք մտավորականներ, այդ թվում` քաղաքագետներ Բասքըն Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամoղլուն եւ Չենգիզ Ակտարը, հրապարակավ ներողություն են խնդրել «1915 թվականին օսմանյան հայերի հետ կատարված մեծ դժբախտության» առիթով: Մուրադ Եդգինը ասել է, որ Թուրքիայում գիտական շրջանակների արձագանքները իրարամերժ են` կան եւ՛ դրական, եւ՛ բացասական գնահատականներ: Ըստ «Ռադիկալի» խմբագրի, առայժմ որեւէ պաշտոնական արձագանք չկա նաեւ մոտ 300 հայ մտավորականների` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած բաց նամակի առնչությամբ: Հիշեցնենք, որ նամակում հայ մտավորականները Թուրքիայի նախագահին կոչ էին արել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը` նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: