Երեկ կառավարությունը մերժել է «Հանրապետություն» կուսակցության դիմումը` Մելիք Ադամյան հասցեում գտնվող Նիստերի դահլիճը դեկտեմբերի 21-ին, 22-ին կամ 23-ին Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդաժողովն անցկացնելու նպատակով տրամադրելու խնդրանքով: Դրանից առաջ կառավարությունը մերժել էր Նիստերի դահլիճը դեկտեմբերի 19-ին ՀԱԿ-ին տրամադրելու դիմումը: Ընդ որում, կառավարությունը ոչ թե ինչպես պարտավոր է, պաշտոնական գրությամբ է տեղյակ պահել մերժման մասին, այլ անցած ուրբաթ առավոտյան կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հեռախոսով է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանին տեղեկացրել, որ Նիստերի դահլիճը դիմումի մեջ նշված ժամկետում, այսինքն` դեկտեմբերի 19-ին չի կարող տրամադրվել: Եվ, ինչպես անցած շաբաթ հայտարարել էր ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, կառավարության կողմից մերժում ստանալու դեպքում ՀԱԿ-ը կարող է համաժողովն անցկացնել Վրաստանում: ՀԱԿ-ում երեկ եւս քննարկվում էր այդ հնարավորությունը: Այսինքն` կառավարությունում իմանալով այդ հեռանկարը, այնուամենայնիվ, մերժել են ՀԱԿ-ին: Հազիվ թե իշխանությունները չեն հասկանում, թե միջազգային ինչ արձագանք կարող է ստանալ ՀԱԿ-ի համաժողովը Վրաստանում անցկացնելու փաստը: Առանց այդ էլ հեղինակազրկված Հայաստանը վերջնականապես կարող է խայտառակ լինել: Եվ եթե իշխանություններին թվում է, թե դրանից հետո «ապազգային ընդդիմությունը միտումնավոր խայտառակեց մեր պետությանը» հայտարարությունները կարող են փրկել իրավիճակը, չարաչար սխալվում են: