ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստերի ընթացքում Ոստիկանության ներկա եւ նախկին պաշտոնյաներն արդեն որոշակի բացահայտումներ են անում:
«Ես ենթադրում եմ, որ վերջին բացահայտումները կարող են ինչ-որ կապ ունենալ փաստահավաք խմբի գործունեության հետ»,- ասում է պատգամավորը: Նրա կարծիքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում փաստահավաք խմբի աշխատանքներն, այնուամենայնիվ, որոշակի արդյունք տվել են: Թեեւ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության համաձայն՝ փաստահավաք խումբն իր աշխատանքի արդյունքում հավաքած տեղեկատվությունը պետք է ամփոփ զեկույցով ներկայացնի խորհրդարանական հանձնաժողովին, բայց դա չի խանգարում, որ ինֆորմացիոն արտահոսքեր, այնուամենայնիվ, լինեն: «Ես ենթադրում եմ, որ փաստահավաք խումբը կարող է ինչ-որ բաներ բացահայտած լինի, եւ փորձեն դա զուգահեռ նաեւ հանձնաժողովով անել: Իմ կարծիքով՝ սա է պատճառը, որ եթե նախկինում Ոստիկանության շրջանում չկային դիպուկահարներ, այսօր արդեն կա մեկ դիպուկահար: Թեեւ, ես կարծում եմ, որ էլի դիպուկահարներ են եղել այնտեղ: Իմ կարծիքով՝ սա է պատճառը, որ եթե նախկինում Ոստիկանության շրջանում չկային պատասխանատուներ ու հրաման տվողներ, այսօր արդեն կա Սաշիկ Աֆյան, Հովհաննես Թամամյան: Արդեն Գրիգոր Գրիգորյան կա, ով ասում է, թե դեպքերի օրը անմիջական կապի մեջ է եղել ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ: Շղթան արդեն կամաց-կամաց ուրվագծվում է, եւ ես կարծում եմ, որ հետագա աշխատանքների բացահայտումը պետք է բերի ոչ միայն Ոստիկանության շղթայի ուրվագծմանը, այլեւ տանի դեպի Ռոբերտ Քոչարյան»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: Պատգամավորը նաեւ կարծում է, որ փաստահավաք խմբի տեղեկատվությունը հանձնաժողովն օգտագործում է եւ ինչ-որ բացահայտումներ է անում նաեւ իր աշխատանքի արդյունավետությունը ցույց տալու համար: Բացի այդ, հանձնաժողովը նախապես ծանոթ լինելով խմբի ունեցած տեղեկատվությանը, դրա նկատմամբ ձեւավորված վերաբերմունքին, ինչ-որ ձեւով հիմա փորձում է ուղղորդել ու այն բոլորովին հակառակ տեսանկյունից ներկայացնել հանրությանը: Իսկ անցած շաբաթ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե փաստահավաք խումբն իրենց դեռ ոչ մի տեղեկություն չի տվել: Հակառակը, նրա ասելով՝ առայժմ հանձնաժողովն է իր ունեցած տեղեկություններով օգնում փաստահավաք խմբին: Մինչդեռ Ա.Մարտիրոսյանը կասկածներ ունի, որ փաստահավաք խմբից տեղեկատվության արտահոսք է լինում դեպի Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողով: Իսկ այդ արտահոսքն ընդամենը 3 հարկ ունի անցնելու` Նիկոյանի հանձնաժողովը գտնվում է ԱԺ 3-րդ հարկում, փաստահավաք խումբը` նկուղում: Պատգամավորը կարծում է, որ արտահոսքը տեղի է ունենում խմբի` իշխանության ներկայացուցիչների, հատկապես՝ նախկին քննիչ Գեւորգ Թովմասյանի միջոցով: «Իշխանություններից այնտեղ ներկայացուցիչներ կան, ընդ որում, կա քննչական խմբի նախկին անդամ, որն անմիջապես մասնակցել է մարտի 1-2-ի իրադարձությունների քննչական գործողություններին եւ մեղադրանքներ կազմելու աշխատանքներին: Ես ուղիղ մեղադրանք չեմ առաջադրում, թե հենց նրա կողմից է արտահոսք լինում, բայց հնարավոր է, որ ինֆորմացիան իշխանություններից ներկայացուցիչների միջոցով դուրս եկած լինի: Եվ չի բացառվում, որ նրանց (փաստահավաք խմբի) կատարած աշխատանքի տեղեկատվությունը հայտնվի որոշակի մարդկանց փալասների տակ»,- ասում է նա: Ինչ վերաբերում է բացահայտումների հետագա շղթային, որը կհասնի մինչեւ Ռ.Քոչարյանին, ապա պատգամավորն ասում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նմանատիպ իրավիճակներում բացառապես հանրապետության նախագահը հրամաններ արձակելու իրավունք ունի: «Նախագահը նաեւ երաշխավորն է մեր ազատության, պետական կառավարման գործունեության: Ուստի նա ցանկացած պարագայում` իր եւ՛ գործունեությամբ, եւ՛ եթե հրաման չի տվել, իր անգործությամբ պատասխանատու է»,- ասում է մեր զրուցակիցը: Ի դեպ, դեռեւս սեպտեմբերին, երբ Ա.Մարտիրոսյանն այցելում էր կալանավայրեր` մարտյան դեպքերի արդյունքում անազատության մեջ գտնվող մարդկանց, Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, թե կալանավորներից Ֆելիքս Գրիգորյանը դիմում է գրել, որ բացի իր հարազատներից՝ այլեւս ոչ մեկին չի ցանկանում ընդունել: Դիմումի մեջ նշված էր, թե Ա.Մարտիրոսյանն իր վրա հոգեբանական ճնշում է գործադրել փաստաբան ունենալու համար: Անցած շաբաթ դատարանում Ֆ.Գրիգորյանը հայտարարել է, թե այդ դիմումն ինքը չի գրել, գրությունն իրեն է ներկայացրել քննիչը եւ ստիպել է ստորագրել դա: Ընդ որում, նա նաեւ ավելացրել է, որ ստորագրել է քննիչների տված ինչ-որ հեղուկ խմելուց հետո: «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր իրավապահ համակարգը գտնվում է իշխանությունների ճնշման ուղղահայաց ազդեցության տակ: Արդեն մենք կարող ենք միանշանակ ասել, որ դա ուղղորդված եւ կազմակերպված դիմում է եղել, որ փորձեն իմ անվան հետ վարկաբեկիչ նյութ պատրաստել»,- համոզված է պատգամավորը: