«Պրակտիկ ճկուն» արտգործնախարարը

22/12/2008

«Մադրիդյան սկզբունքներում ոչ մի փոփոխություն չի կատարվել»,- երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ասել է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության սկզբունքների քննարկման ընթացքում դրանց վերաբերյալ արվում են միայն տեխնիկական առաջարկություններ: «Այդ սկզբունքներում ոչ մի փոփոխություն չի արվել: Դրանց վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Է. Նալբանդյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էր հայտարարել «մադրիդյան սկզբունքներում» կատարված լրացումների մասին: Իսկ Է. Նալբանդյանը երեկ հատուկ հիշեցրել է ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտգործնախարարների` Հելսինկիում տեղի ունեցած նիստի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտարարությունը, որը կոչ է հակամարտության` խաղաղ ճանապարհով եւ Մինսկի խմբի ձեւաչափով լուծման համար: Հիշեցնենք, որ հենց հելսինկյան այդ «դարակազմիկ» հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ նույն Հելսինկիում հակամարտող կողմերին փոխանցվել է «տեխնիկական փաստաթուղթ» եւ կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ժամանակացույց: Բնականաբար, այդ հռչակագրին երեկվա ասուլիսում անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը` այդ փաստաթուղթը գնահատելով՝ որպես «հարաբերությունների բարձրակետ»: «Հայտարարության մեջ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը աջակցել` հակամարտության լուծմանը, հույս ունենք այդ հարցում հաղթահարել դժվարությունները եւ շարունակել քննարկումները»,- հայտարարության մասին հայտարարել է Մարկ Պերեն դե Բրիշամբոն` հույս հայտնելով, որ Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը շարունակական կլինի: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կհաջողվի Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանն ընդառաջ որոշ հաջողությունների հասնել: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանն էլ ասել էր, որ նման հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն չկա, սակայն չէր բացառել դրա հնարավորությունը: Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «հույս հայտնեց», որ երկու երկրների նախագահների հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում: Երեկ լրագրողները ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին հարցրել են, թե ի վերջո կարելի՞ է հստակ ասել, որ Ղարաբաղի հակամարտության հարցում կարգավորման սկզբունքների մասին համաձայնագրի ստորագրման ինչ ժամկետներն են իրատեսական համարվում: Ի պատասխան՝ Մարկ Պերեն դը Բրիշամբոն հայտարարել է. «Պրակտիկ ճկունություն է պետք»: Իսկ նման ճկունությունը, ըստ նրա, պայմանավորված է փոխվստահությամբ ու փոխադարձ հարգանքով: «Այս հակամարտությունը շատ բարդ է, բայց կողմերն ունեն բավականաչափ քաղաքական կամք դրա լուծման համար»,- բոլոր պաշտոնյաների կողմից հնչող ստանդարտ ձեւակերպումն է կրկնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Ի դեպ, վերջինիս ուղղվել են ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Լրագրողներից մեկը պարոն դը Բրիշամբոյին հիշեցրել է Հայաստանի ընդդիմության կողմից մեր երկրում կայացած վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների եզրակացության տրվող գնահատականը, ըստ որի՝ ԵԱՀԿ-ն իր եզրակացությամբ գործնականում կանաչ ճանապարհ բացեց իշխանական կողմից բռնություն իրագործելու համար: Բնականաբար, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը չի համաձայնել այդ գնահատականի հետ: Նա հայտարարել է, թե շատերը շփոթում են հարցը, մինչդեռ դիտորդական զեկույցների նպատակն իրողությունը լավ կամ վատ գնահատելը չէ: Դիտորդական առաքելության իմաստը, ըստ Բրիշամբոյի, այն է, որ արձանագրվի «առաջընթաց քայլի առկայությունը, մեկ քայլ առաջ գնալու հանգամանքը»: Մի խոսքով, ինչպես նա է ասել, ընտրությունների վերաբերյալ զեկույցը վատի մասին խոսելու գործիք չէ, այլ ժողովրդավարական անցման միջոց, եւ այդ ուղով էլ գնում է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: Կոնկրետ հարցերին ոչ կոնկրետ պատասխանելու առումով ԵԱՀԿ գործող նախագահից հետ չի մնացել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Մասնավորապես լրագրողների միանգամայն կոնկրետ հարցերին` ինչպե՞ս է վերաբերվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հայտարարությանը, թե Հայաստանում պետք է արագ լուծվի քաղբանտարկյալների հարցն, ու պետք է բոլորն ազատ արձակվեն, կամ Համարբերգի հայտարարությանը, որ եթե իրավիճակն այդպես շարունակվի, ապա ինքը կօգտագործի քաղբանտարկյալ հասկացությունը, եւ ընդհանրապես Հայաստանի ԱԳՆ-ն ի՞նչ է անում, որ մեր երկրի մասին չհնչեն այդօրինակ խիստ գնահատականներ, Է. Նալբանդյանը, մեղմ ասած, ընդհանրական պատասխաններ է տվել: Նա ասել է, թե Հայաստանը բավական քայլեր է կատարել ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերը կատարելու ուղղությամբ, այդ դրույթների մեծ մասը կատարել է, իսկ մնացած դրույթների կատարման համար ջանքեր է գործադրում: Նալբանդյանը նույնիսկ ասել է, թե այդ ամենը հնարավոր չէ մեկ օրում անել: «Բայց Հայաստանն արեց այդ քայլերը»,- հպարտորեն հայտարարել է արտգործնախարարը` դեռ մի բան էլ վստահեցնելով, թե իշխանությունը վճռական է շարունակել բարեփոխումների այդ ուղին: Եվ թող ոչ մեկի մտքով չանցնի մտածել, թե «Հայաստանը ցանկանում է այդ ուղին շարունակել եւ հետեւողական առաջ ընթանալ» արտաքին աշխարհին ինչ-որ բան ցույց տալու համար: Դա, ինչպես ասել է Է. Նալբանդյանը, «Մեր ընտրությունն է, եւ դրա համար գնում ենք այդ ճանապարհով»: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի նշած «պրակտիկ ճկունությունը» գոնե Հայաստանի արտգործնախարարը դրսեւորում է: Առնվազն հարցերից խուսափելու եւ գեղեցիկ, բայց ոչինչ չասող հայտարարություններ անելու առումով: