Որպեսզի Կարապի լիճը ձմեռվա ամիսներին շատ անհրապույր չլինի, Երեւանի
քաղաքապետարանը որոշել է լիճը վերակառուցել: Տարվա այն ամիսներին, երբ օդի
ջերմաստիճանը կլինի մինչեւ 10 աստիճան, լիճը կծառայի որպես սահադաշտ:
Լիճը, փաստորեն, արտաքին տեսքը չի փոխի, տարվա 6 տաք ամիսներին այն կլցվի
ջրով, մնացած ժամանակ՝ լճի հատակում տեղադրվելիք հատուկ սարքավորումները
կապահովեն մշտական սառույցի գոյությունը: Սահադաշտը կունենա 1000 քմ
տարածք: Ինչպես տեղեկացրեց «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն
Մուշեղյանը, սահադաշտի նախագծային աշխատանքներն իրականացնում են մոսկովյան
ձեռնարկություններ: Քաղաքապետարանը կառուցման համար նախնական 200 մլն դրամ
է հատկացրել: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, նախատեսված է
սահադաշտը շահագործման հանձնել մինչեւ հոկտեմբեր: