«Այն անձնավորությունը, որն ասում է՝ ես մեղավոր չեմ, ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ պետք է դիմում գրի խնդրանքով, որ իրեն ներեն: Ես դա սխալ մոտեցում եմ համարում, որն այսօր կիրառվում է իշխանությունների կողմից»,- մեկնաբանելով մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվածներին եւ քաղբանտարկյալներին «ներման» միջոցով ազատելու իշխանությունների քայլերը՝ երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա նաեւ ասել է. «Եթե մարդը մեղավոր չի, նա պետք է ազատ արձակվի, ընդ որում` ոչ թե համաներումով, այլ այն պատճառով, որ չկան նրա մեղավորությունն ապացուցող փաստեր: Ինչո՞ւ նրանք պետք է ներողություն խնդրեն, եթե մեղավոր չեն»: Տ. Կարապետյանը կարծում է, որ այդ գործով բանտարկյալների նկատմամբ պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ իրավական գործընթաց: «Եթե նրանց դեմ բան չկա, պետք է բաց թողնեն»,- հայտարարել է նա` ներում խնդրելու իշխանությունների պարտադրանքը որակելով՝ որպես «ղազագիր ստորագրելու պարտադրանք»:
Տ. Կարապետյանը բացասաբար է վերաբերվում նաեւ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի ու փաստահավաք խմբի գործունեությանը` դրանց ստեղծումը համարելով որպես «ֆիկցիա»: «Բոլորն էլ գիտեն, թե ինչ է պետք անել, որպեսզի արդյունք լինի, թող անեն: Մարտի 1-ի սպանությունների մեղավորներ չկան, ո՞վ է մեղավոր. Պոլոզ Մուկո՞ւչը: Պետք է մեղավոր լինի, չէ՞»,- հարցրել է ԺԿ նախագահը: Սակայն նա չի կիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գնահատականը, ըստ որի՝ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: «Թող Բրայզան կիսի իր կարծիքն ինձ հետ: Ես ասել եմ ու կասեմ, որ՝ այո, կան մարդու իրավունքների ոտնահարումներ այն խնդիրներում, որոնք դուր չեն գալիս իշխանություններին: Մենք ժողովրդավարական չենք եւ դա պետք է գիտակցենք: Շատ ցանկալի կլինի, որ լինենք ժողովրդավարական, ձգտում ենք դրան, բայց դեռ ապարդյուն»,- ասել է Տ. Կարապետյանը: Լրագրողները Տ. Կարապետյանին հարցրել են` արդյոք Սերժ Սարգսյանն իր նախագահության 7-8 ամիսների ընթացքում կարողացե՞լ է անել քայլեր, որոնք վկայեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից նրա կառավարման էական տարբերության մասին: Ի պատասխան՝ ԺԿ նախագահն ասել է, թե չի ուզում զուգահեռներ անցկացնել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, քանի որ ամեն մարդ ունի իր կառավարման, գործունեության սեւ եւ սպիտակ էջերը: Տ. Կարապետյանը, սակայն, կարծում է, թե Սերժ Սարգսյանը չի արել մի բան, որ իրեն ուղղակի մեղադրեն: «Ինքը ոչ լավ բան է արել, ոչ վատ»,- հայտարարել է նա: Տ. Կարապետյանը երեկ նաեւ իր հիասթափությունն է հայտնել: Նա ասել է, թե համոզված էր, որ Սերժ Սարգսյանը պետք է լուծարեր խորհրդարանն ու հենվեր նոր ուժերի վրա, սակայն չի արել այդ բանը, ինչը Տ. Կարապետյանը կորուստ է համարում իշխանության համար: Նա վստահ է, որ այսօրվա խորհրդարանը չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Սակայն արդեն վստահ է նաեւ, որ ԱԺ-ն այլեւս չի լուծարվելու: Երեկ նա հայտարարել է նաեւ, որ իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է, ամենայն հավանականությամբ, 2009թ. տեղի ունենալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Ինքն էլ գլխավորելու է կուսակցության համամասնական ցուցակը, այսինքն` հաղթանակի դեպքում դառնալու է Երեւանի քաղաքապետ: «Շատ լուրջ եմ վերաբերվում քաղաքապետի ընտրությանը, եւ որքանով կարող ենք՝ մասնակցելու ենք` մեր ողջ ներուժը ներդնելով: Ես շատ եմ կարեւորում այդ ընտրությունը, հատկապես, որ դա լինելու է համամասնական ու հատկապես Երեւանում, որովհետեւ Երեւանում ընտրություններ կեղծելը մի փոքր բարդ է,- հայտարարել է ԺԿ նախագահը` ավելացնելով,- Չնայած նրանք (իշխանությունները) էլի կօգտագործեն իրենց ռեսուրսը, բայց այդ ռեսուրսը կիսվելու է: Պետք է ասեմ, որ արդեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատերն օգտվեցին իշխանական ռեսուրսից, եւ որը վաղը-մյուս օրը կարող է իշխանության դեմ լինել»: