«Հանձնաժողովը պետք է քաղաքական գնահատական տա»,- ասում է ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը

22/12/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ, ՆԺԿ-ն ինչո՞ւ որոշեց մասնակցել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

– Ներքաղաքական իրավիճակի զարգացումը, նաեւ միջազգային կառույցների վերաբերմունքը հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ, պարիտետային սկզբունքով փաստահավաք խմբի ձեւավորման ընթացքը մեզ իրապես բերեց մի վիճակի, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելն արդեն քաղաքական առումով անհրաժեշտ էր: Աշնանը ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանին խնդրեց երկարացնել աշխատանքի ժամկետը, ասել է թե՝ կա ինֆորմացիոն մի բանկ, որի մշակման, ճշգրտման, համադրման համար ժամանակ է հարկավոր: Եվ եթե խումբը կարողանում է շնորհիվ այդ պարիտետի ձեռք բերել լուրջ տեղեկատվություն, ապա արմատական ընդդիմության բացակայությունը ժամանակավոր հանձնաժողովում կարող էր վնասել հանրությանն այդ ինֆորմացիային տեղեկացնելուն:

– Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու որոշումը կայացնելուց առաջ այդ մասին խորհրդակցե՞լ եք ձեր ընդդիմադիր գործընկերների` ՀԱԿ-ի առաջնորդների հետ:

– Քանի որ ոչ պայմանավորվածություն, ոչ էլ պարտավորվածություն կա, որ մենք պետք է որեւէ ուրիշ քաղաքական ուժի կամ գործընկերոջ հետ խորհրդակցենք մեր` որպես քաղաքական կուսակցության քաղաքական գործունեության մասին, բնականաբար այդպիսի խորհրդակցություն չի եղել: Համաժողովրդական շարժման մեջ լինելով` բնականաբար, մենք մեր գործողությունները պետք է համադրեինք, շարժման նպատակաուղղված գործունեությանը մեր մասնակցությունը բերեինք: Այդ փուլում որ մենք սպասեցինք, պարզապես պետք է համոզվեինք, որ հանձնաժողովն անկախության ինչ-որ էլեմենտներ ունի: Կարծես թե մենք դրանում ուզում ենք համոզվել: Կարծում եմ՝ Արամ Կարապետյանի մասնակցությունը պիտի որ ավելի արդյունավետ դարձնի հանձնաժողովի աշխատանքները: Որքան էլ տարբեր լրատվամիջոցներ կփորձեն սարկազմի, իրոնիայի վերածել, թե փալասի տակ այս կա, կամ այն չկա, ժամանակը ցույց կտա, որ մեր համեստ մասնակցությամբ ներդրում կանենք ճշմարիտ տեղեկատվություն ստանալու հասարակության սպասելիքներն իրողություն դարձնելու համար:

– Իսկ այնուամենայնիվ ի՞նչ կա «փալասի տակ», կբացահայտե՞ք:

– Թերեւս փալասի տակ այն կար, որ Ներքին զորքերի նախկին հրամանատարը` Գրիգոր Գրիգորյանը, հանրության սեփականությունը դարձրեց այն փաստը, թե եղել է շտաբ, որը ղեկավարել է իրադարձությունները, եւ ինքը պարբերաբար կապի մեջ է եղել ոստիկանապետի հետ եւ իր գործողությունների համար հրամաններ է ստացել: Տեղեկատվությունը, որը տարածվում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից, թե ոչ մի հրաման ու ոչ մի շտաբ չի եղել, հօդս ցնդեց:

– Ուզում եք ասել` ՆԺԿ-ի մասնակցությո՞ւնն էր պատճառը, որ Գ.Գրիգորյանը նման բացահայտումներն արեց:

– Նա խոստովանեց, ի՞նչ տարբերություն: Փալասը շատ պատկերավոր բան է, չէ՞: Կարեւորը՝ որ կարողանում ենք իրավիճակն այնպիսին դարձնել, որ մարդն իրապես հասկանա, որ երկրի, պետության, հասարակության եւ իր շահերից է բխում ճշմարտությունն ասելը:

– Դուք արդեն ծանոթ եք հանձնաժողովի աշխատանքներին, ինչպե՞ս եք գնահատում:

– Այդ նիստին մասնակցելը բավական ոչ օպերատիվ էր, ընդամենը 1 ժամ ու 15 րոպե առաջ ենք տեղեկացել, որ նիստ է տեղի ունենալու: Բացի այդ, ԱԺ որոշման համաձայն՝ նաեւ խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող անդամն էլ կարող էր կազմակերպչական աշխատանքներին մասնակցել: Ի՞նչն էր խանգարում, որ 1 օր առաջ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մասնակից լիներ նաեւ Ա.Կարապետյանը: Տեղյակ չենք եղել, որ Գ.Գրիգորյանը նախորդ օրը եկել է հանձնաժողով, նախօրոք մշակում է եղել, թե հաջորդ օրն ինչպես պետք է ներկայանա:

– Նախորդ անգամ Ա.Կարապետյանը դրական գնահատեց այն, որ հանձնաժողովն ահռելի տեղեկատվություն է կուտակել: Իսկ ընդհանուր աշխատանքներից գո՞հ եք:

– Արված աշխատանքի ծավալը բավականին մեծ է, բայց դա ԱԺ հանձնաժողով է եւ պետական քաղաքական մարմնի մաս է կազմում: Ուրեմն իր գործունեությունը պիտի քաղաքական եւ ոչ թե իրավաբանական, դատախազական, դատական համակարգի գործունեության բնույթ ունենա: Տպավորություն է, որ կուտակված տեղեկատվությունն այդ բնույթի է: Բայց քաղաքական գնահատական չի տրվում: Ռ.Քոչարյանն ինչո՞ւ չի եկել հանձնաժողով, Հայկ Հարությունյանն ինչո՞ւ է ուշանում, նրանք են պատասխանատուները եղել: Ընդդիմության կողմն էլ պիտի ներկա լինի ու հիմնավորումներ բերի, թե կապ չունի Մաշտոցի պողոտայի այդ այլանդակությունների հետ: Հանձնաժողովը պետք է պարզի մարտյան դեպքերի պատճառները, դեղատոմս տա, թե ինչ պետք է անել, որ նման դեպքերը չկրկնվեն: Նաեւ նախընտրական ժամանակաշրջանի գնահատականը պիտի տա: Հանձնաժողովը առաքելություն ունի նաեւ գնահատական տալ փետրվարի 19-ի ընտրությունների արդարության աստիճանի, արտակարգ դրության հիմնավոր լինելու, արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանի որոշում կայացնելու մասին: ՍԴ նախագահը պիտի հրավիրվի եւ պատասխանի, թե սահմանադրական այդ ո՞ր նորմի համաձայն է արտակարգ դրության պայմաններում որոշում կայացրել եւ այլն:

– ՆԺԿ-ն կմասնակցի՞ հետագայում ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառումներին:

– Եթե կլինեն միջոցառումներ, որոնք միտված են համաժողովրդական շարժման խնդիրներն իրականացնելուն, մենք մասնակից կդառնանք: Դա կլինի թե՛ քաղբանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու, թե՛ արտահերթ ընտրություններին հասնելու համար: