Երկուսու կես կարծիք

22/12/2008

Դեկտեմբերի 11-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում մտահոգություններ են արտահայտվել Հայաստանում ժողովրդավարական կառավարման առնչությամբ: Տնօրենների խորհուրդն ընդգծել է. «Ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները, իրական բարեփոխումներ կիրագործի»: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է, որ ՀՀ-ում գյուղական ճանապարհների վերականգնման եւ ոռոգման ցանցի բարելավման համար «ՀՄ» հիմնադրամին 6 միլիոն 811 հազար 305 դոլարի գումար հատկացնելու հարցը կրկին քննության կառնվի 2009 թվականի մարտին: Մեկնաբանելով «ՀՄ» կորպորացիայի տնօրենների խորհրդի դոկտեմբերի 11-ի որոշումը` «ՀՄ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի նախկին անդամ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Ես կարծում եմ, որ ամենեւին էլ անսպասելի չէ: Մարդը («ՀՄ» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը) եւ՛ մարդավարի, եւ՛ ի պաշտոնե զգուշացրել էր մարտի 11-ի իր նամակում` ուղղված ՀՀ նախկին նախագահ Քոչարյան Ռոբերտին: Դա հայտնի նամակն է, որը ամբողջությամբ հրապարակվել է, որ` «սա համարեք պաշտոնական նախազգուշացում»: 2008-ի հայաստանյան 17 ցուցանիշներից 9-ը վատ էին, եւ առաջին խմբում` արդար կառավարման բաղադրիչը, 6-ից 5-ն էին վատ: Ենթադրվում է, որ գոնե մարտից մինչեւ այսօր ՀՀ իշխանությունները կոնկրետ ջանքեր կներդնեին, որպեսզի իրավիճակը շտկվի: Դժբախտաբար, օրերս, փաստորեն, արդեն «ՀՄ» կորպորացիան հրապարակեց 2009-ի ցուցիչները, եւ ՀՀ-ի իրավիճակը արդար կառավարման մասով մնում է նույնը»: Տեսականորեն հնարավոր համարելով, որ մինչեւ 2009 թ. մարտ կատարվեն նշված ցուցիչները շտկելու համար պահանջվող փոփոխությունները, Բարսեղյանը հավելել է. «Բայց դա այն գումարը չէ, որ ՀՀ իշխանությունները դրա դիմաց զիջեն վերարտադրվելու բուռն ցանկությունը: Այսինքն, այս իմաստով, չեմ ակնկալում որեւէ լուրջ փոփոխություն` անգամ ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանում ընդունվելիք հնարավոր բանաձեւի մասով»: Երեկ «ՀՄ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը` «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով ծրագրի շրջանակներում ՀՀ-ի ֆինանսավորման հետաձգման մասին լուրերը, ասել է, որ հայկական կողմը 2009թ. հունվար-մարտ ամիսների համար ֆինանսավորում ստանալու նպատակով կորպորացիայի խորհուրդ հայտ է ներկայացրել դեկտեմբերի 12-ին, այսինքն` խորհրդի նիստից հետո: Հետեւաբար, Ա. Հովսեփյանի խոսքով, նիստում այն չէր կարող քննարկվել: Երեկ այս հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն՝ ընդգծելով, որ դա պարզապես եղել է «ՀՄ» կորպորացիայի խորհրդի հերթական հանդիպումներից մեկը, որի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ի ցուցանիշերին: Ըստ Երիցյանի` նիստի ժամանակ ՀՀ-ին նոր գումարների հատկացման վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել: Նաեւ նշել է, որ «ՀՄ»-ի կողմից ֆինանսավորման պարագայում 2 տարբեր գործընթաց կա. նախ գնահատվում են տվյալ երկրի չափանիշերը, ըստ որոնց` «ՀՄ»-ի ծրագրային միջոցները կամ հասանելի են դառնում այդ երկրին, կամ ընդհակառակը: Միայն դրանից հետո է իրականացվում բուն ֆինանսավորումը: Անդրադառնալով «ՀՄ» կորպորացիայի տարածած հաղորդագրությանը` Երիցյանն ասել է, որ դրանում միայն ասված է, թե խորհուրդը քննարկել է նաեւ ՀՀ-ի կառավարության կողմից վերջին ամիսներին նախաձեռնված բարեփոխումների ընթացքը եւ իր մտահոգությունն է հայտնել մի շարք ցուցանիշերի վերաբերյալ` դեմոկրատիայի, կոռուպցիայի, քաղաքական ազատությունների եւ օրենքի գերակայության: Միաժամանակ խորհուրդը, ըստ նրա, նշել է, որ ՀՀ-ն նաեւ վերջին ամիսներին առաջընթաց ունի, ներկայացրել է նշված թերությունները լրացնելու լուրջ փաթեթ, ուստի շեշտվել է, որ իրենք լիահույս են տեսնել, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է իր խոստացած լրջագույն եւ էական բարեփոխումները եւ նշված ինդիկատորների լրջորեն բարելավումը: Ըստ Երիցյանի, «ՀՄ»-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ որեւէ գումարի չափ հիշատակված չէ: ՀՀ-ի կողմից ներկայացրած ֆինանսավորման հայտը 2009թ. հունվար-փետրվար ամիսների համար է: ՀՀ կառավարությունն այս տարի ինքն է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսավորում իրականացրել «Հազարամյակի մարտահրավերներ» կորորացիայի հետ համատեղ իրականացվելիք ծրագրերի ուղղությամբ եւ պայմանը հետեւյալն է, որ այդ գումարն ամբողջությամբ նախատեսված ծրագրերի իրականացմանն ուղղելուց հետո ամերիկյան ֆինանսավորումը կշարունակվի: