Հայաստանը` հերթական սեւ ցուցակում

22/12/2008

Ամեն տարի միջազգային կառույցները աղքատ ու զարգացող երկրներին միլիոնավոր դոլարներ են տրամադրում մահացու հիվանդությունների դեմ երեխաներին պատվաստելու համար, որոնք, սակայն, շատ հաճախ նպատակային չեն ծախսվում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին է վկայում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի վերջին ուսումնասիրությունը: Զեկույցի համաձայն, աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներ ուռճացրել են պատվաստման ենթակա երեխաների թիվը եւ, համապատասխանաբար, ավելի մեծ գումարներ ստացել դոնոր կազմակերպություններից: Ուսումնասիրելով 1986-2006 թվականների տվյալները` փորձագետները եկել են այն եզրակացության, որ զարգացող երկրներին տրամադրվել է առնվազն երկու անգամ ավելի շատ գումար, քան իրականում ծախսվել է երեխաներին պատվաստելու համար: Ամենամեծ տարբերությունը կառավարությունների ներկայացրած թվերի եւ անկախ փորձագիտական տվյալների միջեւ գրանցել են 4 երկրներ, որոնցից մեկն էլ Հայաստանն է: «Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ` Սոմալիի, Զիմբաբվեի եւ Մյանմայի հետ Հայաստանը գումարներ է ստացել «Հանուն պատվաստումների եւ իմունիզացիայի» միջազգային դաշինքից` հավելյալ թվով երեխաների պատվաստելու համար, սակայն, ընդհանրապես այդօրինակ պատվաստումներ չի կատարել: Ընդհանուր առմամբ, ըստ կազմակերպության տվյալների՝ Հայաստանը 2000 թվականից մինչ օրս դաշինքից ստացել է շուրջ 750 հազար դոլար: Մյուս երկրները, օրինակ` Տաջիկստանը, Պակիստանը, Զամբիան, պատվաստված երեխաների թիվն ուռճացրել են՝ չորս, Գվինեան, Ինդոնեզիան, Չադն ու Կոնգոն` ավելի քան երկու անգամ: Ընդհանուր հաշվով, դոնոր կազմակերպությունը վերջին տարիներին աղքատ ու զարգացող երկրներին տրամադրել է շուրջ 290 միլիոն դոլար, այն դեպքում, երբ, հետազոտության հեղինակների հավաստմամբ, իրական նպատակով ծախսվել է դրա ընդամենը կեսը: «Դեռեւս անհրաժեշտ է պարզել` ուր են գնացել այդ գումարները: Հուսով ենք` ոչ շվեյցարական բանկեր»,- «Ռոյթերզին» ասել է Լոնդոնի փորձագիտական խմբերից մեկի ներկայացուցիչ Ֆիլիպ Սթիվենսը: Գործակալության հաղորդմամբ` դոնոր կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիան Լոբլեւիթը բացատրություն է պահանջել կասկածի տակ առնված երկրներից եւ դադարեցրել բոլոր տեսակի վճարումները` մինչեւ դրանք կտրամադրվեն: