«Երեկվա ջազ չի լինում»

22/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Սաքսոֆոնահար ու դիրիժոր Գեորգի Գարանյանն, արդեն 50 տարի է, ելույթներ է ունենում, ձայնագրություններ է անում ու տարբեր ջազային կոլեկտիվներ է ղեկավարում։

Խորհրդային Միությունում նրա անունը հայտնի էր բոլորին, քանի որ Գեորգի Գարանյանը ղեկավարում էր «Մելոդիա» նվագախումբը, որը նվագակցում էր գրեթե բոլոր խորհրդային ջազ եւ էստրադա կատարող երգիչներին։ «Մելոդիայի» հետ համատեղ՝ նա 12 վինիլային ձայնապնակ է ձայնագրել։ Ստացվել էր այնպես, որ ասելով՝ «Մելոդիա», բոլորը հասկանում էին՝ Գարանյան։ Նրա անունը հաճախ գրվում էր նաեւ կինոֆիլմերի տիտրերում, քանի որ Գեորգի Գարանյանը ղեկավարում էր Կինեմատոգրաֆիայի կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը եւ բազմաթիվ ֆիլմերի համար երաժշտություն էր գրում։ Հիմա նա հազվադեպ է աշխատում կինոյում՝ ասելով, որ ժամանակը չի հերիքում, քանի որ ինքն ավելի «կենդանի» աշխատանքի կողմնակիցն է։ Այժմ նա երկու նվագախմբերի ղեկավար է, մի նվագախումբը Օլեգ Լունդստրեմի անունը կրող հայտնի ջազ-բենդն է, իսկ մյուսը Կրասնոդարի ջազային նվագախումբն է։ Գ.Գարանյանը հպարտությամբ է ասում, որ իր ղեկավարած նվագախմբերում հիմնականում երիտասարդներ են աշխատում։ «Ընդամենը երկու «ծերուկ» ունենք»,- ասում է նա։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մալխասյանը նույնպես ուրախ է, որ «ջահելությունը հիմա տարբեր ակումբներ է գնում՝ ջազ լսելու համար»։ Նա ուրախ է, որ ուշադրությունը ջազի հանդեպ մեծ է, պարզապես հստակեցնում է. «Հիմա բոլորն ասում են, որ Երեւանում ջազը զարթոնք է ապրում, իսկ ես կասեմ, որ ջազը զարթոնք չի ապրում, այն արդեն իսկ զարթնել է 1960-ականներին՝ այն պահից սկսած, երբ ես սկսեցի նվագել»։

Գ. Գարանյանը Երեւան է այցելել «Հայկական ջազ-70» կազմկոմիտեի հրավերով։ Դեկտեմբերի 15-ին նա՝ սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանի, կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանի ու դաշնակահար Լեւոն Մալխասյանի հետ համատեղ համերգի մասնակիցը դարձավ։ Երեկ առավոտյան նա ասաց, որ դեռ չէր հասցրել համատեղ փորձեր կատարել այլ երաժիշտների հետ, բայց նշեց, որ երբեք չի հանդիպել այնպիսի ջազ երաժիշտների, որոնք առաջին անգամ հանդիպելով՝ ընդհանուր լեզու չեն գտել։ «Հիմա էլ կգտնենք»,- ասաց նա։

Երբ խոսք գնաց ջազի ազգային տարրերի կամ նկարագրի մասին, Գ.Գարանյանը նկատեց. «Երբ լավ երաժիշտ է նվագում, չես էլ կարող հասկանալ՝ նա հա՞յ է, թե՞ ոչ։ Սովետական Միությունում Մշակույթի նախարարությունը պարտադրում էր, որ ջազը ազգային լինի։ Եվ դա վատ չէր, քանի որ հետաքրքիր բաներ էին ծնվում, բայց ժամանակն ապացուցեց, որ ազգային ջազը օրգանիկ լինել չի կարող։ Հարցը միայն որակի մեջ է։ Կար ժամանակ, երբ բոլորիս համար առանձնահատուկ երեւույթ էր լեհական ջազը, բայց այդ տեսակը չդիմացավ ժամանակի փորձությանն ու կամաց-կամաց անհետացավ։ Ջազը հազարավոր ուղղություններ ունի, նվագիր՝ ինչ ուզում ես։ Միայն լավ նվագիր։ Ուզում ես՝ ազգային մեղեդիներ օգտագործիր, չես ուզում՝ մի օգտագործիր։ Երբ լավ ջազ ես լսում, երբեք չես կարող կռահել, թե այն ի՞նչ ազգություն ունի»։

Լ. Մալխասյանն ու Գ. Գարանյանը համակարծիք էին, որ հիմա լավ ջազային վոկալիստների պակաս կա։ «Ջազային երգիչներ Երեւանում չկան. ո՛չ կանայք, ո՛չ էլ տղամարդիկ։ Մենք ջազային վոկալիստների դպրոց չունենք, երբեք էլ չենք ունեցել։ Եղել են երկու լավ երգչուհիներ՝ Տաթեւիկ Հովհաննսիսյանն ու Էլվինա Մակարյանը, բայց դպրոց չի եղել։ Ջազային վոկալով պետք է շատ լուրջ զբաղվել, Սայաթ-Նովայի ու «ռաբիսի» արանքում ջազ չեն երգում»,- ասաց Լ. Մալխասյանը։ Գ. Գարանյանն էլ հիշատակեց հայկական արմատներ ունեցող Իրինա Օտիեւային, ով դասավանդում է Մոսկվայում։ «Իսկ մնացածը հանգիստ սրտով «պոպսայով» են զբաղվում»,- ասաց նա։

Ջազը երաժշտություն է, որը նախեւառաջ մտորումներ ու տրամադրություն է ստեղծում, այդպիսին է ջազի էությունը։ Այդ երաժշտությունը ծայրաստիճան հեղինակային ու այժմեական է, քանի որ հանդիսատեսը ոչ թե սոսկ երաժշտություն է լսում, այլ՝ կոնկրետ այս կամ այն կատարողի մեկնաբանմանն է ականատես դառնում, իսկ մեկնաբանությունները երբեք նույնը չեն լինում։ Գ.Գարանյանն ասում է. «Ջազը շատ ավելի արդիական է, քան յուրաքանչյուր այլ երաժշտություն, քանի որ իմպրովիզացիան հենց այս պահին է ծնվում, եւ ջազի համար միայն այսօրը գոյություն ունի։ Երեկվա ջազ չի լինում, եթե, իհարկե, դա ձայնագրություն չէ։ Ջազային երաժիշտը կարող է անել այն ամենն, ինչ ուզում է։ Ինչ գլխում ծնվեց՝ նրա մասին էլ կխոսի հանդիսատեսի հետ։ Կարեւորը, որ նա դա լավ անի»։

Նա ասաց, որ հիացած է հայկական ջազի հոբելյանը նշող կազմակերպության աշխատանքով, որը ողջ տարվա ընթացքում տարբեր համերգներ է նախաձեռնում։ Եվ ավելացրեց, որ «Կուլտուրա» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող իր հեղինակային «Ջեմ-5» հաղորդաշարը կանդրադառնա հայկական միջոցառումներին։