Նկարիչների Միության համագումարը, որը մեկնարկել էր երեկ եւ շարունակվելու է այսօր, աննախադեպ (այդ բառի ամենաբուն, այլ ոչ թե՝ սոսկ գովազդային իմաստով) ուշադրության էր արժանացել նկարիչների, քանդակագործների ու պատկերային արվեստով զբաղվող այլ մարդկանց շրջանակներում։
Հայտնի է, որ Միությունը հազարից ավելի անդամներ ունի, որոնց զգալի տոկոսը բնակվում ու ստեղծագործում է արտասահմանում։ Եվ եթե հաշվի առնենք, որ Ստանիսլավսկու անվան թատրոնը, որտեղ անցնում էր նկարիչների հավաքը, լեփ-լեցուն էր (մարդիկ նույնիսկ պատերին թիկնած էին կանգնած), կարելի է վստահ ասել, որ համագումարը՝ մասնակիցների առումով՝ ռեկորդ է սահմանել։ Ռեկորդային լինելու պատճառը ոչ միայն Միության նոր ղեկավարի ընտրություններն էին, այլ՝ այն ցայտուն ինտրիգի ենթադրյալ շարունակությունները, որոնց բոլորը սրտատրոփ սպասում էին։ «Եկել ենք, որպեսզի տեսնենք՝ ի՞նչ կլինի»,- ահա այս դիտարկումն էր գերակշռում նկարիչների մոտ։ Հաճախ կարելի էր լսել նաեւ. «Եկել ենք շոու դիտելու»։
Նկարիչների Միությունում կան ներկա ղեկավարությանը սատարող ուժեր, եւ կա մարտական տրամադրված ընդդիմություն։ Ամեն ինչ, ինչպես մեծ քաղաքականությունում է։ Միության նախագահ Կարեն Աղամյանն արդեն երկու ժամկետ ղեկավարել է Միությունը եւ հիմա պատրաստվում է երրորդ անգամ ստանձնել այդ պաշտոնը։ Երեկ նա պաշտոնապես հայտնեց այդ մասին։ Միության կանոնադրությունը երրորդ անգամ վերընտրվելու իրավունք չի տալիս ստեղծագործողին, սակայն այս տարի կանոնադրության մեջ փոփոխություններ են արվել, եւ դա հնարավոր է դարձել։ Կ.Աղամյանի հանդեպ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող նկարիչները պնդում են, որ նա կանոնադրության փոփոխությունները վավերացնելու իրավունք չուներ, քանի որ 2008 թվականի ապրիլին (երբ փոփոխություններ են արվել) նկարիչները հավաքվել էին ոչ թե համագումար, այլ՝ ընդամենը ժողով անելու համար։ Իսկ ժողովը նման լիազորություններով օժտված չէ։ Նկարիչ Արմեն Աթանյանը երեկ իր թեկնածությունն առաջադրեց՝ որպես Կ.Աղամյանի ընդդիմադիր։ Նա մտահոգություն է հայտնում՝ պնդելով, որ կեղծիք է տեղի ունեցել, եւ Միության շատ անդամներ հնարավորություն չեն ունեցել նույնիսկ կանոնադրության փոփոխման մասին տեղեկանալ։ «Ես ինքս այդ մասին երկու ամիս առաջ եմ իմացել։ Մինչդեռ կանոնադրությունը պարտադրում է, որ բոլոր անդամները պետք է համագումարից 14 օր առաջ գրավոր ծանուցագրեր ստանան, իսկ Միության ղեկավարները պետք է դրանք ուղարկեն։ Որտեղ էլ որ նկարիչը լինի, նա պետք է ստանա այդ ծանուցագիրը։ Իսկ Կ.Աղամյանն ասում է, որ զանգահարել է ոմանց, բայց նրանք տանը չեն եղել։ Դա ուղղակի ծիծաղելի է»,- ասում է Ա.Աթանյանը։ Նա առավել անբարոյական է համարում Կ.Աղամյանի հետեւյալ միտքը. «Որոշ դավադիր նկարիչներ ինձ ուզում են գահընկեց անել»։ «Կարծես նա գահի վրա է նստած։ Ես ուզում եմ ասել, որ Միության նախագահ դառնալն իմ գերխնդիրը չէ, ես պարզապես ուզում եմ, որ իմ ձայնը լսելի լինի։ Եթե չառաջադրեի իմ թեկնածությունը, Աղամյանն ինձ երբեք ձայն չէր տա»,- ասում է նա։
Ի դեպ՝ Ա.Աթանյանն ու նկարիչ Հաղթանակ Շահումյանը դիմել են վարչական դատարան՝ կանոնադրության մեջ արված փոփոխություններն անվավեր ճանաչելու հայտով։ Ա.Աթանյանը շատ վտանգավոր է համարում պրոֆեսիոնալ Նկարիչների միությունը հասարակական կազմակերպության վերածելու փաստը, ինչը եւ արել է Կ.Աղամյանը։ «Հ/կ-ների մասին օրենքը շատ բան է գլխիվայր դնում եւ միայն վնասում է պրոֆեսիոնալների միավորմանը»,- վստահ է նա։
Ի դեպ՝ շատ ուշագրավ հարց կարող է ծագել Նկարիչների միության ներքին խոհանոցին անծանոթ մարդկանց մոտ՝ իսկ ինչո՞ւ է Կարեն Աղամյանն ամեն գնով ձգտում այդ պաշտոնին։ Ինչո՞ւ չի ստացվում պատվով հեռանալը։ Նա պատասխանում է, որ դեռ անավարտ գործեր ունի, որոնք պիտի ավարտի։ «Ես պատրաստ եմ շարունակել այն գործը, որը վստահեցիք ինձ տարիներ առաջ»,- ասում է նա։ Հիմա Նկարիչների միությունը նոր ու վերանորոգված ցուցասրահ ունի։ Այդ շինարարությունը փաստացի արդեն ավարտվել է։ Եվ եթե Միության շենքի հետ կապված որոշ ֆինանսական գործարքներ կան, որոնց մասին հանրությունն ու նկարիչները չգիտեն, ուրեմն Կ.Աղամյանը հենց այդ գործերը նկատի ունի՝ ասելով՝ «անավարտ»։
Այսօր արդեն պարզ կդառնա Նկարիչների միության հաջորդ նախագահի անունը։ Շատ հնարավոր է, որ իր թեկնածությունը կառաջադրի նաեւ Հաղթանակ Շահումյանը, ով համագումարի բոլոր մասնակիցներին առաջարկում էր իր ծրագրային բուկլետին ծանոթանալ։ Երեկ արդեն բոլոր նկարիչներին, որոնց թիվը մոտենում էր 700-ի, մանդատներ հանձնվեցին։ Եվ այսօր փակ քվեարկությամբ, բայց թափանցիկ մթնոլորտում նկարիչները կընտրեն իրենց նոր նախագահին։ Թափանցիկ քվեատուփը կդրվի բեմի վրա, ու հրապարակային կհաշվառվեն բոլոր թերթիկները։ «Ընտրություններ» ու «ընտրակեղծիքներ» բառերը մեր օրերում գրեթե հոմանիշներ են դարձել։ Եվ Նկարիչների միության նեղ մասնագիտական ընտրական մոդելը միգուցե կխախտի այդ թախծոտ հայկական ավանդույթը։ Համենայնդեպս, հայ նկարիչների շարքերում հստակ գծված մի քանի բանակներ կան։ Կա նաեւ չկողմնորոշված ընտրազանգված, որն այս երկու օր տեւող համագումարի ընթացքում կարող է կողմնորոշվել։ Ընդ որում՝ համագումարի մասնակիցները նախեւառաջ եկել էին իրար լսելու ու առիթից օգտվելով՝ ելույթ ունենալու համար։ Եվ դա բնական է, քանի որ Միության յուրաքանչյուր անդամ սրտի խորքում դժգոհության ու անբավարարվածության խրձեր է կուտակել։ Նրանք ինքնարտահայտվելու համար էին եկել, իսկ դա շատ առողջ ցանկություն է։ Ելույթ ունենալու պահանջ զգացողները ցուցակագրվում էին ու խոսում տարբեր՝ մեծ ու փոքր, անձնական ու վերացական խնդիրների մասին։ Մարդիկ շատ բան ունեին ասելու, շատ խնդիրներ ունեին կուտակած, եւ գերադասում էին այդ խնդիրների մասին ոչ թե Միության վարչական օրգաններին հայտնել, այլ՝ ավելի հրապարակային հարթակներ են ընտրում։ Խոսք գնաց անձնական վիրավորանքների, անձնական վրեժխնդրության հետեւանքների, Շորժայում գտնվող Նկարիչների հանգստյան տան շահագործման (թերի կամ հիանալի, ում՝ ինչպես պետք էր), թանգարանների աշխատանքի մասին։ Պարսավանքի արժանացավ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ով մեղադրվեց արվեստի գործերն անհետացնելու մեջ, նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը խոստացավ իր ընդդիմադիրների գլխին փլել իր իսկ արված կտավները՝ ասելով, որ այդ դեպքում նրանցից բան չի մնա։ Նա համեմատեց Կ.Աղամյանին այն օդաչուի հետ, ով պահուստային պարաշյուտ ունի, որը չի բացվում։ Իհարկե, մեր բոլոր նկարիչները շատ վառ անհատներ են, եւ նրանց լսելն ու նրանց հետ շփվելն ուղղակի հաճույք է։ Եվ բոլորն էլ անկասկած ուզում են գնահատված լինել։ Ստեղծագործ մարդիկ, իհարկե, ներքուստ ընդունում են, որ իրենց արածի անաչառ գնահատականը տալիս է միայն ժամանակը, իսկ միավորումներն ու առավելեւս՝ միավորումների տնօրենները անցողիկ են, այսուամենայնիվ, նրանք ուզում են այսօր լավ ապրել։ Եվ բուռն կերպով ու պահի լրջությունը գիտակցելով՝ նախագահ են ընտրում։