Մեր թերթի թիվ 21-ում արդեն անդրադարձել ենք Գլխավոր դատախազության
շենքի դիմաց հացադուլի նստած Գոհար Չիլֆիկյանի պատմությանը, ով մեղադրում
էր ՀՀ գլխավոր դատախազին՝ իր բնակարանին խաբեությամբ տիրանալու մեջ: Երեկ
խմբագրություն այցելած նախկին հացադուլավորը տեղեկացրեց, որ հացադուլը,
մամուլից բացի, որեւէ այլ ուշադրության չի արժանացել: Գ. Չիլֆիկյանն իր
իրավունքները պատրաստվում է պաշտպանել Եվրոդատարանում, միայն թե այդ
գործընթացը հավանաբար չի կարողանա շուտ սկսել: «Քանի որ ես ոչ մի
փաստաթուղթ չունեմ, Կենտրոնական փոստն ինձանից ոչ նամակ է ընդունում, ոչ
հեռագիր»,- երեկ ասում էր Գ. Չիլֆիկյանը: Ուստի նախկին հացադուլավորը
հույսն առայժմ լրատվամիջոցների վրա է դնում: Երեկ նա խմբագրություն էր
բերել փոստի կողմից մերժված նամակի պատճենը՝ ուղղված ՀՀ գլխավոր
դատախազին, որտեղ մի անգամ եւս դատախազից արդարամտություն է պահանջում:
Ն.Ա.