Հայաստանցի բռնցքամարտիկ, 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, Մոսկվայի «Մեգասպորտ-Արենա» մարզապալատում ավարտված սիրողական բռնցքամարտի աշխարհի գավաթի մրցաշարում 10:9 հաշվով հաղթելով եզրափակիչում Վենեսուելայի մարզիկ Ալֆոնսո Բլանկոյին, դարձել է գավաթակիր: Այս մրցաշարի 51կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը, որը եզրափակիչում հաղթել է կուբացի Անդրիս Լաֆիտ Էռնանդեսին: Իսկ ուկրաինահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային Բորիս Հակոբովը կմասնակցի առաջիկա օրերին Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայանալիք «Big Boxing» պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային շոու-մրցաշարին: Վերջինիս մասնակցելու համար սովորաբար ընտրվում են լավ հեռանկար ունեցող մարզիկներ. այս մրցաշարը նրանց համար միջազգային փորձ ձեռք բերելու հնարավորություն է: Ի դեպ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նոր նախագահ է ընտրվել Արման Մուրադյանը` փոխարինելով ՀԲՖ նախկին նախագահ, ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանին: Ա.Մուրադյանը մոսկվահայ գործարար, «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանի որդին է, նախկինում եղել է բռնցքամարտիկ: