Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն Աբովյանում կնախապատրաստվի նոր մրցաշրջանին` անցկացնելով 10-օրյա ուսումնամարզական հավաք: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, Հայաստանի ծանրորդներն այս անգամ բավական ժամանակ ունեն նախապատրաստվելու նոր մրցաշրջանին, քանզի առաջին` ծանրամարտի Եվրոպայի պաշտոնական առաջնությունը, տեղի կունենա ապրիլին: Իսկ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն այսօր արդեն սկսել է իր ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որը կավարտվի դեկտեմբերի 28-ին: Ինչպես ասել է ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, այս հավաքով Հայաստանի ըմբիշները սկսում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Արդեն 2009 թվականի փետրվարին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներն առաջին անգամ կմասնակցեն Ֆրանսիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի գավաթի մրցաշարին, որին կմասնակցեն աշխարհի 8 առաջատար երկրների ազգային հավաքականները: