ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ սպառողների կողմից ստացվել են 199 գրավոր եւ 721 բանավոր հարցադրումներ եւ բողոքներ էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, գազամատակարարման, հեռահաղորդակցության ոլորտների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են հանձնաժողովի աշխատակազմի սպառողների հետ կապերի բաժնից, բոլոր դիմումներին եւ հեռախոսազանգերին ընթացք է տրվել: Առավել շատ գրավոր հարցադրումներ եւ բողոքներ ստացվել են հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ` 91, իսկ բանավոր` ջրամատակարարման ոլորտի` 274: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով քաղաքացիները դիմել են հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով: Գրանցվել են նաեւ բողոքներ էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման, գազիֆիկացման ու գազամատակարարման աշխատանքներն արագացնելու, ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման, խմելու ջրի մատակարարման ժամանակացույցի խախտման, ջրագծերի վթարների կապակցությամբ: