«Հայաստանում քաղբանտարկյալներ կան»

14/12/2008

«Բոլորի համար պետք է պարզ լինի, որ, հանուն Հայաստանի՝ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, նույնիսկ չպետք է լինեն դեպքեր, որոնք առիթ կտան քաղբանտարկյալներ ունենալու մասին մեղադրանքների: Պետք է իրականացվի նորմալ իրավական գործընթաց, այդ քրեական գործերը պետք է շատ արագ հանգուցալուծվեն, եւ բոլորը պետք է ազատ արձակվեն»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նման սենսացիոն հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Իսկ հայտարարությունը սենսացիոն է ոչ թե նրանով, որ Բրայզան բոլորին հայտնի ճշմարտություն է ասել. առաջին անգամ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը օգտագործել է «քաղբանտարկյալ» բառը` դառնալով նաեւ նման հայտարարություն անող առաջին արեւմտյան պաշտոնյան: «Մենք լրջորեն մտահոգված ենք Հայաստանում ձերբակալությունների կապակցությամբ: Դեռ կան բանտարկված, իմ կարծիքով, 67 ընդդիմադիր գործիչներ,- ասել է Մեթյու Բրայզան` ավելացնելով,- Մարդիկ քաղաքական բանտարկյալներ են համարում նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական մեղադրանքների համար, կամ, ինչպես կառավարությունն է պնդում`բռնությունների մղող քայլերի համար: Մեր տեսակետը հետեւյալն է. ոչ ոք չպետք է ձերբակալվի քաղաքական դրդապատճառներով»: