Իսկ ո՞վ է տվել քո հրամանը

14/12/2008

Երեկ պարզվել է այն պաշտոնյայի անունը, ով մարտի 1-ի իրադարձությունների գործած դիպուկահարին (ըստ իշխանությունների` միակ) հրահանգել է կրակել: ՀՀ Ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում հայտարարել է, որ անձամբ ինքն է հրահանգել դիպուկահարին` կրակել ցուցարարներից մեկի վրա: Այդ ցուցարարն է, ըստ իրավապահների, սպանել Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանին: Հանձնաժողովի երեկվա նիստը փակ է եղել, եւ հանձնաժողովի անդամները նիստից հետո են լրագրողներին պատմել, թե ինչ է ասել Գ.Գրիգորյանը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասել է, որ ըստ Գ. Գրիգորյանի` դիպուկահարը կրակել է միայն մեկ անգամ` օգտագործելով մեկ փամփուշտ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ իշխանությունները կամաց-կամաց խոստովանում են: Եթե հիշում եք, սկզբում նրանք հայտարարում էին, որ մարտի 1-ին ընդհանրապես հրազեն չի օգտագործվել, սակայն ընդդիմության կողմից հայտնի տեսագրությունների հրապարակումից հետո խոստովանեցին… Սկզբում հայտարարում էին, թե մարտի 1-ի օպերացիայի կոնկրետ ղեկավար չի եղել, հետո առնվազն մի քանի բարձրաստիճան ոստիկան «ստանձնեցին» օպերացիայի ղեկավարման պատասխանատվությունը… Դիպուկահարի գոյության մասին ընդհանրապես խոսք չկար, մինչեւ Հայ Ազգային կոնգրեսը չհրապարակեց Նիկոյանի հայտնի հարցազրույցը: Չպետք է կասկածել, որ եթե առաջիկայում ընդդիմությունը փաստեր ներկայացնի նաեւ մեկից ավելի դիպուկահարների գոյության մասին, ինչ-որ մեկը կհայտարարի, որ ինքն է նրան կրակելու հրաման տվել: Մի խոսքով, մարտի 1-ի հետ կապված գրեթե ամեն ինչ հայտնի է, մնում է միայն պատասխանատվության ենթարկել օրումեջ իրենց մեղավորությունը խոստովանող եւ դեռ չխոստովանած, բայց հայտնի պաշտոնյաներին: Ի դեպ, բացառված չէ, որ այսպիսիների թիվը հասնի, ասենք, 7-ի: Այնպես որ, մնում է միայն հայտնի «7-ի գործով» մեղադրվողների անունները փոխել, եւ թող Մնացական Մարտիրոսյանը դատի: Մինչեւ կկվի կանչելը: