Թափուր աթոռ, դատարկ պարտավորություն

03/07/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Չստացվեց

Անցած շաբաթ տնտեսական կյանքում ամենացնցող լուրը ՀՀ Արժեթղթերի
հանձնաժողովի մասին էր։ Տարածված կարծիքի համաձայն՝ ՀՀ Տնտեսական դատարանը
կայացած կառույց է։ Սա թերեւս դատական համակարգի այն օղակն էր, որի հանդեպ
հասարակական ոչ բացասական կարծիք էր ձեւավորվել։ Դատարանի նախագահ
Հովհաննես Մանուկյանի նոր նշանակում ստանալու պատճառով հանկարծ թափուր
մնաց Տնտեսական դատարանի նախագահի աթոռը։ Թափուր մնաց ընդամենը մի պահ,
որովհետեւ նախագահի հրամանով այդ պաշտոնում նշանակվեց Էդուարդ Մուրադյանը։
Փոխարենը, արդեն մի շաբաթ է, թափուր է նրա նախկին աթոռը՝ ՀՀ Արժեթղթերի
հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Այս կադրային դրաշարժերի արդյունքում
հասարակությունը հիշեց, որ նման հանձնաժողով կա։ Երկրի տնտեսական կյանքում
այս հանձնաժողովի ներկայությունն արձանագրվել էր մեկ էլ 2000-ին, երբ այն
ձեւավորվեց։ Առաջին նախագահ նշանակվեց «կինդեր սյուրպրիզների» կամ
«արհեստավարժների» կառավարության շրջանում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի
փոխնախարար Էդ. Մուրադյանը։ Այս պահին էլ տնտեսագիտական վերլուծություններ
կային, որ Արժեթղթերի հանձնաժողովը Հայաստանում մեռելածին կառույց է։ Զուտ
տնտեսագիտական փաստարկներից մեկն էլ այն էր, որ նախորդ շրջանում տապալվել
էին ֆոնդային աշխույժ բորսաներ ստեղծելու բոլոր փորձերը։ Փաստարկների
մյուս խումբը կարելի է դասել էթնո-տնտեսագիտական ենթախմբում։ Շատ
տնտեսագետներ բացառում էին արժեթղթերի շուկայի ձեւավորումը Հայաստանում՝
ելնելով մեր տնտեսության զարգացման ներքին տրամաբանությունից։ Խիստ
մոնոպոլիզացված տնտեսության պայմաններում, երբ կապիտալը կուտակվում է մի
քանի տասնյակ խումբ-խմբավորումների (գրուպների, կոնցեռնների, լիմիթեդների
եւ այլն) ձեռքում, արժեթղթերի շուկա չի կարող ձեւավորվել։ Գումարած նաեւ
այն, որ հայկական բիզնեսում դասական իմաստով բաժնետիրական ընկերություններ
չկան։ Սա պարզ նկատվում էր տնտեսվարողների վարքն ուսումնասիրելիս։ Բոլոր
աշխատող խոշոր ձեռնարկությունների ամենամեծ բաժնեմաս ունեցողները ձգտում
էին գնել (ի վերջո, որպես կանոն, գնում էին) մյուս՝ ավելի մանր
բաժնետերերի փայը։ Կիրառելով օրենքով թույլատրելի եւ անթույլատրելի
մեթոդներ։ Մամուլում երբեմն-երբեմն հրապարակումներ էին լինում այդ մասին։
Օրինակ կարելի է բերել «Հայ ծխախոտը», «Երեւանի շամպայն-գինիների
գործարանը»։ Տնտեսական օրենսդրությունը թույլ էր տալիս նաեւ մանր
գործարարների խաղից հանելու տարբեր մեթոդներ։ Դրանցից ամենակիրառելին
սնանկացման գործընթացն է։ Օրինակ՝ գարեջրի գործարաններից մեկը սնանկացման
գործընթացն անցնելով՝ ազատվեց տեղական ու արտերկրի բաժնետերերից։
Հետաքրքիր է, որ այդ ամբողջ ընթացքում եւ մինչեւ հիմա գործարանը չփոխեց
անգամ իր ամենահայտնի ապրանքատեսակի անունը։ Սպառողներն ու լայն
հասարակությունն այդպես էլ չիմացան, որ հայտնի օլիգարխն օրենքով
սնանկացրեց ու վերաձեւակերպեց իր ձեռնարկությունը։ Վերաձեւակերպեց արդեն
որպես 100%-անոց սեփականություն։
Տնտեսության մեջ իշխող նման բարքերի պարագայում արժեթղթերի շուկայի մասին
խոսելն ավելորդություն էր։ Եվ հասարակական կարծիք ձեւավորվեց, որ
Արժեթղթերի հանձնաժողովի ստեղծումն, ավելի շուտ, այլ նպատակ ունի։
Արեւմուտքին ցույց տալ, որ մեր երկրում կան շուկայական տնտեսությանը
սպասարկող անհրաժեշտ կառույցներ։ Հիմա երեւի դրա կարիքն էլ չկա, որովհետեւ
շատ է խոսվում Արժեթղթերի հանձնաժողովի լուծարման մասին։ Նույնիսկ
կարծիքներ կան, որ այդ հանձնաժողովի գործառույթների մի մասը փոխանցվելու է
Կենտրոնական բանկին։ Փաստարկն էլ այն է, որ նման բարձր աշխատավարձով աթոռն
այդքան երկար թափուր չէր մնա։

Հայկական սեփականաշնորհման միֆերը

Անհատույց (կամ դրա արժեքով) սեփականաշնորհման բուռն գործընթացից հետո
ապապետականացման հանվեցին երկրի ռազմավարական ոլորտները։ Հասարակությանը
մխիթարելու (կամ համոզելու) նպատակով հայտարարվեց, որ դրանք այլեւս այլ
մեթոդով են սեփականաշնորհվելու։ Նոր տերերն, ըստ սեփականաշնորհման
պայմանագրերի, պարտավորություններ էին ստանձնում։ Օրինակ՝ որքա՞ն
աշխատատեղ են պահելու, որքա՞ն աշխատավարձ են տալու եւ, ի վերջո, որքա՞ն
ներդրում են կատարելու։ Ամեն ինչ, կարծես, լավ ու ճիշտ էր մտածված։ Բայց,
ինչպես միշտ, իրականությունն այլ է՝ պակաս լավ ու պակաս ճիշտ։ Այս շաբաթ
հայտարարվեց, որ Հայաստանից հեռանում է ռուսաստանյան «Սիբիր»
ավիաընկերությունը։ Հեռանում է իր բաժնետոմսերը «Միկա լիմիթեդ»
ընկերությանը վաճառելով։ Գործարքի ֆինանսական հատվածն իսկապես առեւտրային
գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման։ (Ռուսական մամուլի տվյալներով՝
գործարքն արժե 50 մլն դոլար)։ Բայց բուն գործարքում կա մի հատված, որ
անմիջականորեն հասարակական շահ ու հետաքրքրություն է ներկայացնում։
Հետեւաբար, չի կարող առեւտրային գաղտնիք որակվել։ Ոլորտի սեփականաշնորհման
մրցույթում ռուսական «Սիբիրը» հաղթեց նաեւ այն պատճառով, որ խոստացել էր
մոտ 20 մլն դոլար ներդրում կատարել։ Դժվար է հավատալ, որ վերավաճառքի
պայմանագրում ներդրումային պարտավորությունների փաթեթը կփոխանցվի նոր
սեփականատիրոջը։ Մանավանդ որ, ըստ ռուսական մամուլի, «Սիբիր»
ավիաընկերությունն այսօր ծաղկուն վիճակում չէ, եւ այս վաճառքը, ավելի
շուտ, պարտավորություններից խուսափել է։ Ինչպես նաեւ փախուստ է այն
շուկայից, ուր անցած տարի ընկերությունը պաշտոնապես վնասով է աշխատել։ Այս
վնասի փաստն էլ պակաս արժանահավատ է, եթե հիշենք հայկական շուկայում
ավիատոմսերի բարձր գները։ Հիշենք նաեւ, որ «Սիբիրին» բացառիկ
արտոնություններ էին տրված։ (Ընդհանրապես վերջին տարիների մեր
իշխանությունները միայն բացառիկ արտոնություններ տալու գնով են օտարերկրյա
կապիտալ ներգրավում երկրի տնտեսության մեջ)։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր
նման գործարքից հետո խորանում է կասկածը, որ օտարերկրյա ներդրումները
շիրմա են։ Շիրմա են՝ կապիտալի տեղական ծագումը թաքցնելու եւ օտարերկրյա
ներդրողների համար նախատեսված արտոնություններից օգտվելու համար։
Այն, որ մեր տնտեսական կյանքում արտոնությունները հենց այնպես չեն տրվում,
հեշտ է ապացուցել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օրինակով։ Հայտնի է, որ
կառավարությունն այս ոլորտը հայտարարել է գերակա։ Սակայն տեղեկատվական
տեխնոլոգիաների ճյուղի ոչ մի ընկերություն հարկային կամ մաքսային որեւէ
արտոնություն չի ստացել։ Արտոնություններ տրվում են ուրիշ
տրամաբանությամբ. տնտեսության զարգացման հեռանկարն այստեղ որոշիչ չէ։
Անգամ փաստարկ չէ։