Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն արդեն հնարավորություն ունի ծանոթանալ «7-ի գործով» մեղադրական եզրակացության հետ: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը:
Վերջինս ասել է, որ 7 քաղբանտարկյալների պաշտպանական խումբը Թոմաս Համարբերգին ուղարկել է նամակ-տեղեկանք, որում «հիմնականում նշվում է, թե ինչ թերություններով ու խախտումներով է կազմված մեղադրական եզրակացությունը»: «Նաեւ (նամակ-տեղեկանքը) անդրադարձել է դատավոր Մարտիրոսյանի կողմից 9-օրյա ժամկետում գործի դատաքննությունը նշանակելուն»,- նշել է Ա. Խաչատրյանը: Ըստ նրա, մեղադրական եզրակացությունը ստորագրել է Գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, մինչդեռ, պաշտպանական խմբի պնդմամբ, քրեական գործում չկա «որեւէ փաստաթուղթ, որը թույլ կտար Կորյուն Փիլոյանին հաստատել մեղադրական եզրակացությունը»: Նամակի հեղինակները նաեւ նշել են, որ մեղադրական եզրակացության մեջ այդպես էլ տեղ չեն գտել այնպիսի ապացույցներ, որոնք հիմք կտային գործն ուղարկել դատարան: Խաչատրյանը նամակից մեջբերել է մեղադրական եզրակացությունում զանգվածային անկարգությունների մասնակցելու եւ ինքնաձիգով ոստիկանների ուղղությամբ (բայց դեպի օդ) կրակելու համար մեղադրվող Ֆելիքս Գեւորգյանի գործի մանրամասները: «Ֆելիքս Գեւորգյանի գործը դեռեւս դատարանում է, դեռեւս երկու-երեք նիստ է անցկացվել, բայց մեղադրական եզրակացությունում նրան մեղսագրվող արարքը արդեն համարվում է ապացուցված»,- ասել է նա` հավելելով, որ, ըստ նոր ի հայտ եկած հանգամանքների, այդ հրազենը Ֆելիքս Գեւորգյանի մոտ հայտնվել է 2008 թվականի հունիս ամսին` մարտ ամսից երկու-երեք ամիս հետո: «Եվ այդ փաստը մեղադրական եզրակացությունում ներկայացված է որպես ապացույց»: Հիշեցնենք, որ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը նոյեմբերին Երեւանում հայտարարել էր, որ հատուկ ուշադրությամբ հետեւելու է 7 կալանավորների մասով քրեական գործի հետագա ընթացքին: Այդ գործի առնչությամբ երկրի նախագահի, գլխավոր դատախազի եւ կալանավորվածների փաստաբանների հետ քննարկման արդյունքում Համարբերգի նախնական գնահատականն այն էր, որ այդ պահի դրությամբ՝ ինքը «չի հանդիպել այնպիսի ապացույցների, որոնց հիման վրա անկախ դատարանը կկարողանար այդ 7 հոգուն մեղադրել կամ դատապարտել բռնությամբ իշխանությունը յուրացնելու մեջ»: Վերջնական կարծիքը Համարբերգը հայտնելու է մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո: