Ամենավատ տեխնոլոգիան

14/12/2008

«Դրական եմ գնահատում այն առումով, որ Երեւան քաղաքը դառնում է տեղական ինքնակառավարման օղակ, Երեւանի խորհուրդ է ձեւավորվում: Դա էլ կխթանի Երեւանի մակարդակով քաղաքական ակտիվացմանը, որովհետեւ խորհուրդը դառնալու է Երեւանի պառլամենտը»,- անդրադառնալով Երեւանի մասին օրենքի նախագծին` երեկ մեր թղթակցին ասել է ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա նաեւ «նորմալ» է համարել այն հանգամանքը, որ այդ օրինագծի համաձայն՝ Երեւանի քաղաքապետին պետք է ընտրեն ոչ թե քաղաքացիները, այլ նոր ձեւավորվող ավագանու անդամները: Ա.Հարությունյանը, սակայն, «ամենավատ տեխնոլոգիան» է համարել Երեւանի քաղաքապետի ընտրության առաջարկվող մոդելի բոնուսային տարբերակը: Հիշեցնենք, որ բոնուսային տարբերակը ենթադրում է, որ համամասնական ընտրությունների դեպքում 40 տոկոս հավաքած քաղաքական ուժին մեխանիկորեն ավելացվում է բացարձակ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ մյուս 10 տոկոսը` գումարած 1 ձայն: Եվ այդ ուժի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող մարդն էլ մեխանիկորեն դառնում է քաղաքապետ: ՄԻ պաշտպանը երեկ, սակայն, կարծիք չհայտնեց կառավարության ներկայացրած մյուս աղմկոտ` «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկի մասին` ասելով, թե դեռ չի հասցրել ծանոթանալ: