Ադրբեջանի Միլի մեջլիսում ղարաբաղյան հակամարտության խնդրով հանձնաժողովի ստեղծման հարցը տարաձայնությունների պատճառ է դարձել Ադրբեջանի իշխանության եւ ընդդիմության միջեւ: «Օրենսդրության տեսանկյունից ղարաբաղյան հակամարտության լուծման համար եւ, որպեսզի այդ հիմնախնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում գտնվի, անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել»,- նախօրեին հայտարարել է «Մուսավաթ» պատգամավորական խմբի անդամ Փանահ Հուսեյնը: «Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի գլխավոր հիմնախնդիրն է, եւ 1995 թվականից ինչպես իշխանությունն, այնպես էլ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները հանդես էին գալիս խորհրդարանում այդ խնդրով զբաղվող հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ: Սակայն այդ առաջարկները տարբեր պատրվակներով չէին ընդունվում»,- ասել է նա: Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ, Անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զիաֆետ Ասքերովն էլ հայտարարել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա, «որովհետեւ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ողջ ժողովուրդը»: «Այդ հարցը չի կարող որեւէ մեկ հանձնաժողովի գործը լինել, դա ամբողջ ժողովրդի գործն է: Ուստի ես դեմ եմ երկակիությանն այդ հարցում: Նախագահ Իլհամ Ալիեւը հաջողությամբ բանակցություններ է անցկացնում, երբ կոնկրետ արդյունք լինի՝ նա իր վերաբերմունքը կհայտնի այդ հարցի նկատմամբ, եւ ժողովուրդը կիմանա այդ մասին»,- ասել է Ասքերովը: Առաջին փոխխոսնակն ասել է, որ բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների միջեւ, եւ ինքը գտնում է, որ «խորհրդարանում կարելի է քննարկումներ սկսել, եթե ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լինեն տեղաշարժեր կամ կոնկրետ արդյունքներ»: