Մարտի մեկից հետո ընդդիմությունը Երեւանի քաղաքապետարանին հանրահավաքներ անցկացնելու մասին 92 իրազեկում է ներկայացրել, սակայն դրանցից բավարարվել են միայն 3-ը: Այդ մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նա նաեւ նշեց, որ մարտի մեկից հետո հավաքներ անցկացնելու համար բազմիցս դիմել են «Կոնգրես», «Արմենիա Մարիոթ» եւ այլ հյուրանոցների, սակայն մերժում են ստացել, ուստի ՀԱԿ-ի առաջին համաժողովն անցկացնելու համար ստիպված դիմել են Կառավարությանը` Նիստերի դահլիճը տրամադրելու նպատակով: «Մենք կառավարությանը այլ ընտրություն էլ ենք առաջարկում: Եթե ոչ 19-ին, ապա 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին. շարունակե՞մ: Սա հրապարակային առաջարկ է»,- շարունակեց Լ. Զուրաբյանը: Եթե ի վերջո սա էլ չհաջողվի, այդ փաստն ընդդիմությունը կարձանագրի եւ կներկայացնի թե՛ Եվրոպայի խորհրդին, թե՛ «Ժառանգություն» կուսակցության միջոցով կբարձրացնի Ազգային ժողովում: Ինչ վերաբերում է համաժողովը Վրաստանում անցկացնելու հնարավորությանը, ապա Լ. Զուրաբյանը նշեց, որ տեխնիկական առումով խնդիրներ չկան, թեեւ դա մեծ ծախսեր կպահանջի: «Իսկ եթե խոսքը գնում է դիվանագիտական հնարավորությունների մասին, հուսով ենք` Վրաստանում ավելի դեմոկրատական մթնոլորտ է»,- հավելեց նա: «Իսկ ինչո՞ւ ձեր ասելիքը չեք ներկայացնում հանրահավաքի միջոցով» «Ազատություն» ռ/կ-ի հարցին Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ «Ազատություն» ռադիոկայանին՝ բացօթյա աշխատել»: Նաեւ ավելացրեց. «Երբ նպատակահարմար կլինի եւ հնարավոր կլինի հանրահավաքների վերսկսմամբ առավելագույն արդյունքի հասնել, ապա կսկսենք: Շատ սխալ կլինի վերսկսել հանրահավաքները այն ժամանակ, երբ դեռ քաղաքական պրոցեսը հասունացած չէ. դա կլինի դատարկ կրակոց»:
Լ. Զուրաբյանը նաեւ չհամաձայնեց այն դիտարկմանը, թե առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները սխալ են: «Դեռեւս որեւէ լուրջ իրադարձություն կամ գործընթաց, որը թույլ կտար սխալ համարել մեր կանխատեսումները, չի եղել: Մայնդորֆյան հռչակագիրը, համանախագահների ինտենսիվ այցերը, «Հանրաքվեի մասին» օրենքի ընդունումը նշաններ են, որ շատ լուրջ քաղաքական գործընթաց է ծրագրավորված եւ իրականացվում է: Բացի այդ` Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 17-ի իր ելույթում նշել էր, որ տնտեսական ճգնաժամը կարող է դանդաղեցնել պրոցեսը»,- ասաց Լ. Զուրաբյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն անցած շաբաթ հայտարարել էր, թե կողմերին ներկայացվել է հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ժամանակացույց (ըստ Ֆասիեի` մինչեւ հաջորդ տարվա կեսը): Անդրադառնալով այդ հայտարարությանը` Լ. Զուրաբյանը նշեց. «Մինչեւ հիմա ես ունեմ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության կողմից տարածած այդ ինֆորմացիան, բայց ճիշտն ասած` մի քիչ հասկանալի չէ` խոսքը գնում է սկզբունքների ճշտմա՞ն մասին, թե՞ ամբողջ պայմանագրին: Որովհետեւ դիվանագիտական աղբյուրներից մեր ունեցած ինֆորմացիան մի քիչ սրա հետ չի համընկնում»: Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչ աղբյուրների մասին է խոսքը:
Անդրադառնալով ընդդիմության ձերբակալված ակտիվիստների եւ առաջնորդների հանդեպ ներման ինստիտուտի կիրառման` «իշխանության պատրաստակամությանը», Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ դա իշխանության կողմից ստորության դրսեւորում է: «Դա խայտառակ պրոցես է, ստորություն, որով իշխանություններն իրականում ընդունում են, որ գործ ունեն քաղբանտարկյալների հետ, նաեւ փաստորեն արձանագրում են, որ պատրաստ են մարդկանց թողնել բանտերից միայն այն դեպքում, եթե այդ մարդիկ դեմ գնան իրենց քաղաքական համոզմունքներին»: Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ «7-ի գործի» դատավարությանը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղը պատասխանել. ես գնալու եմ»: