Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել է լուծարել, այսպես կոչված, Անվտանգության, պաշտպանության եւ օրինականության հարցերի ակադեմիան: Ինչպես նշում է «Lragir.am»-ը, այս կազմակերպությունը սկանդալային համբավ է ձեռք բերել` աջուձախ մեդալներ ու գեներալական կոչումներ բաժանելով: Պարգեւատրվածների մեջ են հազարավոր մարդիկ Ռուսաստանից ու ամբողջ աշխարհից: Նրանց թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրեթ Թետչերը: Հետաքրքիր է, որ այս ակադեմիայի անդամ են ԼՂՀ նախկին ու ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Ըստ ՌԴ Գլխավոր դատախազության մեղադրանքի, այդ ակադեմիան իրեն եւ իր բաժանած մեդալները ներկայացնում էր որպես պետական: Իսկ որոշ տեղեկություններով, ակադեմիայի տարեկան շրջանառությունը մոտ 1 միլիոն դոլար էր: Գործունեության սխեման հետեւյալն էր` անվճար մեդալ էր շնորհվում որեւէ հայտնի անձնավորության, իսկ «հասարակ մարդկանցից» փող էր գանձվում: Հայտնի չէ, սակայն, արդյոք Ղարաբաղի նախկին եւ ներկա նախագահները համարվել են նշանավո՞ր, թե՞ նրանցից, ասենք, Մարգրեթ Թետչերի անվան կողքին հայտնվելու համար գումար են վերցրել: ՌԴ Գլխավոր դատախազությունը զգուշացրել է, որ չեղյալ են հայտարարվելու ոչ միայն սուտ ակադեմիաները, այլեւ նրանց բաժանած մեդալներն ու կոչումները: