Ուղղակի հալածանք

14/12/2008

«Ժիրայր Սէֆիլյանը չի բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի բոլոր պահանջներին, եւ քանի որ իրավասու մարմինները` տվյալ դեպքում՝ Արտգործնախարարությունը, Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար չեն գտնում դիմողի քաղաքացիություն ստանալը, ուստի նախագահին առընթեր Քաղաքացիության հարցերի հանձնաժողովը մերժել է Ժիրայր Սէֆիլյանի դիմումը»,- այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը: Անցած նոյեմբերի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է Ժիրայր Սէֆիլյանի դիմումը Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին: Սա քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Արցախյան պատերազմի վետերանի երրորդ դիմումն էր Հայաստանի նախագահին: Նախորդ երկու դիմումները մերժել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Պետք է հիմնավորե՛ն. սա պետական գաղտնիք չէ»,- «Ազատությանն» ասել է Ժ.Սէֆիլյանը` պնդելով, որ քաղաքացիություն ստանալու իր դիմումները մերժվել են առանց որեւէ հիմքի: «Սա ուղղակի հալածանք է: Այսինքն` չենք տա քեզ, չես լսում մեզ, մենք քեզ անընդհատ ասել ենք, որ՝ խելքդ գլուխդ հավաքի, ի՞նչ գործ ունես ընդդիմության հետ եւ այլն: Չես անի, ուրեմն քեզ այսպես կպատժենք»,- նշել է Սէֆիլյանը: